Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայկակ Արշամյանը բարձր է գնահատում սփյուռքահայության դերը Հայաստանի ու Արցախի կառուցման գործում

Հայկակ Արշամյանը բարձր է գնահատում սփյուռքահայության դերը Հայաստանի ու 
Արցախի կառուցման գործում

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը բարձր է գնահատում սփյուռքում ապրող հայության դերը Հայաստանի և Արցախի կառուցման գործում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Արշամյանն ասաց օգոստոսի 12-ին հրավիրված առցանց քննարկման ընթացքում:

«Հիմնադրամն անցած տարի իր ռազմավարության մեջ ամրապնդեց այն միտքը, որ ոչ միայն աշխատանքներ պետք է իրականացնի Հայաստանում ու Արցախում, այլև սփյուռքի տարբեր շրջաններում: Հատկապես այն դեպքում, երբ դրա անհրաժեշտությունը շատ կա, որովհետև նաև հենց սփյուռքի մեր հայրենակիցների շնորհիվ է, որ շուրջ երեսուն տարի կառուցվել է Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը և այսօր մենք ունենք այնպիսի հայրենիք, ինչպիսին ունենք: Սփյուռքի ներուժն այդ գործում շատ կարևոր է»,- ասաց Արշամյանը:

Անդրադառնալով Լիբանանում բնակվող հայ համայնքին հիմնադրամի կողմից տրամադրվող օգնությանը, Արշամյանը նշեց, որ այն եղել է մշտապես, երբ լիբանանահայերը դրա կարիքն ունեցել են:

«Անցյալ տարի, երբ Լիբանանում տնտեսական ճգնաժամը սկսվեց, հիմնադրամը որոշեց, որ անպայման պետք է աջակցենք Լիբանանի մեր համայնքին, հատկապես՝ կրթական հաստատություններին: Մենք մոտ 150 հազար դոլար բերեցինք Լիբանան ու բաժանեցինք հայկական կրթական հաստատություններին, նաև հայկական մամուլին որոշակի օգնություն ցուցաբերեցինք, նույնն արեցինք նաև վերջերս՝ մի քանի ամիս առաջ»,- նշեց հիմնադրամի գործադիր տնօրենը:

Հայկակ Արշամյանը նշեց, որ Բեյրութի նավահանգստում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունը բազմապատկել է այն լուրջ մարտահրավերները, որոնց առջև կանգնած է Լիբանանի հայ համայնքը, սակայն Հայաստանն ու Արցախը արդեն իսկ օգնության ձեռք են մեկնել Լիբանանին ու հայ համայնքին:

Հայաստանից դեպի Բեյրութ իրականացվել է հումանիտար օգնության երեք չվերթ: Առաջին չվերթը կայացել է օգոստոսի 8-ին, երկրորդը՝ օգոստոսի 9-ին` Արցախի ժողովրդի անունից, երրորդը՝ օգոստոսի 11-ին: Ինքնաթիռները Լիբանան են տեղափոխել հումանիտար օգնություն, որը պարունակել է դեղորայք և բժշկական պարագաներ, սնունդ, տեքստիլ արտադրանք, համակարգչային տեխնիկա՝ նախատեսված օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից տուժածներին օգնություն ցույց տալու համար:

Հայաստանից ուղարկված երեք օդանավերով Լիբանանից Հայաստան է ժամանել շուրջ 100 հայ, որոնք Բեյրութում բնակվելու խնդիրներ են ունեցել նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո:

Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից տուժած լիբանանահայերին օգնելու համար «Հայաստան» համահայկական հիմնադրամում հանգանակվել է 195 հազար դոլարից ավելի գումար:

Օգոստոսի 4-ին հզոր պայթյուն է որոտացել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները: Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը գերազանցել է 220-ը, վիրավորվել է ավելի քան 5 հազար մարդ: Պայթյունի հետևանքով զոհվել է 13, վիրավորվել՝ 300 հայ։

Նորայր Շողիկյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]