Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Սեպտեմբեր

Նարեկացին հոգուս հեղինակն է. Հակոբ Ազիզյանն «Արմմոնո»-ին մատուցեց «Մատյան ողբերգության» ներկայացումը

Նարեկացին հոգուս հեղինակն է. Հակոբ Ազիզյանն «Արմմոնո»-ին մատուցեց «Մատյան ողբերգության» ներկայացումը

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Արմմոնո» 18-րդ միջազգային թատերական փառատոնն օգոստոսի 8-ին հյուրընկալվեց Վանաձորում: Այնտեղ Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանի դերակատարմամբ ցուցադրվեց Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ներկայացումը, որի բեմադրիչը
ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանն է:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հակոբ Ազիզյանը խոստովանեց, որ մշտապես տարված է եղել Նարեկացիով, ընթերցել է նրա գործերը, «Մատյան ողբերգության»  պոեմի հիման վրա բեմադրված մի քանի ներկայացում է դիտել, հատկապես տպավորել են Մայր թատրոնի բեմում մատուցված բեմադրությունը, որում Լորենց Առուշանյանն է խաղացել, և Թիֆլիսի հայկական թատրոնի ներկայացումը:

«Նարեկացու պոեմն ուսումնասիրելուց հետո մեծ ցանկություն առաջացավ խաղալ համանուն ներկայացման մեջ, հավաքել բեմականացում, ինչը շատ դժվար էր: Կարևոր էր ընդգծել, թե ինչպես մարդը եկավ լույս աշխարհ, ինչ չարչարանքներ կրեց, Աստծուց հեռացավ, տառապեց, հետո ներվեց, հետո սրբացավ: Այս տրամաբանական գծով կառուցվել է դրամատուրգիան: Սա ամենաբարդ աշխատանքերից մեկն էր»,-նշեց դերասանը:

Նա հավելեց, որ շատ է աշխատել տեքստի վրա, ուսումնասիրել է հոգեվիճակների փոփոխությունը:

Ազիզյանի խոսքով՝ «Մատյան  ողբերգության» պոեմն իր սեղանի գիրքն է, Նարեկացին իր հոգու հեղինակն է, միշտ իր հետ է: Արտիստը բեմադրությունն ավարտված չի համարում, կարծում է՝ մեկ ամիս, մեկ տարի հետո բոլորովին այլ կերպ կարող է մատուցել. ենթատեքստերը բացելով՝ ասելիքը կդառնա ավելի հասուն ու ճիշտ: «Նարեկացին օվկիանոսի նման խորն է: Ուրախ եմ, որ հաղորդակցվեցի այս գործին, և այն ինձ շատ բան տվեց և՛  դատողության, և՛ հոգեկան, և՛ մարդկային, և՛ քրիստոնեության, կրոնի առումով: Սա ինձ համար հոգու աշխատանք է»,-շեշտեց Հակոբ Ազիզյանը:

Խոսելով համավարակի տարածման պատճառով տևական ժամանակ բեմ չբարձրանալու մասին՝ նա նշեց, որ հանդիսատեսի հետ հաղորդակցվելու մեծ ցանկությունը, որը կուտակվել էր ժամանակի ընթացքում, իրեն մղում էր անել ավելին և, ըստ երևույթին, որոշ լարվածություն առաջացրեց: ««Մատյան ողբերգության»-ը իմ պաշտելի գործն է: Անկախ նրանից, թե որքան կխաղամ բեմում, դա իմ աղոթագիրքն է, միշտ ինձ հետ: Գնալով ավելի եմ մոտենում Նարեկացուն, ու պատահական չէ, որ իտալացիները նրան «Տիեզերական վարդապետի» կոչում են տվել: Նարեկացին մեծություն է՝ բավարար չուսումնասիրված ու բավարար չգնահատված: Մարդու լույս աշխարհ գալը, մարդու՝ Աստծուց հեռանալը, տառապանքը, վերադարձն ու մարդ մնալը… : Սա սեղանի ու հոգու գիրք է յուրաքանչյուր հայի, քրիստոնյայի և իսկական մարդու համար, որը հոգի և սիրտ ունի»,- եզրափակեց Հակոբ Ազիզյանը:

Սուրբ Գրիգոր Նարեկացու ամենից հայտնի աշխատությունը «Մատյան ողբերգության» աղոթագիրքն է, որը դարձել է համաշխարհային աստվածաբանական կարևորագույն աշխատություններից մեկը: Գիրքը համարվել է հրաշագործ և բժշկարար զորություն ունեցող, ուստիև գրքի հետ կապված են մարդկային կյանքի զարմանալի վերափոխումների բազմաթիվ պատմություններ:

Անժելա Համբարձումյան

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ