Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Սեպտեմբեր

Հայկ Գևորգյանը երաժշտասերներին է ներկայացրել «Սիրող սրտեր» երգի հոլովակի թրեյլերը

Հայկ Գևորգյանը երաժշտասերներին է ներկայացրել «Սիրող սրտեր» երգի հոլովակի 
թրեյլերը

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երգիչ, երաժիշտ Հայկ Գևորգյանը, որը պարբերաբար մասնակցում է երաժշտական փառատոնների, հանդես գալիս համերգային ծրագրերում, հանրության դատին է հանձնելու «Սիրող սրտեր» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը: Հոլովակի թրեյլերն արդեն համացանցում է, իսկ ամբողջական տարբերակը հասանելի կլինի օգոստոսի 21-ին:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում երգիչն ասաց, որ երգի խոսքերի և երաժշտության հեղինակը Գարեգին Ամյանն է, իսկ  տեսահոլավակի նկարահանման գործում իրեն աջակցել են ընկերները: «Շատ եմ կարևորում թիմային աշխատանքը: Շնորհակալ եմ ընկերներիս, հարազատներիս, որոնք սատարել են ինձ, շնորհակալ եմ հոլովակի ռեժիսոր Գևորգ Թովմասյանին,  նկարահանման ամբողջ խմբին, որոնց շնորհիվ հոլովակը կայացել է»,-ասաց նա ու հավելեց, որ մշտապես աշխատել և կատարելագործվել է պետք, բայց, որպես առաջին տեսահոլովակ, կարծում է՝ այն կայացել է:

Երգիչը խոստովանեց, որ հոլովակը նկարահանել են ամիսներ առաջ, սակայն համավարակի տարածման պատճառով չեն հրապարակել:

Հայկ Գևորգյանը, որն ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան պետական քոլեջի վոկալ-էստրադային բաժինը, սովորել է Մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում որպես փողային-էստրադային նվագախմբի ղեկավար, հանգամանքների բերումով աշխատել է տարբեր բնագավառներում, սակայն երգարվեստն իր համար մեծ նշանակություն ունի, և հիմա պատրաստ է ընդունելու մարտահրավերները:

«Սիրող սրտերն» իմ երկրորդ երգն է և առաջին տեսահոլովակը: Մասնակցել եմ տարբեր փառատոնների, համերգային ծրագրերի: Վերոնշյալ հոլովակից հետո արդեն նախաձեռնել եմ երկրորդ հոլովակը, որին առնչվող փակագծերը դեռ չեմ ցանկանում բացել: Նախատեսվում են նաև համերգային ծրագրեր»,- շեշտեց Հայկը:

Նա երգարվեստն իր կյանքն է համարում և մեծ սպասելիքներ ունի ապագայից: Կարծում է՝ երգարվեստը հրաշալի ոլորտ է, որտեղ մեծ է մրցակցությունը, բայց յուրաքանչյուր երգիչ կամ երգչուհի կարող է կայանալ, եթե ունենա անհատականություն, տեսակ, ոճ և յուրահատկություն: Ըստ Գևորգյանի՝ այդպես երգիչը կարող է ունենալ իր լսարանն ու պահել այն: «Ես տարիների ընթացքում փորձել եմ իմ ոճը ստեղծել: Հուսամ՝ այն դուր կգա հանդիսատեսին»,- եզրափակեց նա:

Անժելա Համբարձումյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ