Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի 2020 թ. կրթաթոշակային ծրագիրն ընթացքի մեջ է

ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի 2020 թ. կրթաթոշակային ծրագիրն ընթացքի մեջ է

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Օգոստոսի 6-ին և 7-ին տեղի ունեցավ ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի 2020-2021 թթ. ուսումնական տարվա Կրթաթոշակային ծրագրի ընտրական հանձնաժողովի հետ հարցազրույցի փուլը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամից։

Ապրիլի 10-ին հայտարարվել էր 2020 թ. Կրթաթոշակային ծրագրի դիմումների ընդունման փուլը (https://mystep.foundation/hy/our-work/210/), արդյունքում ստացվել էր 73 դիմում, որոնցից դիտարկվել են 41-ը, իսկ մյուս դիմումները չեն բավարարել Ծրագրի չափորոշիչներին:

Երկօրյա հարցազրույցների փուլից հետո կընտրվեն այն դիմորդները, որոնք կարժանանան կրթաթոշակի: Դիմորդներին կրթաթոշակ տրամադրվելու է հարցազրույցի արդյունքների, դիմորդի հայտադիմումի, դրան կցած փաստաթղթերի ամփոփումից հետո (համալսարան, ուսումնական ծրագիր, ակադեմիական աստիճան, մասնագիտություն, ընտրական հանձաժողովի հետ հարցազրույցի արդյունքներ, կրթաթոշակային ծրագրի բյուջե):

Այս տարվա դիմորդների ճնշող մեծամասնությունը բժշկության և առողջապահության կառավարման, վիճակագրության, կենսաբանության և կենսաքիմիայի, քաղաքաշինության, ուրբանիստիկայի, լոգիստիկայի ոլորտներից են:

«Հիմնադրամի կրթաթոշակային ծրագրի նպատակն է հնարավորություն տալ երիտասարդներին ձեռք բերել Հայաստանի կայուն զարգացման առաջնահերթություններից բխող մասնագիտություններ աշխարհի լավագույն բուհերում:

Ի դեպ, մեր շրջանավարտները, ծրագրի դրույթների համաձայն, վերադառնում են Հայրենիք և ի շահ Հայաստանի զարգացման ծառայեցնում իրենց գիտելիքներն ու հմտությունները: Նրանք ընդգրկվում են մասնագիտական ոլորտների զարգացման ծրագրերի մեջ, կիսվում իրենց ստացած գիտելիքներով և այլն: Աշխարհի լավագույն կրթօջախների հետ մշտական կապն անհրաժեշտություն է Հայաստանի համար, այն զարգացած երկրների կողքին համաքայլ շարժվելու եզակի հնարավորություն է, այստեղ, թերևս, այլ տարբերակ չունենք:

Կրթաթոշակային ծրագրի կայացման համար երկու տարի շարունակ ջանք չենք խնայում: Այս ընթացքում հաջողել ենք ծրագրին հաղորդել թափանցիկություն, ապահովել վստահության շեմի բարձրացում, մշակել ու կարգավորել ողջ ընթացակարգը՝ կրթաթոշակի հայտարարում, դիմումների ընդունում, հարցազրույցների վարում, կրթաթոշակի տրամադրում, ուսման պրոցեսի վերահսկում, վերադարձ Հայաստան և այլն», - նշում է ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը:

Նախապես կազմվել էին տարբեր ընտրական հանձնախմբեր՝ ըստ դիմորդների մասնագիտական ուղղվածության: Հարցազրույցների ու ներկայացված հայտադիմումների արդյունքները կամփոփվեն մինչև օգոստոսի 21-ը, որից հետո կհայտարարվեն կրթաթոշակի արժանացած դիմորդների անունները:

«Այս տարվա ընտրական հանձնաժողովի կազմն ընդլայնվել է՝ հաշվի առնելով դիմորդների մասնագիտությունները: Կազմի մեջ ընդգրկված են և´ մասնավոր ոլորտի, և´ պետական համակարգի ներկայացուցիչներ: Հանձնաժողովի կազմում ընդգրկված է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության քաղաքականության մշակման մասնագետ», - նշում է Հիմնադրամի կրթական ծրագրերի համակարգող Արմեն Ներսեսյանը։

Կրթաթոշակի չափը կախված է լինելու՝ ուսման համար անհրաժեշտ ծախսերից, ակադեմիական աստիճանից, մասնագիտությունից, ընտրական հանձնաժողովի հետ հարցազրույցի արդյունքներից, կրթաթոշակային ծրագրի պայմաններից, կրթաթոշակային ծրագրի բյուջեից:

Կրթաթոշակ կշնորհվի ուսման համար անհրաժեշտ ծախսերի մինչև 50 տոկոսի չափով, սակայն ոչ ավել, քան 25 000 ԱՄՆ դոլար՝ մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողների համար: Բակալավրիատ ընդունված դիմորդներին կշնորհվի մինչև 10 կրթաթոշակ` առավելագույնը 10 000 ԱՄՆ դոլար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]