Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մանուչարյանը մասնակցում է ԲԿՄԱ-ի մարզչական աշխատանքներին  

Մանուչարյանը մասնակցում է ԲԿՄԱ-ի մարզչական աշխատանքներին

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին հարձակվող Էդգար Մանուչարյանը մասնակցում է ԲԿՄԱ-ի մարզչական աշխատանքներին, սակայն ակումբի հետ առայժմ պայմանագիր չունի:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ԲԿՄԱ-ի ֆուտբոլային ակումբի տնօրեն Գագիկ Աղբալյանը: Վերջինիս խոսքով` ԲԿՄԱ-ի մարզիչ Ռաֆայել Նազարյանը հնարավորություն է ընձեռում երիտասարդ և սկսած ֆուտբոլիստներին փորձ հավաքել: «Նազարյանի մարզչական շտաբում պաշտոնապես ընդգրկվել են Գևորգ Պողոսյանը և Վահագն Մինասյանը: Մանուչարյանը մասնակցում է մարզչական աշխատանքին, սակայն պաշտոնապես թիմի անդամ չէ»,- շեշտեց Աղբալյանը:

Էդգար Մանուչարյանը ծնվել է 1987 թվականի հունվարի 19-ին, Երևանում։ Արդեն 15 տարեկանում հանդես էր գալիս Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականում, իսկ 2002-2004 թթ. «Փյունիկի» կազմում 3 անգամ դարձավ Հայաստանի առաջնության հաղթող։ 2004 թ. 22 խաղում խփելով 21 գոլ՝ Էդգարը դառնում է Հայաստանի առաջնության գլխավոր ռմբարկու։ Երիտասարդ տաղանդավոր ֆուտբոլիստով սկսում է հետաքրքրվել «Այաքսը»։  2004 թ. դեկտեմբերին Մանուչարյանը մեկնում է «Այաքս» ՝ փորձաշրջան անցնելու, սակայն վնասվածքի պատճառով տեղափոխությունը կայացավ միայն ամռանը։  Սեպտեմբերի 18-ին «Այաքսի» կազմում Էդգարը իր նորամուտն է նշում Նիդերլանդների առաջնությունում: 2005/2006 մրցաշրջանում Էդգարը մասնակցում է առաջնության 4 խաղերի, ինչպես նաև դառնում է Նիդերլանդների գավաթակիր։

2010 թ. Մանուչարյանը խզում է «Այաքսի» հետ մինչև 2011 թ. նախատեսված պայմանագիրը և ազատ խաղացողի կարգավիճակով միանում է «Փյունիկին»։ 2011 թ. ամռանը նա տեղափոխվում է Ռուսաստանի առաջնության 1-ին խմբում հանդես եկող «Ուրալ» ակումբ։ Այնուհետև հանդես է եկել «Ալաշկերտում» և «Փյունիկում»:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am