1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Տուրիզմի ոլորտին աջակցության գործիքը միտված է աշխատատեղերի պահպանմանը. Տիգրան Խաչատրյան 

Տուրիզմի ոլորտին աջակցության գործիքը միտված է աշխատատեղերի պահպանմանը. 
Տիգրան Խաչատրյան 

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամը մեծ վնաս է հասցրել զբոսաշրջության ոլորտի ծառայություններին։ Այդ մասին կառավարության նիստում նշեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով ոլորտին աջակցություն ցուցաբերելու նպատակով հաստատված հակաճգնաժամային 23-րդ միջոցառմանը: 

«Ընդհանուր, ըստ վերջին ամիսների տվյալների, նշված ոլորտներում ծառայությունների մատուցումից եկամուտները նախորդ տարվա նույն ամիսների համեմատ կրճատված են ավելի քան երկու անգամ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա՝ ավելացնելով, որ առաջացած ֆինանսական դժվարությունների հետևանքով կազմակերպությունները կանգնել են բիզնեսի շարունակականության ապահովման համար անհրաժեշտ ակտիվները պահպանելու զգալի դժվարությունների առաջ։

«Եվ ոլորտի ներկայացուցիչների հետ մեր մի քանի քննարկումները պարզել են, որ այդ կազմակերպությունների համար ամենակարևոր խնդիրներից մեկը աշխատատեղերի հետ կապված ֆինանսական դժվարությունները հաղթահարելու հարցն է։ Այս աջակցության նպատակը նշված ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների աշխատակազմի և աշխատատեղերի պահպանումն է և այդ աշխատատեղերի խթանումը»,- ասաց նախարարը։

Աջակցության շահառուների շրջանակը հետևյալն է՝ կացության կազմակերպում՝ ներառում է նաև առողջարանները, հանրային սննդի կազմակերպում, զբոսաշրջային գործակալությունների և օպերատորների գործունեություն, տեղերի ամրագրում և զբոսաշրջային ոլորտի այլ ծառայություններ։

«Նախատեսվում է, որ աջակցությունից կօգտվեն այն կազմակերպությունները, որոնք ունեն առնվազն 3 աշխատակից և ստեղծվել են ոչ ուշ, քան 2020 թվականի մարտի 31-ը։ Եթե կազմակերպությունը զբաղվում է միաժամանակ գործունեության մի քանի տեսակներով, ապա կարող է դառնալ միջոցառման շահառու, եթե եկամուտների կեսից ավելին ստացվել է թվարկված ոլորտում գործունեությունից։ Աջակցության տևողությունը 2020 թվականի հուլիսից մինչև 2021 թվականի մարտ ամիսներն են։

Եթե ոլորտային շրջանառություններն ավելի շուտ վերականգնվեն, աջակցության տրամադրումը կդադարեցվի։ Աջակցության եղանակը յուրաքանչյուր երրորդ կամ չորրորդ աշխատողի աշխատավարձի սուբսիդավորումն է, որը նշանակում է ամբողջ աշխատավարձի ֆոնդի 33 կամ 25 տոկոս հատուցում։ Ավելի մեծ չափով աջակցություն կստանան այն կազմակերպությունները, որոնք, չնայած եկամուտների կրճատմամբ պայմանավորված դժվարություններին, աջակցության ամսվա ընթացքում նախորդ տարվա նույն ամսվա համեմատ պահպանած են եղել իրենց աշխատատեղերի ոչ պակաս, քան 70 տոկոսը»,- նշեց նախարարը։

Աջակցությունը նախատեսվում է տրամադրել ամսկան պարբերականությամբ՝ յուրաքանչյուր ամսվա եկամտահարկի հաշվարկները ՊԵԿ ներկայացնելուց հետո։ Աջակցության գումարները կփոխանցվեն կազմակերպությունների դրամական հաշիվներին։

Տիգրան Խաչատրյանը նաև ասաց, թե ոլորտի որ կազմակերպությունները չեն կարող օգտվել այս ծրագրից։ «Աջակցություն չի տրամադրվի այն կազմակերպություններին, որոնք 2019 թվականին կառավարության որոշման արդյունքում ԱԱՀ 50 մլն դրամը գերազանցող գերավճարների վերադարձ են ունեցել, բայց չնայած դրան կրճատել են աշխատակազմի կեսից ավելին։ Չեն կարող օգտվել նաև այն դեպքում, եթե կազմակերպությունը կատարել է ՀԴՄ շահագործման կանոնների խախտում և այդ ակտը դարձել է անբողոքարկելի։ Դա խթանում է կարգապահությունը, մենք մեծապես շահագրգռված ենք, որ նրանք լինեն չափազանց բարձր կարգապահության դաշտում»,- հավելեց նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կորոնավիրուսի հետևանքով այս ոլորտը մեծ վնաս է կրել, և այս աջակցությամբ կառավարությունը փորձում է ապահովել դրանց մրցունակությունը՝ մինչև շուկայի հնարավոր վերականգնումը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]