Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ցույց կտանք, որ Արցախը համապատասխանում է միջազգային ճանաչման չափանիշներին. ՀՀ-ում ԱՀ ներկայացուցիչ

Ցույց կտանք, որ Արցախը համապատասխանում է միջազգային ճանաչման չափանիշներին. ՀՀ-ում ԱՀ ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Արմենպրես» գործակալությունը պաշտոնամուտի կապակցությամբ զրուցել է Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի հետ:

Սերգեյ Ղազարյանն ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը, աշխատել է Արցախի Հանրապետության ԱԳՆ կենտրոնական ապարատում և արտասահմանում ԱՀ մշտական ներկայացուցչությունում, ընտրվել է Արցախի Հանրապետության 5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:

- Պարոն Ղազարյան, հուլիսի 29-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Դուք նշանակվել եք Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ: Ինչպե՞ս ընդունեցիք Ձեր նշանակումը: 

- Արցախի յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ տարիքից, սեռից և մասնագիտությունից, պատրաստ է իր գիտելիքների, փորձի և կոմպետենտության չափով ծառայել ի շահ ժողովրդի և պետության: ՀՀ-ում ԱՀ ՄՆ պաշտոնում նշանակումս ընդունել եմ մեծ պատասխանատվությամբ և Արցախի Հանրապետությանը ծառայելու պատրաստակամությամբ:  

- Որո՞նք են լինելու Ձեր գործունեության առաջնահերթությունները: Ի՞նչ նորություններ եք մտցնելու մշտական ներկայացուցչի աշխատանքում: Եվ ընդհանրապես հետաքրքրիր է իմանալ դե-յուրե չճանաչված հանրապետության ներկայացուցչի գործունեության առանձնահատկությունների մասին: 

- Խոսելով մեր ներկայացուցչության առաջնահերթությունների մասին` կցանկանայի նախ և առաջ նշել երկու հայկական պետությունների միջև ինտեգրացիոն գործընթացների խորացումը՝ առաջնորդվելով Արցախի Հանրապետության Նախագահի 2020-2025 թթ. ծրագրով և մեր ընդհանուր ապագայի վերաբերյալ այն ըմբռնումով, որը հաստատուն կերպով ամրապնդվել է ինչպես հանրային գիտակցության մեջ, այնպես էլ՝ իշխանությունների տեսլականում։

Մեր գործունեության կարևոր ուղղություններից է բարեկամական հարաբերությունների հաստատումն ու ամրապնդումը  Հայաստանի Հանրապետությունում ներկայացված  արտասահմանյան պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ: Ներկայացուցչության կարևոր գործառույթներից մեկն այն է, որ մենք պետք է հավուր պատշաճի ներկայացնենք Արցախի Հանրապետությունը ոչ միայն Հայաստանում, այլ նաև այստեղ գործող տարբեր կազմակերպությունների միջոցով տեղեկություն հասցնենք Արցախի մասին ամբողջ աշխարհին: Օրինակ` Հայաստան այցելող շատ գործարարներ  Արցախի հետ տնտեսական կապեր հաստատելու կամ մեր երկիր այցելելու  որոշում այստեղ են կայացնում:

Ինչ վերաբերում է չճանաչված հանրապետության ներկայացուցչի աշխատանքի առանձնահատկություններին, ուզում եմ վստահեցնել Ձեզ, որ մենք կներդնենք առավելագույն ջանքեր և գործնականում կփորձենք ցույց տալ, որ դե ֆակտո գոյություն ունեցող Արցախի Հանրապետությունը միջազգային ճանաչման համար համապատասխանում է բոլոր անհրաժեշտ չափանիշներին:

- Ինչպե՞ս եք գնահատում Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության իշխանությունների միջև պաշտոնական փոխհարաբերությունների մակարդակը:

- Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության իշխանությունների միջև պաշտոնական հարաբերություններն ամենաբարձր մակարդակի վրա են և հիմնված են ոչ միայն վստահության և փոխըմբռնման, այլ նաև երկու հայկական պետությունների ընդհանուր ապագայի վերաբերյալ տեսլականի վրա։ Այս կապակցությամբ կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը միասնական հայրենիքի երկու բաղկացուցիչներ են։

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը: Դրա հետ մեկտեղ Արցախի ժողովուրդն իր հերթին կանգնած է Հայաստանի հայրենակիցների կողքին: ՀՀ հետ մենք գտնվում ենք անվտանգության միասնական համակարգում, սերտ ինտեգրված ենք ֆինանսա-տնտեսական և իրավական ոլորտներում:

- Այս պահի դրությամբ ինչքանո՞վ է արդիական Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչման հարցը: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ուղղությամբ: 

- Առաջին հերթին կցանկանայի ընդգծել, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն ինքնանպատակ չէ, այլ Արցախի անվտանգության ամրապնդման և նրա քաղաքացիների խաղաղ զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու միջոց։ Ահա թե ինչու մենք շեշտը դնում ենք հենց ամբողջ միջազգային հանրության կողմից ճանաչման վրա՝ որպես տարածաշրջանում խաղաղության ապահովման լրացուցիչ քաղաքական և դիվանագիտական միջոց։ Արցախի միջազգային ճանաչմանը միտված գործունեությունը փոխկապակցված քայլերի ամբողջություն է և իրականացվում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից։ Եվ այսօր՝ սեպտեմբերի 2-ի՝ Արցախի Հանրապետության հռչակման օրվա կապակցությամբ կցանկանայի շնորհավորել մեր բոլոր համերկրացիներին և ցանկանալ մեր ժողովրդին ու պետությանը բարեկեցություն, խաղաղ երկինք և բարգավաճում:

Միևնույն ժամանակ Հայաստանի դեմ Տավուշի մարզի ուղղությամբ Ադրբեջանի վերջերս ձեռնարկած ագրեսիան ցույց է տվել անվտանգության բնագավառում երկու հայկական պետությունների համագործակցությանը նոր ազդակ հաղորդելու արդիականությունը, ինչը հաստատվել է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից։ Այս համատեքստում մենք մեծ նշանակություն ենք տալիս տվյալ ոլորտում համագործակցության իրավական հիմքերի զարգացմանը՝ հաշվի առնելով երկու կողմերի առջև ծառացած անվտանգային ընդհանուր մարտահրավերները։

- Արցախը հանդիսանում է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության կարևոր օղակը: Ի՞նչ եք մտադիր ձեռնարկել ռազմավարական կարևոր այդ միասնության հետագա ամրապնդման համար: 

- Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը հանդիսանում է հայ ժողովրդի և միասնական հայկական պետականության գոյության դե ֆակտո ձևավորված համակարգ: Մեր ապագան կախված է այդ համակարգի առանձին բաղադրիչների և նրանց համակցության արդյունավետ գործունեությունից: Բոլորս լավ ենք հիշում և 1988 թ.-ի երկրաշարժը, և ղարաբաղյան շարժման սկիզբը, և 1991-1994 թ.թ պատերազմը, և 2016 թ.-ի ապրիլյան պատերազմը, Տավուշում վերջերս տեղի ունեցած իրադարձությունները, Բեյրութի ողբերգական դեպքը: Այս բոլոր դեպքերում մենք միասին ենք եղել և շնորհիվ այդ միասնականությանը կարողացել ենք դուրս գալ ամենաբարդ և ծանր իրավիճակներից: Հայկական աշխարհի միասնականության մեջ է հենց թաքնված մեր հետագա ձեռքբերումների և հաղթանակների գրավականը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]