Փորձագետները ԵՏՀ կազմում հասարակական կարծիքի ուսումնասիրության կենտրոնի անհրաժեշտություն են տեսնում
ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական փորձագիտական ակումբի անդամները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կազմում հասարակական կարծիքի ուսումնասիրության կենտրոնի առկայության անհրաժեշտություն են տեսնում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսի ընթացքում այս մասին ասաց փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը:
«Մենք կարևոր ենք համարում, որ Եվրասիական տնտեսական միության բարձրագույն մարմինները քննարկեն և մի որոշում ընդունեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կազմում հասարակական կարծիքի ուսումնասիրության կենտրոն ստեղծելու: Կենտրոնն անդամ երկրներում տարեկան առնվազն երկու անգամ կանցկացներ հասարակական կարծիքի ուսումնասիրություն՝ պարզելու համար այն ֆոնը, մթնոլորտը, որի մեջ ընթանում է եվրասիական տնտեսական ինտեգրումը»,- ասաց Սաֆարյանը:
Արամ Սաֆարյանը նշեց, որ այդ տրամադրությունների ուսումնասիրությունը կարող է մեծապես օգտակար լինել քաղաքական որոշումներ ընդունելու հարցում:
Նորայր Շողիկյան
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում