Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հոկտեմբեր

Ադրբեջանը դառնում է Էրդողանի տարածաշրջանային ագրեսիվ հավակնությունների պատանդը․ թուրքագետ

Ադրբեջանը դառնում է Էրդողանի տարածաշրջանային ագրեսիվ հավակնությունների 
պատանդը․ թուրքագետ

ԱՅԳԵՊԱՐ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիան Ադրբեջանին աջակցություն է հայտնում միայն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կամ հայկական թեմայի շուրջ, այն դեպքում երբ Ադրբեջանը պարտավոր է Թուրքիային աջակցել տասնյակ խնդիրների շուրջ, որպեսզի նաև ապացուցի «մեկ ազգ՝ երկու պետություն» թեզը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Տավուշի մարզի Այգեպար համայնքում անցկացվող «Հարափոփոխ տարածաշրջան, հայաստանյան առաջնահերթություններ. հայացք սահմանից» խորագրով համաժողովի ժամանակ նշեց թուրքագետ Հայկ Գաբրիելյանը։

Թուրքագետի կարծիքով՝ Թուրքիան միշտ իր աջակցությունն Ադրբեջանին հայտնում է դրա դիմաց ստանալով որոշակի զիջումներ, ընդ որում՝ ամեն հայ-ադրբեջանական սահմանային սրացումներից հետո։

«Եվ հիմա Թուրքիան Ադրբեջանից պահանջել է գնել ավելի շատ զենք, մասնավորապես՝ թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքեր, որը հիմնականում Ադրբեջանը գնում էր Իսրայելից։

Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, որ շուտով Թուրքիան է դառնալու Ադրբեջանի թիվ մեկ դաշնակիցը ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում, ես կապում եմ Թուրքիայի կողմից առաջ քաշած «մեկ ազգ՝ երկու պետություն» թեզի հետ, որ Ադրբեջանը ամեն հարցում պետք է փորձի ապացուցել»,- ասաց թուրքագետը։

Համաժողովի ընթացքում հնչում են «Գլոբալ տեղաշարժեր. տարածաշրջանային վերադասավորումներ»  և «Ղարաբաղյան հակամարտություն, Հայաստանի տարածաշրջանային նոր դերը» խորագրերի ներքո զեկույցներ։ Հանդես են գալիս քաղաքագետներ, արևելագետներ Հայաստանից և Արցախից։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ