Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Սեպտեմբեր

ՀՀ նախագահը ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենին հրավիրել է մասնակցելու «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին

ՀՀ նախագահը ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենին հրավիրել է մասնակցելու «Մտքերի 
հայկական գագաթնաժողով»-ին

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին ուղղված նամակում նրան հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու այս տարվա հոկտեմբերի 10-11-ին նախատեսված «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նշելով, որ գագաթնաժողովն այս տարի նվիրված է լինելու աշխարհաքաղաքականությանն, էներգետիկային, արհեստական բանականությանը՝ նախագահ Արմեն Սարգսյանը հույս է հայտնել, որ ՄԱԳԱՏԵ-ի գլխավոր տնօրենն իր մասնակցությամբ ներդրում կունենա համաժողովի հաջողության գործում: Նրա խոսքով՝ տարբեր ոլորտներ ներկայացնող մասնակիցները, միավորելով քաղաքականությունը, գիտությունն ու բիզնեսը, կապահովեն տեսակետների հարստություն և բազմազանություն ներկայացված թեմաների շուրջ։ «Հիմնվելով 2019 թվականի հաջողության վրա՝ մենք ձգտելու ենք գագաթնաժողովը Հայաստանում դարձնել ամենամյա,- ասել է նախագահ Սարգսյանը: -Գագաթնաժողովի կազմակերպումը Շամոնիից (Ֆրանսիա) դուրս կընդլայնի նրա աշխարհագրությունը և կբացահայտի նոր գաղափարներ և հնարավորություններ»:

Նշելով, որ էներգետիկան ընդհանրապես և ատոմային էներգիան մասնավորապես իր առանձնահատուկ հետաքրքրությունների շրջանակում են՝ նախագահ Արմեն Սարգսյանն ասել է, որ եղել է Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի (World Economic Forum) էներգետիկ անվտանգության գլոբալ խորհրդի առաջին նախագահը, միջազգային հեղինակավոր հարթակներում հաճախ է խոսել ժամանակակից աշխարհում էներգետիկայի դերի մասին:

Անդրադառնալով ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնությանը՝ Արմեն Սարգսյանը նշել է, որ այն ուղղված է գիտության, տեխնոլոգիաների, արհեստական բանականության զարգացմանը, հատկապես՝ ատոմային էներգետիկայի ոլորտում: Հայաստանի նախագահը շեշտել է, որ այդ հավակնոտ ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացրել միջազգային տեխնոլոգիական հսկա ընկերությունների շրջանում, շատերի հետ առաջիկայում կստորագրվեն նախնական համագործակցության համաձայնագրեր:

Նամակի վերջում Հայաստանի նախագահը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին նաև մանրամասներ է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում Ադրբեջանի կողմից հուլիսի կեսերին հրահրված նախահարձակ ռազմական գործողությունների վերաբերյալ՝ նշելով, որ մինչ կորոնավիրուսը լրջագույն մարտահրավեր է դարձել աշխարհի գրեթե բոլոր ազգերի և պետությունների համար, Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի վրա: Նախագահի խոսքով՝ քաղաքացիական բնակչության, դպրոցների, ենթակառուցվածքների վրա Ադրբեջանի հարձակումներն, ինչպես նաև Հայաստանի ատոմակայանը հռթիռակոծելու սպառնալիքներն աններելի են:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ