Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Երևանյան բեսթսելեր». աղյուսակում միանգամից մի քանի նոր գիրք է ներառվել․ թարգմանական, հուլիս, 2020

«Երևանյան բեսթսելեր». աղյուսակում միանգամից մի քանի նոր գիրք է ներառվել․ 
թարգմանական, հուլիս, 2020
ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը ներկայացվում է հուլիսի վաճառքների հիման վրա:

Առաջին հորիզոնականը զբաղեցնում է Աբբա Պրևոյի «Մանոն Լեսկոն»: Պրևոն իր հանրահայտ վեպում ֆրանսիական 18-րդ դարի առաջին կեսի կյանքի ֆոնի վրա նկարագրում է Մանոն Լեսկոյի և ասպետ դե Գրիյոյի սիրո պատմությունը, որը երիտասարդ անհատի սիրո ուժի, նրա բորբոքուն կրքերի, մարդկային խորը զգացմունքների պատմություն է: Թարգմանությունը՝ Վ. Գիլանյանի:

Երկրորդ հորիզոնականում է Ուիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգությունը»։ Վեպի գործողությունները տեղի են ունենում ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի մտացածին Իթաքա քաղաքում, որը Սարոյանի հարազատ Ֆրեզնոն է, Երկրորդ համաշխարհային պատերազմի շրջանում։ Հոմեր Մակաուլեյը 14-ամյա տղա է, որը մեծանում է անհայր ընտանիքում։ Հոմերի ավագ եղբայրը՝ Մարկուսը, հեռացել է տնից պատերազմում կռվելու համար, և Հոմերը զգում է տան տղամարդու դերը ստանձնելու անհրաժեշտությունը։ Դրամ վաստակելու նպատակով տղան աշխատանքի է անցնում փոստում՝ հեռագրային գրասենյակում, որտեղ ժամանակ առ ժամանակ ստիպված է լինում զինվորների մահվան մասին հեռագրեր հասցնել սպանվածի հարազատներին։ Թարգմանեց Նունե Թորոսյանը։

Երրորդ տեղում է Ուիլյամ Սարոյանի «Մայրիկ, ես սիրում եմ քեզ» գիրքը: Այս գործն իննամյա աղջկա անխաթար հայացքով է ներկայացնում կյանքը, ընտանեկան հարաբերությունները և թատրոնի աշխարհը, որտեղ նա հայտնվում է դերասանուհի մոր մասնագիտության բերումով: Սրտառուչ քնարականության և կենսուրախ հումորի զուտ սարոյանական շաղախն անկրկնելի հմայք է տալիս ցանկացած տարիքի ընթերցողին ջերմացնելու ընդունակ այս լուսե, ներդաշնակ և հաճելի գրքին: Թարգմանել է Զավեն Բոյաջյանը:

Ուիլյամ Սարոյանի «Իմ անուշ փոքրիկ» գիրքը չորրորդ տեղում է։ Սարոյանական այս հատընտիրը, որ ստացել է մեծ գրողի պատմվածքների գրքերից մեկի վերնագիրը, ծաղկաքաղ է 1930-1950 թվականների բուռն ստեղծագործական շրջանում նրա լույս ընծայած մի շարք ժողովածուներից: Ընդգրկված գործերում լավագույնս են դրսևորվել Սարոյանի՝ փոքր արձակի ականավոր վարպետներից մեկի անշփոթելի ինքնությունն ու յուրօրինակ աշխարհընկալումը, որտեղ իմաստությունը, թախիծը, քնարականությունը և, իհարկե, հումորը անբաժան շաղախ են կազմում: Կազմեց և անգլերենից թարգմանեց Զավեն Բոյաջյանը։

Հինգերորդ տեղում է Ջոջո Մոյեսի «Ես մինչ քեզ» ստեղծագործությունը: Կյանքում լինում են շրջադարձային պահեր, վայրկյաններ, որոնք, անկախ մեր կամքից, փոխում են այն ամենը, ինչ հետո է լինելու, այն ամեն ինչը, որ մենք կզգանք ու կհասկանանք այդուհետ: Լուիզայի և Ուիլի հանդիպումը գուցե կենցաղային դիպված է, մեկի համար՝ ծանր ֆինանսական պայմաններից դուրս գալու հնարավորություն, մյուսի համար՝ պարտադրված կենսական անհրաժեշտություն: Իսկ գուցե պատահականություններ չե՞ն լինում. բոլոր պարագաներում նրանց հանդիպումը գլխիվայր է շրջում երկուսի կյանքն էլ, և ամենամթում երևում է ընտրության հնարավորություն՝ կողքինի կյանքը դարձնելու ավելին, քան նա կարող է պատկերացնել: Թարգմանությունը`Մերի Դալլաքյանի:

Վեցերորդ հորիզոնականում Ռեյ Բրեդբըրիի «Ֆարենհայթ 451»-ն է: Հրկիզող Գայ Մոնթագի տան հեռուստապատերով պարփակված իրականության գրկում ապրում է Միլդրեդը՝ նրա կինը: Ամերիկյան զվարճանքի հասարակությունը վաղուց այլևս չի հանդուրժում գրքեր՝ դրանք դժբախտության աղբյուր համարելով, իսկ գրքերի թաքստարանների տեղերը մատնում է հրկիզողներին: Շուտով, սակայն, գրքեր կգտնվեն նաև Մոնթագի տանը: Ֆիզիկական փախուստը նաև մտածելու սովորույթին վերադառնալու ճանապարհն է: Բնագրից թարգմանել է Լուսինե Հարոյանը:

«Դետեկտիվի թագուհի» Ագաթա Քրիստիի «Սպանություններ այբբենական կարգով» գիրքը յոթերորդ տեղում է։ 1936թ. լույս տեսած այս վեպը Ագաթա Քրիստիի ամենանշանավոր ստեղծագործություններից է: Ամբողջ Անգլիան ցնցած հայտնի սերիական մարդասպանը՝ ABC­ն, իր նպատակին հասնելու համար սպանում է սովորական կյանքով ապրող և իրար հետ ոչ մի կապ չունեցող մարդկանց՝ ըստ նրանց անունների այբբենական կարգի: Մարդասպանի դեմ պայքարում է Էրքյուլ Պուարոն՝ նշանավոր խուզարկուն՝ փորձելով բացահայտել մութ պատմության բոլոր մանրամասները: Թարգմանությունը՝ Էդիտա Շադոյանի։

Ութերորդ տեղում է Միլան Կունդերայի «Դանդաղություն» վեպը։ Այն վարակիչ մի ծիծաղի պատմություն է: Մինչ հեղինակի կինը նրան հիշեցնում է մոր երբեմնի հորդորը` վերջ տալ ամենի և ամենքի վրա ծիծաղելու վտանգավոր սովորությանը, պատումը չի ընկրկում: Հյուսվելով XVIII դ. գրող Վիվան Դընոնի «Ոչ մի վաղվա օր» նորավեպի առանցքի շուրջ՝ վեպի ճյուղավորվող սյուժեն խայտաբղետ, զվարճալի իր ցատկերով ինքնատիպ մի խորհրդածություն է ժամանակակից աշխարհի մասին՝ իրեն բնորոշ մոռացության գլխապտույտ կրքով և ժամանակի՝ ավելի ու ավելի սրընթաց մեքենայացվող ընկալմամբ: Ֆրանսերենից թարգմանությունը` Շուշանիկ Թամրազյանի։

Իններորդ տեղում է Խավիեր Մարիասի «Սիրահարություններ» գիրքը։ Այս խոր և անչափ գրավիչ վեպի միջոցով Խավիեր Մարիասն առաջարկում է մտորել սիրո և սիրահարվածության շուրջ: Ասում են՝ սերն ու սիրահարվածությունը արարման և երջանկության աղբյուր են, և որ սերն արդարացնում է բոլորին ու ամեն ինչ, բայց այդպե՞ս է, արդյոք: Ու եթե սիրո պատասխանը սերն է, ապա ինչպե՞ս է պատահում, որ հանուն սիրո սպանում ենք, դավաճանում ինքներս մեզ ու մեր սիրելիներին, դժբախտացնում ու ստիպում տառապել մյուսներին: Իսպաներենից թարգմանությունը՝ Ռուզաննա Պետրոսյանի։

Էրիխ Մարիա Ռեմարկի «Երկինքն ընտրյալներ չունի» վեպը տասներորդ հորիզոնականում է։ Գերմանացի հեղինակի այս վեպն առաջին անգամ հատվածաբար տպագրվել է 1959 թ․համբուրգյան Kristall ամսագրում՝ Geborgtes Leben («Կյանքը՝ պարտքով») վերնագրով։ 1961 թ․լույս է տեսել առանձին գրքով՝ «Երկինքն ընտրյալներ չունի» վերնագրով։ 50-ական թթ․սկզբին արդեն տարեց ավտոմրցարշավորդ Քլեղֆեն առողջարանում այցելում է իր երբեմնի գործընկերոջը, որ արդեն երկար ժամանակ բուժվում էր թոքախտից։ Այնտեղ նա ծանոթանում է ծանր հիվանդ Լիլիանին։ Վերջինս, որ արդեն տարիներ ի վեր արհամարհանքով էր վերաբերվում առողջարանի միօրինակ կենցաղին, խիստ կարգուկանոնին ու ձանձրույթին, օգտագործում է առիթն ու փախչում Քլեղֆեի հետ։ Միակ բանը, որ միավորում էր երկուսին, ապագա չունենալն էր։ Թարգմանությունը գերմաներենից՝ Վանուհի Բաղմանյանի։

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Դարան- Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), գրախանութների և գրատների ցանցերը:

 

 

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0 Աբբա Պրևո «Մանոն Լեսկոն» Դարակ 55
2 +9 Ուիլյամ Սարոյան «Մարդկային կատակերգություն» Անտարես 38
3 * Ուիլյամ Սարոյան «Մայրիկ, ես սիրում եմ քեզ» Անտարես 26
4 նոր Ուիլյամ Սարոյան «Իմ անուշ փոքրիկ» Անտարես 26
5 *

Ջոջո Մոյես

«Ես մինչ քեզ»

Զանգակ 24
6 * Ռեյ Բրեդբըրի «Ֆարենհայթ 451» Զանգակ 23
7 +1 Ագաթա Քրիստի «Սպանություններ այբբենական կարգով» Էդիթ Պրինտ 22
8 նոր Միլան Կունդերա «Դանդաղություն» Անտարես 22
9 նոր Խավիեր Մարիաս «Սիրահարություններ Անտարես 21
10 նոր

Էրիխ Մարիա Ռեմարկ

«Երկինքն ընտրյալներ չունի»

Էդիթ Պրինտ 20

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]