Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Մերսող բազկաթոռներ, պոլիգրաֆ, աուդիովիզուալ համակարգ․ ԱԻՆ հոգեբանների ջանքերը տագնապի և սթրեսի դեմ

Մերսող բազկաթոռներ, պոլիգրաֆ, աուդիովիզուալ համակարգ․ ԱԻՆ հոգեբանների 
ջանքերը տագնապի և սթրեսի դեմ

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Փրկարար լինելը ամենաբարձր կոչումն է, իսկ մարդկանց օգնելն առաջնային է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության բոլոր աշխատակիցների համար։ ԱԻՆ աշխատակցի օրվա առիթով «Արմենպրես»-ը զրուցել է նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի պետ, փոխգնդապետ Արևիկ Երիցյանի հետ։

«Իմ աշխատանքը սկսել եմ արտաքին կապերի վարչությունում որպես հրահանգիչ, այդ ընթացքում ուսումնասիրել եմ միջազգային փորձը և հասկացել, որ մեր նախարարությանը հարկավոր է հոգեբանական ծառայություն։ Դա զեկուցվել է վերադասին և համապատասխան հանձնարարականը ստանալուց հետո սկսել ենք մեր աշխատանքը։ Հիմա կարող եմ մեծ հպարտությամբ ասել, որ ունենք կայացած հոգեբանական ծառայություն»,- ասաց Երիցյանը, որը 2013 թվականից աշխատում է ԱԻՆ համակարգում։

Խոսելով ԱԻՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի գործառույթների մասին` Երիցյանը նշեց, որ բաժինը աշխատում է երեք հիմնական ուղղություններով՝ հոգեբանական և հոգեֆիզիոլոգիական հետազոտությունների անցկացում, հոգեթերապևտիկ վերականգնողական աշխատանքների իրականացում, ինչպես նաև հոգեբանական խնդիրներին արագ արձագանքում և հոգեբանական աջակցություն դեպքի վայրում։

«Առաջին ուղղությամբ՝ հոգեբանական և հոգեֆիզիոլոգիական հետազոտություններ ենք անցկացնում այն մարդկանց հետ, որոնք ցանկանում են ընդունվել մեր համակարգ։ Նմանատիպ հետազոտություններ է անցկացվում նաև գործող փրկարար ծառայողների հետ։ 

Յուրաքանչյուր հաստիք ունի իր հոգեգրաման, և անձն անցնում է համապատասխան հետազոտություն, այն վերլուծում ենք և ներկայացնում կադրերի վարչություն որպես հոգեբանական բնութագիր։

Երկրորդ ուղղությամբ՝ հոգեթերապևտիկ, վերականգնողական աշխատանքներ ենք իրականացնում ԱԻՆ ողջ անձնակազմի հետ։ 


Երրորդ ուղղությամբ՝ հոգեբանական խնդիրներին արագ արձագանքումն է և հոգեբանական աջակցությունն է դեպքի վայրում։ Մեր ծառայությունը գործում է շուրջօրյա, և հոգեբանները հերթափոխով հեռախոսային խորհրդատվություն են տրամադրում քաղաքացիներին, անհրաժետության դեպքում մեկնում են դեպքի վայր»,- նշեց Երիցյանը` հավելելով, որ իրենց բաժնում աշխատում են տասը հոգեբան։

ՓԾ հոգեբանական աջակցության բաժինն ունի բոլոր անհրաժեշտ սարքավորումները ոչ միայն փրկարար ծառայողների և քաղաքացիների հոգեկան վիճակը կայունացնելու, լարվածությունը թուլացնելու կամ ուղղակի հանգստանալու համար, այլ նաև տեղեկություն ստանալու նրանց հոգեֆիզիոլոգիական վիճակի վերաբերյալ։ Օրինակ՝ մերսող բազկաթոռները, որոնք նախատեսված են մկանային համակարգի թուլացման, լարվածության համար, պոլիգրաֆը՝ նախատեսված հետազոտվող անձի հոգեֆիզիոլոգիական վիճակի վերաբերյալ տեղեկատվության մշակման համար, աուդիովիզուալ համակարգը՝ նախատեսված անձի հոգեհուզական վիճակի վրա ազդեցության և դրա վերականգնման համար և այլն։ 

2020 թվականը ԱԻՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի համար փորձության տարի էր կապված կորոնավիրուսային համաճարակի հետ։ Փոխգնդապետի խոսքով՝ կորոնավիրուսային համաճարակը նոր երևույթ էր հոգեբանական աջակցության բաժնի համար, սակայն իրենք պատվով կարողացան հաղթահարել այդ դժվարությունները։ Նա հիշում է, որ նույնիսկ ֆիզարձակուրդում գտնվող աշխատակիցները հեռավար կարգով հոգեբանական աջակցություն էին ցուցաբերում մեկուսացված քաղաքացիներին։ 

«Երբ կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվեց, մեր նախարարը շտապ խորհրդակցություն հրավիրեց և հանձնարարեց, որպեսզի բոլոր զանգերին օպերատիվորեն արձագանքենք՝ երկրում խուճապային իրավիճակը կանխելու նպատակով։ Մենք առաջին իսկ օրվանից փորձեցինք օգնել մեր բնակիչներին»,- պատմեց Երիցյանը, նշելով, որ մարտից սկսած մինչև այսօր ունեցել են 2386 զանգ կորոնավիրուսի հետ կապված։

Ըստ հոգեբանական աջակցության բաժնի պետի՝ սկզբնական շրջանում քաղաքացիների մոտ տագնապային վիճակ էր, որը փորձում էին ամեն կերպ մեղմել հոգեբանները։ 

«Օրինակ՝ մարդիկ լսում էին, որ հարևանի մոտ կորոնավիրուս է հաստատվել, հարցնում էին, թե իրենց մոտ ի՞նչ կարող է լինել, ջերմություն էին ունենում նույնպես տագնապ էր առաջանում և փորձում էին հասկանալ, թե այդ դեպքում ինչ անել։ Մենք այդ զանգերին օպերատիվորեն արձագանքում էինք, հոգեբանական խորհրդատվություն տրամադրում։ Այդ ընթացքում նաև աշխատել ենք տեսակապի միջոցով, նաև ԱԻՆ անձնակազմին են հոգեբանական աջակցություն ցուցաբերել՝ աշխատելով փրկարարների, նրանց ընտանիքների անդամների, վետերանների հետ»,- ասաց Երիցյանը։
Ըստ փոխգնդապետի՝ օրեր են եղել, որ կորոնովիրուսի հետ կապված ունեցել են մինչև հարյուր զանգ, սակայն ներկայում նմանատիպ զանգերը շեշտակիորեն նվազել են։

Կորոնավիրուսային համաճարակի ընթացքում ակտիվ աշխատաքներ իրականացնելու համար վերջերս Երիցյանը վաղաժամկետ ստացել է փոխգնդապետի կոչում։ Երիցյանը նշում է, որ յուրաքանչյուր սպայի համար խրախուսման արժանանալը շատ հաճելի է, սակայն պատասխանատվության զգացումը էլ ավելի է մեծանում։

ՀՀ կառավարության որոշմամբ 1997 թ. սեպտեմբերի 4-ին ստեղծվել է արագ արձագանքման փրկարարական ջոկատը, որի գլխավոր խնդիրներն էին աղետի գոտում փրկարարական աշխատանքների իրականացումը, արտակարգ պատահարների դեպքում բնակչությանը հնարավոր սեղմ ժամկետում համապատասխան մասնագիտական օգնության ցուցաբերումը, ինչպես նաև՝ աղետների և վթարների դեպքում վերականգնողական աշխատանքների կատարումը: Այդպիսով սեպտեմբերի 4-ը նշվում է՝ որպես ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի օր:  

Կարեն Խաչատրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]