Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Բժշկական ծառայություն մատուցող ընկերության հետ պայմանագիր կնքելու հարցում շահերի բախում չկա․ ԱՆ

Բժշկական ծառայություն մատուցող ընկերության հետ պայմանագիր կնքելու հարցում 
շահերի բախում չկա․ ԱՆ

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ առողջապահության նախարարությունը շահերի բախում չի տեսնում բժշկական ծառայություններ մատուցող «Միբս» ընկերության հետ պայմանագիր կնքելու հարցում։

«Արմենպրես» հաղորդմամբ՝ «Ֆեյսբուքի» իր էջում այս մասին գրել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը՝ անդրադառնալով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից իրավիճակային շահերի բախման առերևույթ դեպքի հիմքով հարուցված վարույթին։

«Ցանկանում եմ տեղեկացնել, որ նախարար Արսեն Թորոսյանը և նախարարությունը բազմիցս անդրադարձել են այս հարցին, որը նախկինում ևս բարձրացվել էր ԶԼՄ-ներում: Այստեղ շահերի իրական բախում չենք տեսնում, քանի որ նա կամ նրա ընտանիքի անդամները տվյալ ՍՊԸ-ի մասնակից չեն հանդիսանում, ինչպես նաև որևէ այլ գույքային բարելավում չեն ստացել նախարարության հետ կնքված պայմանագրերի շնորհիվ: Շահերի բախումը թվացյալ է»,- նշել է Նիկողոսյանը:

ԶԼՄ-ներում տեղեկություն էր շրջանառվում, որ Առողջապահության նախարարությունը ծառայությունների մատուցման պայմանագրեր է կնքել «Միբս» ընկերության հետ, որի տնօրենը նախարար Արսեն Թորոսյանի կինն է՝ Վարդանուշ Թևանյանը։ Այդ պայմանագրերով «Միբս» ընկերությունը պարտավորվել է մատուցել հիվանդանոցային ծառայություններ, էլեկտրոնային առողջապահական ծախսերի փոխհատուցում, համակարգչային տոմոգրաֆիայի ծառայություն։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը իրավիճակային շահերի բախման առերևույթ դեպքի հիմքով վարույթ էր հարուցել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նկատմամբ։

«Այդ պայմանագրերը դոտացիաներ կամ նվիրատվություններ չեն կազմակերպություններին, այլ դրանք պետական պատվերի շրջանակում բժշկական ծառայությունների մատուցման պայմանագրեր են, որոնց շրջանակում բժշկական ծառայություններ են ստանում ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր ունեն դրա իրավունքը: Ուզում եմ նաև տեղեկացնել, որ բժշկական ծառայություններ մատուցող կազմակերպություններում պետական պատվերի տեղադրման կարգը նույնն է նման ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպությունների համար: Նախարարը կամ նրա ներկայացուցիչը հանձնաժողովում կներկայացնի իր փաստարկները, եթե դրա կարիքը լինի»,- հայտնել է ԱՆ մամուլի խոսնակը:

Վարույթ հարուցելու որոշման մեջ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մեջ է բերել «Հանրային ծառայության մասին» օրենքից երկու կետ.

«Շահերի բախումն իրավիճակ է, երբ պաշտոն զբաղեցնող անձն իր լիազորություններն իրականացնելիս կատարում է գործողություն կամ ընդունում որոշում, որը ողջամտորեն կարող է մեկնաբանվել որպես իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվել», ինչպես նաև «Պաշտոն զբաղեցնող անձի՝ իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվելը նշանակում է անձի լիազորությունների շրջանակում այնպիսի գործողություն կատարելը կամ որոշում ընդունելը (այդ թվում` կոլեգիալ մարմնի կազմում որոշում ընդունելուն մասնակցելը), որը թեեւ ինքնին օրինական է, սակայն հանգեցնում կամ նպաստում է, կամ ողջամտորեն կարող է հանգեցնել կամ նպաստել նաեւ իր, կամ իր հետ փոխկապակցված անձի գույքային, կամ իրավական դրության բարելավմանը»։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]