Մյունխենի «Բավարիան» Չեմպիոնների լիգայի հաղթող
ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնն ընդունեց ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 2019/20 մրցաշրջանի եզրափակիչը, որտեղ միմյանց հետ մրցեցին ֆրանսիական ՊՍԺ-ն և գերմանական «Բավարիան»:
«Արմենպրեսի» հաղորդմամբ` առաջին կեսում առավել սուր էր «Բավարիայի» խաղը, որը շեշտը դնում էր հակագրոհների վրա: Թիմերն առաջին կեսի վերջնամասում փոխադարձաբար կազմակերպեցին արագ գրոհներ, սակայն ընդմիջման գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով:
Երկրորդ կեսում առավել շատ գրոհում էր ՊՍԺ-ն, սակայն գործեց ֆուտբոլի չգրված օրենքներից մեկը` չես խփում դու, խփում ենք քեզ: «Բավարիան» 59-րդ րոպեին օգտագործեց հնարավորությունը և բացեց հաշիվը: Աչքի ընկավ Կոմանը: Հետագայում փարիզյան ակումբին այդպես էլ չհաջողվեց հետ բերել կորցրածը և գերմանական թիմը հաղթեց 1:0 նվազագույն հաշվով:
Գերմանիայի չեմպիոն և գավաթակիր «Բավարիան» վերջին անգամ Չեմպիոնների լիգայում հաղթել էր 2013 թվականին, իսկ ընդհանուր առմամբ մյունխենյան ակումբը այս մրցաշարում հաղթել է 5 անգամ:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում