Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց 

Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց 

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթացող ՀՀ երկրորդ նախագահի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց մինչև սեպտեմբերի 8-ը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստը նախագահում էր դատավոր Աննա Դանիբեկյանը:

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը չէր կարողացել ներկայանալ դատական նիստին, ինչից ելնելով այն հետաձգվեց։

Պողոսյանը դատարանին գրավոր դիմում էր ներկայացրել առ այն, որ հանկարծակի առաջացած խնդիրների պատճառով չի կարող ներկա լինել այսօրվա դատական նիստին։

Միհրան Պողոսյանը պատրաստվում էր բացարկի միջնորդություն ներկայացնել նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին։

Դատախազ Գևորգ Բաղդասարյանը նիստի ժամանակ խնդրեց անհարկի ճանաչել պաշտպանի բացակայությունը, քանի որ իր գնահատմամբ սա ընդհամենը պատրվակ է նիստերը ձգձգելու համար։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը նկատեց, որ ճիշտ կլինի Միհրան Պողոսյանի բացակայության պատճառները ներկայացնի հենց ինքը, և դրանց հետ կապված քննարկումը տեղի ունենա նրա ներկայությամբ։

Փաստաբան Վարդգես Գևորգյանը դադարեցրել է նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպանի լիազորությունները, իսկ մյուս պաշտպանը՝ Էրիկ Ալեքսանյանն օգոստոսի 12-ից մինչև սեպտեմբերի 1-ը ներառյալ լինելու է ամենամյա արձակուրդում։

Հաշվի առնելով Միհրան Պողոսյանի բացակայությունը և Էրիկ Ալեքսանյանի արձակուրդ մեկնելու հանգամանքը` դատարանը նիստը հետաձգեց մինչև սեպտեմբերի 8-ը, ժամը 13։00-ն։

Նախորդ նիստին Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդել էր դադարեցնել սահմանադրական կարգի տապալման գործով տուժող և նրանց իրավահաջորդ անձանց դատավարական կարգավիճակը և նրանց հարցաքննել վկայի կարգավիճակով։ Ալումյանը նշել էր, որ տարբեր աստիճանի ծանրության մարմնական վնասվածք ստացած դատակոչված 102 անձինք տուժող են ճանաչվել 2008թ մարտի 1-2-ի դեպքերի վերաբերյալ հարուցված մայր գործի շրջանակներում, իսկ 2018-ին դրանից անջատվել է մի գործ, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 3001 հոդվածով։ Պաշտպանը ներկայացրել էր դատարանին 102 հոգանոց ցուցակ, խնդրելով այդտեղ նշված անձանց հարցաքննել վկայի կարգավիճակով։

Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանը և ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը։


Լիլիթ Դեմուրյան






Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]