1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Դեռ կխաղամ այն դերը, որը կրկին կգոհացնի հանդիսատեսին. Ռաֆայել Քոթանջյանը տոնում է տարեդարձը

Դեռ կխաղամ այն դերը, որը կրկին կգոհացնի հանդիսատեսին. Ռաֆայել Քոթանջյանը 
տոնում է տարեդարձը

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը, որին սիրում են և՛ կատակերգական, և՛ դրամատիկ, և՛ դրական, և՛ բացասական դերերի համար, սեպտեմբերի 9-ին նշում է ծննդյան 78-ամյակը:

Դերասանի կարծիքով, մեծ ձեռքբերում է այն, որ թատրոնի, կինոյի երկրպագուներն իրեն հետաքրքիր են համարել և՛ երիտասարդ տարիներին, և՛ հիմա: Այդ են վկայում նրա մասնակցությամբ ներկայացումների ընթացքում լեփ-լեցուն դահլիճներն ու այն ֆիլմերը, որոնք հեռուստաէկրանների առաջ են գամում բազմաթիվ արվեստասերների:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Քոթանջյանը խոստովանեց, որ եթե կարողանում է հետաքրքիր մնալ 60, 70, 78 տարեկանում, ուրեմն ասելիք ունի:

«Ինձ համար դա շատ կարևոր է: Մինչ համավարակի տարածումը ես միշտ եղել եմ սպասված և ընդունված: Ըստ իս՝ կորոնավիրուսի նահանջից հետո էլ, երբ հնարավոր լինի հանդիպել հանդիսատեսին, կտեսնեք մարդկանց խանդավառությունն ու սերը: Այդ ամենն առայժմ պահպանում եմ և երջանիկ եմ»,-անկեղծացավ դերասանը:

Դերասանը հաճախ է զբոսնում Երևանի փողոցներում, օգտվում հասարակական տրանսպորտից՝ նաև այդպես անմիջականորեն հաղորդակցվելով իր արվեստի երկրպագուների հետ: Նա ասում է՝ ավտոբուսներում հնարավորություն է ունենում բազմազան պատմություններ լսել: «Շատերը նվիրական խոսքեր են ասում: Եթե միայն մեքենայով երթևեկեմ, չեմ լսի այդ ամենը, իսկ ինձ համար շատ հաճելի է ժողովրդի անկեղծ, դրական վերաբերմունքն իմ հանդեպ»,- ընդգծում է Քոթանջյանը:

Դերասանը չի հերքում, որ բազմիցս այլ երկրներում ապրելու և ստեղծագործելու առաջարկներ ու հրավերներ է ստացել, սակայն մնացել է հայրենիքում և չի փոշմանել դրա համար:

Քոթանջյանի խոսքով՝ երբ տարիներ առաջ ժամանակավորապես բնակվում էր ԱՄՆ-ում և վերադառնալու որոշում էր կայացրել, իրեն միացան նաև որդին՝ երգիչ Մայքլ Քոթանջյանը, և թոռնիկները: «Նրանք կարող էին դեռ տասը տարի ապրել ԱՄՆ-ում, բայց երբ տեսան, որ հավաքում եմ ճամպրուկս, տղաս էլ նույնն արեց՝ նշելով, որ վերադառնում է ինձ հետ Հայաստան: Չնայած նա բազմաթիվ ընկերներ ունի ԱՄՆ-ում, որոնք պատրաստակամ էին նրա կողքին կանգնել և սատարել ամեն հարցում, Մայքլն ասաց, որ բացառվում է, որ ես վերադառնամ հայրենիք, իսկ ինքը մնա»,-պատմեց սիրված արտիստը՝ ընդգծելով, որ բարձր է գնահատում ընտանիքի անդամների նվիրվածությունը:

Անդրադառնալով իր թոռնիկներին՝ Քոթանջյանն ասաց, որ նրանք շատ ջերմ են և աշխատում են անել ամեն ինչ՝ անհանգստություն չպատճառելու համար: «Հիշում եմ Մհեր Մկրտչյանին: Մի օր հյուրընկալվել էի նրա տանը և նկատեցի, որ տան պատերին ինչ-որ բաներ են գրված: Հարցրի, թե ինչու է այդպես: Նա պատասխանեց, որ իր որդին նկարում է պատերին, և կարիք չկա հատուկ նկարներ կախել պատերին, քանի որ դրանք արդեն զբաղված են: Ավաղ, նա ցավով էր դա ասում, քանի որ իր որդին հիվանդ էր: Ես ամենաերջանիկ մարդկանցից եմ, որ որդիս և թոռներս առողջ են»,-շեշտեց սիրված արտիստը:

Խոսելով այն դերերի մասին, որոնք շատ կցանկանար կերտել՝ դերասանն ասաց, որ դրանք շատ են: «Կան կերպարներ, որոնց պետք է մարմնավորել 30 տարեկանում, բայց կարելի է այս կամ այն կերպարը կերտել 70 տարեկանում: Դա խնդիր չէ, որովհետև կարևոր է ոչ թե տարիքը, այլ ասելիքը: Ըստ իս՝ դեռ կլինի այն դերը կամ դերերը, որոնք կրկին կգոհացնեն հանդիսատեսին»,-եզրափակեց Ռաֆայել Քոթանջյանը:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]