Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Սեպտեմբեր

Ռոմանոս Պետրոսյանը հանդիպել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար կազմին

Ռոմանոս Պետրոսյանը հանդիպել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի 
կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար կազմին

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով եղել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում և հանդիպել է ղեկավար կազմի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Պետրոսյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Հանդիպում և առարկայական քննարկում ծավալվեց ՊՈԱԿ-ի ղեկավար կազմի և ստորաբաժանումների ղեկավարների հետ։ Ծանոթացա կենտրոնի գործունեությանը և առկա խնդիրներին։ Արձանագրեցինք, որ կան բազմաթիվ կուտակված խնդիրներ՝ սկսած շենքային պայմանների բարելավումից, կառավարման մշակույթի փոփոխությունից մինչև օգտավետ մասնագիտական գործունեությունն ավելի արդյունավետ իրականացնելու համար տեխնիկական վերազինման, կադրերի վերապատրաստման, նորարական գործիքակազմի ներմուծման անհրաժեշտություն»,- նշել է Պետրոսյանը:

Նրա խոսքով` քննարկվել են ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ համատեղ ծրագրերի մշակման և իրականացման հեռանկարները։ Խոսելով կադրային քաղաքականությունից՝ ՇՄ նախարարը ևս մեկ անգամ վստահեցրել է, որ հետհեղափոխական իրականության մեջ որևէ թափուր պաշտոնի մրցույթ կոնկրետ անձի համար չի հայտարարվում և, որ բոլոր թափուր հաստիքները պետք է զբաղեցնեն կոմպետենտ, բանիմաց ու գրագետ մասնագետներ, իսկ ստորին օղակի լավագույն մասնագետներն առաջխաղացման ու ինքնադրսևորման հնարավորություն ստանան։

«Շրջակա միջավայրի նախարարության ենթակայությամբ գործող կառույցների գործունեության հիմքում պետք է լինի բացառապես Հայաստանի Հանրապետության շահը և տվյալ կառույցի դերի ու քաղաքական կշռի բարձրացումը պետական կառավարման համակարգում։ Դա հնարավոր է միայն ոլորտի ճիշտ կառավարման, վճռական որոշումների կայացման ու շրջադարձային գործելաոճի արդյունքում»,- գրել է Պետրոսյանը:

Նա հորդորել է ՊՈԱԿ-ի աշխատակազմին հստակ ձևակերպել խնդիրները, գույքագրել, ըստ առաջնահերթության տեսակավորել և ինստիտուցիոնալ ու աշխատանքային անձնական խողովակներով վեր հանել դրանք։ Կարճաժամկետ տեսանելի ապագայում նախարարը նպատակ ունի տաբեր խնդիրների լուծմանը զուգահեռ ՊՈԱԿ-ի կայուն զարգացման համար նախադրյալներ ապահովել։ Նրա պնդմամբ` շրջակա միջավայրի բոլոր ենթաոլորտներում օր առաջ պետք է խորքային բարեփոխումների գործընթացներ մեկնարկեն։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ