Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

Աննա Հակոբյանը` Կանայք հանուն խաղաղության նախաձեռնությանը ադրբեջանցիների միանալու մասին

Աննա Հակոբյանը` Կանայք հանուն խաղաղության նախաձեռնությանը 
ադրբեջանցիների միանալու մասին

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության արդյունքների մասին դեռ շատ վաղ է խոսել։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում նշեց վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:  

«Նախաձեռնությունն այժմ դեռ չի կարող արդյունք տալ, ես հույս ունեմ, որ կտա, մեր աշխատանքից է կախված, յուրաքանչյուր կնոջից ու մորից է կախված, Հայաստանի պարագայում, Արցախյան հակամարտության պարագայում հայ և ադրբեջանցի կանանցից է կախված, թե ինչ արդյունք կտա ապագայում, և երբ կտա։ «Կանայք հանուն խաղաղության» արշավի մասնակից կանայք պետք է քաղաքական որոշում կայացնողների նկատմամբ ազդեցություն ունենան, որ մի կողմ թողնեն ռազմական գործոնն ու խաղաղ ճանապարհով գտնեն հարցի պատասխանը։ Սա այն դեպքն է, որ ես չեմ սպասում, որ որևէ միջազգային կառույց, որևէ այլ երկրի ներկայացուցիչ մեզ կօգնի կամ կզսպի։ Կան միջազգային կառույցներ, որ միջամտելու մանդատ ունեն։ 30 տարի է այս հակամարտությունը շարունակվում է, բայց առկա գործիքները չեն օգնում, քանի որ պարբերաբար կրկնվում են լոկալ պատերազմները, և 30 տարին բավարար ժամանակ էր, որ մարդիկ փորձեին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Աննա Հակոբյանը։ 

Նրա խոսքով՝ երբևէ չէր եղել, որ հակամարտության երկու կողմերի ժողովուրդների մի ստվար հատված մերժի պատերազմը։ «Եվ առաջին անգամն է դա տեղի ունենում, և ես հույս ունեմ, որ այս աշավին շատ կանայք կմիանան ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում»,- նշեց Աննա Հակոբյանը։

Նրա խոսքով՝ ամբողջ աշխարհը գիտի, թե ինչ երկիր է Ադրբեջանը, որտեղ հարյուրներով քաղբանտարկյալներ կան, ցույցերը կոպտորեն ցրում են, և դժվար է նման պայմաններում այնտեղից արձագանք ակնկալելը։ «Բազմաթիվ մարդիկ են այցելել մեր կայք, բայց չենք կարող ասել, թե քանի ադրբեջանցի է միացել, չվտանգելու համար նրանց։ Բայց կաթիլ-կաթիլ կարելի է առաջ շարժվել»,- ասաց նա։ 

Աննա Հակոբյանի խոսքով, սա իր նախաձեռնությունն է, բայց ինչպես մյուս բոլոր քայլերը, այն ևս համաձայնեցրել է ամուսնու հետ: 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ