Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Քուվեյթյան օրաթերթը տարածել է հայ-ադրբեջանական բախումների վերաբերյալ ՀՀ դեսպանատան հայտարարությունը

Քուվեյթյան օրաթերթը տարածել է հայ-ադրբեջանական բախումների վերաբերյալ ՀՀ 
դեսպանատան հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քուվեյթյան հեղինակավոր «Ալ-Սիյասա» քաղաքական օրաթերթը օգոստոսի 5-ին տարածել է հայ-ադրբեջանական սահմանին հուլիսին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ Հայաստանի դեսպանության հայտարարությունը։ «Արմենպրես»-ը ներկայացնում է հոդվածի հակիրճ բովանդակությունը, որը կրում է հետևյալ խորագիրը՝ «Ադրբեջանը վարձկանների է հավաքագրում հայ ժողովրդի դեմ օգտագործելու նպատակով»: 

«Քուվեյթում ՀՀ դեսպանության հայտարարության մեջ մասնավորապես նշված են Բաքվի կողմից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ համավարակի պայմաններում գլոբալ հրադադարի կոչին չմիանալու, ինչպես նաև՝ հրադադարի խախտումներն արձանագրող հետաքննության մեխանիզմների ներդրմանը խոչընդոտելուն ուղղված քայլերը, բերված են փաստարկներ, որոնք ուղղակիորեն ի ցույց են դնում Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ ոտնձգությունները։

Նշվում է հայկական զինուժի կողմից ադրբեջանական բանակի իսրայելական արտադրության ժամանակակից ԱԹՍ-ների խոցման փաստերը, քննադատվում Բաքվի փորձերը հայերի հետ ունեցած կոնֆլիկտն այլ երկրներ արտահանելու, Սիրիայից գրոհայիններ հավաքագրելու փորձերը, ինչպես նաև՝ Թուրքիայի հետ անցկացվող լայնամասշտաբ սադրիչ զորավարժություններն ու Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության՝ Մեծամորին հարվածելու սանձարձակ հայտարարությունները։

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ մինչև ռազմական արկածախնդրության դիմելը Ադրբեջանի ղեկավարությունն աննախադեպ սաստկացրել էր հակահայ քարոզչությունը։ Բաքուն նաև հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցություններն անիմաստ են և պատրաստ են խնդիրը լուծել ռազմական ճանապարհով՝ պահանջներ ներկայացնելով անգամ Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ։

Զուգահեռաբար շեշտվում է, որ հայության նկատմամբ թշնամանքն ու ատելությունն այդ երկրի քաղաքականության հիմքերն են. մի երկիր, որտեղ մանկապարտեզից մինչև համալսարան սերմանում են ատելությունը հայի նկատմամբ, որտեղ ցանկացած գործիչ, քաղաքական թե մշակութային, պարտավոր է իր խոսքը համեմել հակահայ քարոզչությամբ, և որտեղ որևէ մշակութային ստեղծագործություն իր մեջ պետք է հայության հանդեպ թշնամանք ներառի։ Միաժամանակ, արտաքին թշնամու կերպարի շահարկումը հնարավորություն է տալիս Ադրբեջանի ղեկավարությանը շեղել իշխանությունների դեմ կուտակված հանրային դժգոհությունը։

Հայտարարության մեջ արժևորված են այն բոլոր երկրներն ու կազմակերպությունները, որոնք այդ օրերին հանդես են եկել հավասարակշռված հայտարարություններով և ռազմական գործողությունները դադարեցնելու կոչերով։ Ընդգծված է, նաև որ Հայաստանը պատրաստ է շարունակել խաղաղ բանակցությունները և կոչ է արված միջազգային հանրությանը աջակիցը լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերի»։

Հրապարակումը հասանելի է հետևյալ հղումով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]