Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Իրանցի գրող Ֆարիբա Վաֆիի ստեղծագործությունները թարգմանվել են հայերեն

Իրանցի գրող Ֆարիբա Վաֆիի ստեղծագործությունները թարգմանվել են հայերեն

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայերեն թարգմանությամբ լույս են տեսել Իրանի ամենից հայտնի, ինքնատիպ ու ընթերցվող գրողներից Ֆարիբա Վաֆիի ստեղծագործությունները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը հրատարակել է հեղինակի «Նույնիսկ երբ ծիծաղում ենք» պատմվածքների ժողովածուն և «Իմ թռչունը» վեպը։ Երկու գիրքն էլ պարսկերենից թարգմանել է Գևորգ Ասատրյանը։

«Նույնիսկ երբ ծիծաղում ենք» պատմվածքների ժողովածուն, որ անուն ու մեծ ճանաչում է բերել հեղինակին,  տպագրվել է 1999 թվականին և մինչև օրս չորս տասնյակից ավելի վերահրատարակություններ է ունեցել: Այն թարգմանվել է մի շարք լեզուներով: Հերոսները սովորույթների և ժամանակակից կյանքի բավիղներում հայտնված և ինքնաճանաչման ձգտող կանայք են:

«Իմ թռչունը», որ հեղինակի առաջին վեպն է, տպագրվել է 2002 թվականին և արժանացել իրանական ու միջազգային մի շարք մրցանակների: Այն 2009 թվականին թարգմանվել է անգլերեն, 2010-ին՝ իտալերեն, 2012-ին՝ գերմաներեն և 2016-ին՝ թուրքերեն: Վերնագրում հիշատակվող թռչունը հերոսուհու ուղեցույց աստղն է. նա պետք է պայքարի ու հաղթահարի իր վախերն ու տագնապները, ազատվի իր շրջապատի «ստվերներից ու ոգիներից», որպեսզի աշխարհը դարձնի այնպիսին, ինչպիսին ինքն է ցանկանում:

 «Ֆարիբա Վաֆիի ստեղծագործություններն առանձնանում են իրենց պարզ, բայց կուռ ու ամբողջական կառուցվածքով: Նա մինիմալիստական է համարվում թերևս ոչ այնքան հարուստ, սահմանափակ բառապաշարի և հիմնականում կարճ ու պարզ նախադասություններ օգտագործելու պատճառով: Պարզությունը, պատմելու հանդարտ ու զուսպ,  թեթևակի հեգնախառն ու փայլուն ոճը Վաֆիի արձակի ամենաբնորոշ կողմերից են: Եվ նա պարզ  միջոցներով, սակայն ինքնատիպ ու հիշվող փոխաբերություններով, հստակ, վառ ու պայծառ պատկերներով արտացոլում է Իրանի ժամանակակից կյանքը, բարդ ու բազմազան իրականությունը»,- նշում է Գևորգ Ասատրյանը։ 

Ֆարիբա Վաֆին ծնվել է 1963 թվականին Թավրիզ քաղաքում: Ստեղծագործել է դպրոցական նստարանից: Առաջին ժողովածուն տպագրել է 1996 թվականին՝ 33 տարեկանում: Ութ վեպի և պատմվածքների մի քանի ժողովածուների հեղինակ է: Արժանացել է իրանական և միջազգային բազմաթիվ գրական մրցանակների: Նրա գրքերի մեծ մասը թարգմանվել է աշխարհի մի շարք լեզուներով՝ անգլերեն, գերմաներն, շվեդերեն, ֆրանսերեն, ճապոներեն, նորվեգերեն, թուրքերեն և այլն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]