Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Արվեստը բացահայտում է այն, ինչը վախի ու ցավի պատճառով գաղտնիք է. Վահրամ Զարյան

Արվեստը բացահայտում է այն, ինչը վախի ու ցավի պատճառով գաղտնիք է. Վահրամ 
Զարյան

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ թատերական գործիչ, դերասան, ժամանակակից մնջախաղի ժանրում ստեղծագործող բեմադրիչ Վահրամ Զարյանը, որն առցանց ներկայացմամբ հանդես եկավ «Արմմոնո» 18-րդ միջազգային թատերական փառատոնին, կարծում է, որ ժամանակակից արվեստը վաղուց հեռացել է ժանրային և միզանսցենային հստակությունից։ 

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Զարյանն ընդգծեց, որ ստեղծագործությունն ու ստեղծագործող անհատն անբաժանելի միասնության մեջ են և սուբյեկտի ու ստեղծագործության բաժանումը կամ օտարումը ասելիքը դարձնում են կիսատ։ «Ժամանակակից մնջախաղը առավել փիլսոփայական ընդանրացման է մոտ, քան պատկերին։ Ուստի, այն կարող ենք բնորոշել որպես փիլսոփա-զգայական տեքստ, որը շարժվում է առանց բառերի կամ հնչյունների։ Արվեստագետի՝ մասնագիտության իմաստով ոչ կոնկրետությունն օգնում է նրան դառնալ բազմաինստալացիոն, կոտրել ժանրային պարզությունը և մի տեսակի մեջ սինթեզել արվեստի հաճախ չսինթեզվող եզրերը։ Փիլսոփայության «շարժումը» օգնում է նաև թոթափել միզանսցենի պատկերային, կարծրատիպային ձևը՝ այն դարձնելով առավել տպավորիչ, կենդանի, այլ կերպ ասած՝ ոչ պատկերային, մտավոր»,-շեշտեց նա:  

Արտիստի խոսքով՝ վերոնշյալ եզրահանգումներից ելնելով՝ «Վահրամ Զարյան քոմփանին» ձևաչափային նոր մոտեցումներ է փնտրում: Ներկայացումներն օնլայն հարթակում խաղալը, ճիշտ է, հեռացնում է նրանց կենդանի արվեստի սկզբունքից, բայց զարմանալիորեն մի այլ անսահման աշխարհ է հայտնագործում։ Զարյանի կարծիքով՝ ժամանակակից թատրոնն այս հանգամանքներում մի քիչ այլ բնութագիր է ստանում և կրճատում է ոչ միայն անկրճատելի տարածությունը, այլև դառնում է ֆրագմենտալ, խճանկարի էֆեկտ է ձեռք բերում։ Խճանկար, որն ամբողջությամբ տեսանելի և միաժամանակ տեսանելի չէ։ Այսինքն՝ նրա հատվածները տեսնելու համար պետք է խոշորացնել, զում անել։ «Երևի թե սա է ամենից շատ ինձ դուր գալիս ժամանակակից թատրոնում․ համընդանուր խճանկարի մասնիկները խոշորացնելով՝ կարող ես գտնել այն, ինչ հոգեհարազատ է քեզ։ Այդ իմաստով կարևորում եմ  «Արմմոնո» փառատոնին օնլայն մասնակցությունը, ըստ որի՝  կարող եմ ինքս ինձ համար  պարզել, թե որքանով է ժամանանակից թատրոնը մուլտիմեդիոն տարածքում բանավեճային, այսինքն՝ ապրող, կենդանի»,-ասաց դերասանը:

«Արմմոնո»-ի շրջանակում ներկայացման բեմադրությունների վեբ տարբերակը Զարյանի և նրա թատերախմբի համար ևս փորձ էր չհեռանալ ստեղծագործությունից, փիլիսոփայական պատկերից՝ հանդիսատեսին հեռացնելով բեմական չորրորդ պատի տարածքից, դեպի վիրտուալ, ասել է թե անպատ իրականություն:

Զարյանը հավելեց, որ համավարակի տարածման ընթացքում կարողացել են այլ հայացքով նայել բեմական գործերը և դրանց հիման վրա ստեղծել նոր ներկայացումներ, որոնք հնարավոր է մատուցել առցանց հարթակում:

«Ստեղծագործություն բառը, կարծում եմ՝ լավ չէ կառուցված կամ հորինված։ Այս բառը վաղուց արդեն պետք է փոխարինված լիներ մեկ այլ՝ բացահայտում բառով։ Արվեստը բացահայտում է այն, ինչը վախի ու ցավի պատճառով գաղտնիք է։ Եթե վախն ու ցավը արվեստի միջոցով չեն բացահայտվում, չեն չեզոքանում, ուրեմն․․․ Չգիտեմ, ստեղծագործությունը այդ դեպքում դառնում է ընդամենը պարապ գործ»,-համոզված է ֆրանսահայ արտիստը:  

Դերասանը շատ է կարևորում աշխատանքը լավ թիմի, պրոֆեսիոնալների հետ, որոնց հետ համագործակցում է երկար տարիներ: Զարյանի խաղացանկում կան մոնոներկայացումներ, բայց դերասանն ընդգծում է, որ անգամ մոնոներկայացումը թիմային համակարգված աշխատանքի արդյունք է: «Բեմական արվեստը կոլեկտիվ աշխատանք է: Լինել բեմում նշանակում է մինչ այնտեղ հասնելը երկարուձիգ հետազոտական աշխատանքներ իրականացնել, փնտրել, գտնել: Այդ ամենն անում եմ  իմ խմբի հինական կազմի հետ»,-նշեց արտիստն ու խոսեց ապագա ծրագրերից՝ բացելով փակագծերը:

Վահրամ Զարյանն իր թատերախմբի հետ այժմ աշխատում է OBLIQUEcycle ներկայացման վրա: Երկու տարի առաջ բեմադրել են OBLIQUE  1-ը: «Հիմա շրջագայում ենք Եվրոպայում, ներկայացնում OBLIQUE 2-ը, իսկ OBLIQUE 3-ը կլինի երկու տարի հետ: Շարունակում ենք աշխատել խաղացանկային բեմադրությունների կատարելագործման վրա, որոնք պարբերաբար ներկայացնում ենք եվրոպական տարբեր երկրներում: Փորձում ենք խաղալ, թե՛ վիրտուալ տիրույթում, թե՛ կենդանի հարթակում՝ պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները»,-եզրափակեց արտիստը:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]