1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ինչ է փոխվել ԱԱՏՄ-ում ու ով է պաշտպանում հենց տեսչականի աշխատողների շահերը

Ինչ է փոխվել ԱԱՏՄ-ում ու ով է պաշտպանում հենց տեսչականի աշխատողների շահերը

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը որոշել է առողջացնել իր արհմիությունն ու ստեղծել օրինակելի մոդել։ Այս ուղղությամբ կատարված աշխատանքի, տեսչական մարմնում վերջին կադրային փոփոխությունների, համավարակի պայմաններում գերբեռնված աշխատանքի մասին «Արմենպրես»-ը զրուցել է Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Երեւանի տարածքային կենտրոնի պետի տեղակալ, ԱԱՏՄ աշխատողների արհմիության ղեկավար Մարիետա Հախվերդյանի հետ։

-Տիկին Հախվերդյան, տեղեկացանք, որ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի աշխատողներն այսօր ունեն իրենց արհմիությունը։ Այս տեսչականն այն կառույցն է, որը աշխատողների իրավունքների պաշտպանությամբ պետք է զբաղվի։ Դրա աշխատողնե՞րն էլ ունեն իրավունքների պաշտպանության խնդիր։ 

-Աշխատանքային իրավունքի պաշտպանություն ցանկացած դեպքում պետք է լինի։ Մենք իրավական ամուր հիմքով արհմիություն ենք ստեղծել, որը եւ նշված, եւ մի շարք այլ կարեւոր նպատակներ ունի, օրինակ՝ աշխատողներին խրախուսելու նպատակով մի շարք հետաքրքիր գաղափարներ իրագործել։ 

ԱԱՏՄ ղեկավարն է նախաձեռնել արհեստակցական միության առողջացումը։ Նրա համար անընդունելի էր, որ միության կառավարման խորհուրդը կազմված լինի տեսչական մարմնի բարձրագույն ղեկավար կազմից։ Ասում էր՝ սա կեղծ միություն է, ինչպես, ցավոք, ՀՀ-ում գործող մի շարք արհեստակցական միություններում, որտեղ փորձ է արվում ստեղծել աշխատակիցների շահերի պաշտպանության կառույց, բայց «հսկողության» տակ պահել այն։ Առաջարկեց առողջացնել մեր արհմիությունը։ Ըստ այդմ՝ ղեկավար կազմը դուրս եկավ միությունից, կարգի բերվեց անդամավճարների վճարման համակարգը, կառույցը սկսեց գործել։ Ստորագրվեց հուշագիր միության և տեսչական մարմնի ղեկավարի հետ, որով որոշակի հարցեր դրվեցին նաև իրավական հարթության վրա։ Արդեն իմ ընտրվելուց հետո միությունն ունի սեփական բյուջե, պարբերաբար հավաքագրում է աշխատակիցների առաջարկները։ Մարմնի ղեկավարի կողմից շրջաբերական է իջեցված, որպեսզի միության ներկայացուցիչը ներգրավված լինի տեսչականում հարուցվող ծառայողական քննություններում (եթե այդպիսիք լինեն)՝ պաշտպանելով աշխատողների շահերը։ Սա նոր ու կարեւոր գործառույթ է, որպես այդպիսին։
Կան որոշ առանցքային գաղափարներ՝ կապված ԱԱՏՄ աշխատանքներին արհմիության ներգրավվածության ավելացման հետ։ Նպատակ ունենք արհմիության օրինակելի մոդել ստեղծել այլ կառույցների համար եւս։ 

-Տիկին Հախվերդյան, վերջին շրջանում տեսչականի մասին մամուլը շատ հաճախ է խոսում։ Խոսքը ոչ միայն ուժեղացված աշխատանքային ռեժիմի, տնտեսավարողների մոտ անվտանգության նորմերի պահպանումը «խոշորացույցի տակ» պահելու, այլեւ կադրային կտրուկ փոփոխությունների մասին է։ Օրերս պետի տեղակալներից եւս մեկն ազատվեց աշխատանքից։ Տեսչությունում կյանքը հա՞րթ է ընթանում։ 

-Կադրային փոփոխությունները բնականոն երեւույթ են առհասարակ, իսկ ընդամենը մոտ 2 տարի առաջ ստեղծված կառույցի համար դրանք ավելի քան նորմալ են։ Այն էլ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի նման կառույցի, որը 4 հսկա ոլորտ է վերահսկում։ Այստեղ, մինչ այս տեսքով վերակազմավորումը, տարիների խնդիրների հսկա կույտ կա։ Ազնիվ ու անաչառ աչքը չի կարող չգնահատել այն ահռելի աշխատանքը, որը կատարվել է վերջին շրջանում՝ տեսչությունն ամուր հիմնարկ դարձնելու ուղղությամբ եւ այն հսկա աշխատանքը, որ անում է տեսչությունը համավարակի պայմաններում։ Բայց վերադառնամ ձեր հարցին։ Այո, տեղակալների փոփոխություններ եղան։ Ես քաղաքական գնահատական տալ չեմ կարող։ Բայց կտամ աշխատանքային գնահատական։ Տեսչությունում կյանքը հարթ է, բայց բարդ։ Այս համաճարակն իսկական քննությունն է թե տեսչականի՝ ընդհանուր վերցրած, թե պատասխանատու անձանց կարողություններն ու նվիրումը գնահատելու առումով։ Ինչպես ասացի՝ ես քաղաքական գնահատական չեմ տա արդեն նախկին տեղակալների աշխատանքին ու որոշ մեղադրանքների։ 

Միայն կասեմ, որ տեսչության աշխատանքի ամենաբարդ շրջանում ղեկավարն աշխատեց առանց տեղակալների, ուղիղ աշխատելով տարածքային պետերի, սահմանային հսկիչ կետերի պետերի, մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարների հետ 24 ժամ/7 օր ռեժիմով։

Նույն մամուլը նրան տեսավ սահմանային անցակետերում էլ, իրազեկման թերթիկներ բաժանելիս էլ։ Գիշերային հերթափոխին օդանավակայանում էր` օրվա հերթապահների կողքին, երբ երկիր ժամանողների ողջ հոսքը պետք է սպասարկվեր, տեսուչների հետ մշտադիտարկումներ իրականացնելիս էլ։

-Այսքանով հանդերձ՝ արդյո՞ք բարոյահոգեբանական մթնոլորտը լարված է տեսչությունում։ Դուք ժամանակին Երեւանի գլխավոր պետական սանիտարական բժիշկն եք եղել, ու Ձեր փորձը թույլ կտա գնահատել փոփոխությունները։

-Լարված մթնոլորտում այսքան աշխատանք չէր կարող արվել։ Բացառված է։ Ինձ ճանաչողները գիտեն, ես շատ վաղուց եմ համակարգում և գովեստի խոսքեր շռայլելու սովորություն չունեմ, պարզապես ամեն ինչ պետք է գնահատել՝ հաշվի առնելով, թե ով ինչ ժառանգություն է ստացել, և ինչ հնարավորություններով է իրականացվում այսօրվա ահռելի աշխատանքը։ 

Եթե նորից անդրադառնամ աշխատակիցների աշխատանքային պայմաններին, ապա այո, այսօրվա ղեկավարը պահանջկոտ է, բայց ապահովում է աշխատակիցներին նվազագույն աշխատանքային պայմաններով, տեխնիկայով, այսօր նրանք ապահոված են տրանսպորտային միջոցներով, վառելիքով, ստանում են իրենց հասանելիք գործուղման օրապահիկներ, անհատական պաշտպանիչ միջոցներ, խրախուսումներ։ Թվում է՝ պարզունակ բան եմ ասում, բայց թվարկվածը ժամանակին աշխատողները չեն ունեցել։ Մինչեւ վերջերս մի քանի աշխատակից աշխատում էր մեկ համակարգչի վրա, այն էլ համակարգիչների հնագույն դասի։

Իսկ տեսչականի գերծանրաբեռնված աշխատանքի մասին նույն մամուլն է շարունակ գրում։ Հենց այս աշխատանքի արդյունքն է, որ տնտեսավարողներն էլ արդեն գիտեն, որ ԱԱՏՄ տեսուչներն իրենց դուռը կարող են թակել ամեն օր ու ամեն պահի ուժեղացված ստուգայցերն արդեն քանի ամիս է՝ հանգստյան օր չեն ճանաչում։ Այս իրավիճակն էլ լակմուսի թղթի նման է, աշխատանքն է երեւում, մնում, մեղադրանքն ու չգնահատանքն անցողիկ են։

-Շնորհակակություն հետաքրքիր զրույցի համար։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]