Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Փաշինյանն Ազգային հերոս, կապիտան Ռուբեն Սանամյանին հանձնեց Հայրենիքի շքանշանը

Փաշինյանն Ազգային հերոս, կապիտան Ռուբեն Սանամյանին հանձնեց Հայրենիքի 
շքանշանը

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային հերոս, կապիտան Ռուբեն Սանամյանին հանձնեց Հայրենիքի շքանշանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պարգևատրման արարողությունը տեղի ունեցավ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում:

Միջոցառման ընթացքում Տավուշյան հաղթական մարտերի ակտիվ դերակատարներից 16 զինծառայողներ պարգևատրվեցին «Մարտական խաչ» առաջին աստիճանի, 55 զինծառայողներ՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով։ Նրանց մի մասը պարգևները ստացան անձամբ, մյուսները ներկա չգտնվեցին միջոցառմանը, քանի որ ներկա պահին էլ իրականացնում են իրենց ծառայությունը:

ՀՀ նախագահի օգոստոսի 18-ի հրամանագրով կապիտան Ռուբեն Սանամյանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով՝ արժանանալով Հայաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչմանը:

Կապիտան Ռ.Սանամյանը, որպես սպա և հրամանատար, հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերել է բացառիկ արիություն, անձնուրացություն և խիզախություն։ Կապիտան Սանամյանը հմտորեն ղեկավարել է հատուկ հետախուզական միջոցառումներ իրականացնող խմբի անձնակազմը՝ անձնական օրինակով քաջալերելով զինծառայողներին, առաջադրելով անհատական խնդիրներ, կազմակերպելով «ԱՆՎԱԽ» մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի բազմակի գրոհների կասեցումը, նրա կենդանի ուժին, սպառազինությանն ու ռազմական տեխնիկային հասցնելով զգալի կորուստներ:

Չխնայելով սեփական կյանքը, Սանամյանը խմբի մարտիկների հետ միասին դիրքի մատույցներում իրականացրել է բարդ ու վտանգավոր ինժեներական աշխատանքներ, հետախուզմամբ հայթայթել արժեքավոր փաստաթղթեր, զենք, զինամթերք, մի շարք տեխնիկական միջոցներ և այլ տվյալներ: Որպես հրամանատար՝ կապիտան Սանամյանը ճշգրիտ է վերլուծել հակառակորդի գործողությունները, գնահատել իրադրությունը, նախորոշել հնարավոր զարգացումները և դիրքի անձնակազմի հետ համատեղ ջանքերով անառիկ պահել «Անվախ» մարտական դիրքը:

Ռուբեն Ռազմիկի Սանամյանը ծնվել է 1976թ. սեպտեմբերի 22-ին, Տավուշի մարզի ք. Դիլիջանում: 1995-1997թթ. անցել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն ՊԲ առաջնագծի զորամասերից մեկում: 2006թ. անցել է պայմանագրային զինվորական ծառայության: Ամուսնացած է. ունի երկու երեխա: 2012 թ-ին Ռ Սանամյանը պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներ կրելով, ետ շպրտվել: Ավելի ուշ ադրբեջանական կողմը վերսկսել էր հրետակոծությունը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ: Հուլիսի 21-ին, ժամը 22:30-ին «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը: Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am