Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Սեպտեմբեր

Ալավերդցիները փակել էին M6 միջպետական ճանապարհը. պատասխանատուները ծանոթացել են նրանց պահանջներին

Ալավերդցիները փակել էին M6 միջպետական ճանապարհը. պատասխանատուները 
ծանոթացել են նրանց պահանջներին

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալավերդու Էնգելս թաղամասի հատվածում քաղաքացիները փակել էին M6 միջպետական ճանապարհը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը, հանդիպել և ծանոթացել է քաղաքացիների պահանջներին:

«Քաղաքացիները ցանկանում էին ժամկետ իմանալ հիմնանորոգման փուլում գտնվող M6 միջպետական ճանապարհի Ալավերդու հատվածի ասֆալտապատման վերաբերյալ։ Մյուս պահանջը ջրցան մեքենաների կանոնավոր աշխատանքն էր, քանի որ բարձրացող փոշին անհարմարություն է պատճառում բնակիչներին։ Նախարար Սուրեն Պապիկյանի հետ խոսելուց հետո Էնգելս թաղամասում հանդիպեցի քաղաքացիներին։ Ասֆալտապատման մասով նշել եմ հստակ ժամկետ, ջրցան մեքենաների ինտենսիվ աշխատանքի մասով կտրվի համապատասխան հանձնարարական»,- գրել է Մկրտչյանը:

Պատգամավորը նշել է, որ այժմ միջպետական ճանապարհը բաց է։

«Սիրելի ընկերներ, ժողովուրդ ջան, նախարարի հետ միասին կանենք հնարավորը խնդիրը սեղմ ժամկետում հիմնովին լուծելու համար»,- նշել է պատգամավորը:

M6` Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհն սկսվում է Վանաձոր քաղաքից, անցնում է ՀՀ Լոռու և Տավուշի մարզերի 33 համայնքներով ու հասնում Բագրատաշենի սահմանակետ: 90 կմ ընդհանուր երկարությամբ միջպետական ճանապարհի վերակառուցման աշխատանքների առաջին փուլը ավարտվել է 2018թ դեկտեմբերի 24-ին։ Այն ընդգրկել է Վանաձոր-Թումանյան (38,45կմ) հատվածը: Այժմ հիմնանորոգվում է Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ հատվածը՝ Ասիական զարգացման բանկի (44.04 մլն եվրո) և ՀՀ կառավարության (1014 մլն եվրո) համաֆինանսավորմամբ: M6 ճանապարհը հիմնանորոգվում է ասֆալտբետոնե ծածկով։ Հիմնանորոգումը նոր կորոնավիրուսային վարակով պայմանավորված կարճատև դադարից հետո ամբողջ ծավալով ընթացքի մեջ է։ Իրականացվում են կոյուղագծերի և ջրագծերի տեղադրում‚ մայթերի և ջրահեռացման վաքերի կառուցման‚ հողային‚ ասֆալտապատման նախապատրաստական‚ հենապատի կառուցման‚ ժայռապայթեցման, ճանապարհի լայնացման, և բազմաթիվ այլ աշխատանքներ։ Որոշ հատվածներում կատարվում է ասֆալտապատում:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ