Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է համակարգի գործունեության առաջին կիսամյակի  արդյունքները

Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է համակարգի գործունեության առաջին 
կիսամյակի  արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ տարածքում 2020 թվականի առաջին կիսամյակում գործող 17 առևտրային բանկերի ընդհանուր կապիտալն աճել է շուրջ 47 մլրդ դրամով կամ 5.6%-ով՝ կազմելով 891 մլրդ դրամ, ակտիվներն ավելացել են շուրջ 191 մլրդ դրամով կամ 3.3%-ով՝ կազմելով 5996 տրլն դրամ։ 

«Արմենպրես»-ի հաղոդմամբ՝ այս մասին առցանց ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը։

«Բանկային համակարգում կա 17 բանկ, կա գրեթե 550 մասնաճյուղ, աշխատում է 12 հազար 100 մարդ։ Բանկերը բոլորը միասին սպասարկում են շուրջ 3 մլն 100 հաճախորդի։ Այս թիվը համեմատած բնակչության թվի հետ բավականին մեծ է, սա պայմանավորված է նրանով, որ այն հաճախորդները, որոնք մեկից ավելի բանկում հաշիվներ ունեն, նույնքան անգամ ընդգրկված են այս թվի մեջ։ Այս թիվը նաև մատնանշում է, որ մենք այսօր Հայաստանում ունենք բանկայնացման բարձր աստիճան։ Մեր բնակչության մոտ 80-85 տոկոսը հանդիսանում է բանկի հաճախորդ։ Բոլոր հաճախորդները միասին բանկերում ունեն շուրջ 61 մլն բանկային հաշվիներ»,- նշեց Սարգսյանը։

Նրա խոսքով՝ ավանդների ծավալը մոտեցել է շուրջ 35 տրիլիոն  դրամի, ակտիվները՝ 6 տրիլիոն, իսկ վարկային պորտֆելը 38 տրիլիոն դրամի։

Նրա դիտարկմամբ՝ COVID-19 համավարակով պայմանավորված`   ամբողջ աշխարհում նկատվում է վարկավորման ծավալների նվազում:

«Դա պայմանավորված է առկա ռիսկերով և անորոշությամբ: Այս համատեքստում, սակայն ՀՀ բանկային համակարգում վարկային պորտֆելն առաջին կիսամյակում ավելացել է 28 մլրդ դրամով կամ 0.7%-ով: Վարկերի կառուցվածքին նայելով տեսնում ենք, որ առաջին կիսամյակում հիմնական բոլոր ուղղություններով արձանագրվել է աճ: Հարկ եմ համարում նաև նշել, որ վարկավորման ծավալների 41.5%-ը ֆիզիկական անձանց, իսկ շուրջ 45 %-ը՝ տնտեսությանը տրամադրված վարկերն են»,- շեշտեց Սարգսյանը:

Խոսելով ընդհանուր վարկերում դրամով և արտարժույթով վարկերի մասնաբաժնի մասին՝ Սարգսյանը տեղեկացրեց, որ վերջին 10 տարվա ընթացքում առաջին անգամ դրամով վարկերի ծավալը գերազանցել է արտարժույթով վարկերի ծավալին: 

Անդրադառնալով մի շարք ցուցիչների զարգացման դինամիկային՝ ՀԲՄ գործադիր տնօրենն ասաց, որ ընդհանուր կապիտալն առաջին կիսամյակում ավելացել է։ «Սա շատ կարևոր ցուցիչ է, որովհետև կապիտալի մեծությունը  բնութագրում է տվյալ բանկային համակարգը, խոսում է այդ համակարգի ճգնաժամային ու սթրեսային իրավիճակները հաղթահարելու  կարողությունների մասին։ Հաշվետու ժամանակահատվածում այս ցուցանիշի աճի տեմպը պահպանվել է»,- ասաց Սարգսյանը։

2020թ. առաջին կիսամյակում ընդհանուր պարտավորություններն աճել են շուրջ 145 մլրդ դրամով կամ 2.9%-ով, ընդհանուր ավանդները` նվազել շուրջ 112 մլրդ դրամով կամ 3.1%-ով:

«Թեև այս ցուցանիշի մասով արձանագրվել է նվազում, սակայն պետք է նկատել, որ առաջին կիսամյակում ռեզիդենտ հաճախորդների ավանդներն ավելացել են շուրջ 19 մլրդ դրամով կամ 0.8%-ով: Այստեղից հետևում է, որ նվազումը հիմնականում պայմանավորված է ոչ ռեզիդենտ հաճախորդների ավանդային պայմանագրերի խզմամբ: Ոչ ռեզիդենտների ավանդները նվազել են շուրջ 132 մլրդ դրամով կամ 12.6%-ով»,- ասաց ՀԲՄ գործադիր տնօրենը: 

2020թ-ի առաջին կիսամյակում բանկային համակարգն ապահովել է 40.6 մլրդ դրամի շահույթ, որը 2019թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է շուրջ 2.2 մլրդ դրամով կամ 5.7%-ով:

Առցանց ասուլիսի ընթացքում նաև անդրադարձ է կատարվել վճարային քարտերով իրականացված գործարքներին:

ՀԲՄ գործադիր տնօրենի փոխանցմամբ՝ համավարակն անուղղակիորեն ազդել է նաև վճարումներ, գնումներ, տարբեր գործարքներ կատարելու մարդկանց վարքագծի վրա, ինչն էականորեն անդրադարձել է համապատասխան ցուցանիշների վրա։ Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում բանկերի կողմից թողարկված քարտերի քանակն ավելացել է 55 հազար 451-ով՝ կազմելով է  2 մլն 445 հազար 827, որը 2019թ-ի համեմատ ավելացել է 2.3%-ով:    

Սարգսյանը նշեց, որ ՀՀ առևտրային բանկերն ընդգրկվել են 1000 խոշոր հարկատուների ցանկում և ընթացիկ տարվա առաջին կիսամյակում բոլոր բանկերը միասին  պետական բյուջե վճարել են 26 մլրդ 741 մլն դրամ հարկ: 1000 խոշոր հարկատուների ցանկում 13 առևտրային բանկեր գտնվում են առաջին հարյուրյակում:


Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am