Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Սեպտեմբեր

Զեյթունում պայթյունից վնասված շենքը նախատեսվում է պատշաճ տեսքի բերել մեկ ամսից

Զեյթունում պայթյունից վնասված շենքը նախատեսվում է պատշաճ տեսքի բերել մեկ 
ամսից

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Ռայնիսի փողոցի թիվ 1 հասցեում պայթյունից վնասված քառահարկ շենքի մի հատվածի ապամոնտաժման համար հայտարարվել է մրցույթ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Կարեն Հակոբյանը: Նա տեղեկացրեց, որ նախատեսում են ապամոնտաժման աշխատանքները մեկ ամսվա ընթացքում ավարտել: Վնասված հատվածն առանձնացված է, մետաղական ցանկապատ է տեղադրված, որպեսզի այդ հատվածում մարդկանց ելումուտն անվտանգ լինի: 

«Ինչպես գիտենք, պայթյունի հետևանքով 12 բնակարան է վնասվել: Մուտքն ամբողջությամբ շարքից դուրս է եկել, բնակեցման համար պիտանի չէ: Շենքի մնացած մյուս մուտքերի հետ կապված արվեց ուսումնասիրություն, եզրակացությունը դրական է, այսինքն՝ պիտանի է բնակության համար: Հիմա մրցույթ է հայտարարված, որպեսզի կիսաքանդ, խարխուլ վիճակն ամբողջությամբ մաքրվի, ապամոնտաժվի, բերվի պատշաճ տեսքի»,-ասաց Կարեն Հակոբյանը: Բնակիչները ստացել են մեկ ամսվա համար 200 հազարական դրամ, տները վարձակալվել են, նրանց կացարանի հարցը լուծվել է: Ներկայում հյուրանոցներում բնակվողներ չկան, բնակիչները վարձակալած բնակարաններում են: Ինչպե՞ս է նախատեսվում լուծել բնակարաններ կորցրած բնակիչների բնակարանային խնդիրը.

«Այդ հարցը Երևանի քաղաքապետարանի ու ՀՀ կառավարության տիրույթում է, հիմա քննարկում է գնում՝ հասկանալու, թե ինչպես կարող են աջակցել: Ավարտից հետո արդյունքների մասին կտեղեկացվի»,-ասաց վարչական շրջանի ղեկավարը: 

Ինչ վերաբերում է պայթյունից վնասվածք ստացած 71-ամյա կնոջը, ապա Կարեն Հակոբյանը տեղեկացրեց, որ ապաքինվել է և դուրս գրվել հիվանդանոցից: 

Օգոստոսի 26-ի առավոտյան Քանաքեռ-Զեյթունում՝ Ռայնիսի փողոցի թիվ 1 հասցեում, նախնական տվյալներով գազի արտահոսքից տեղի էր ունեցել պայթյուն: Քառահարկ պանելային շենքը մասնակի փլուզվել էր. վնասվել էր շքամուտքում գտնվող 12 բնակարան։  Իրենց ուժերով կամ փրկարարների օգնությամբ շենքի փլուզված հատվածից դուրս էր եկել մոտ 20 մարդ: Մեկ հոգի տեղում մահացել էր, երկու բնակիչ էլ տեղափոխվել էին հիվանդանոց, որտեղ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 41-ամյա տղամարդու կյանքը փրկել չէր հաջողվել: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել է պայթյունից տուժած բնակիչներին ապահովել ժամանակավոր կացարաններով։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) հատկանիշներով:

Աննա Գզիրյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ