Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վարչապետն ընդունել է տեքստիլի ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցիչներին

Վարչապետն ընդունել է տեքստիլի ոլորտում գործունեություն ծավալող 
ընկերությունների ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է տեքստիլի ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցիչներին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետը նշել է, որ հանդիպման նպատակն է ճշգրտել ճգնաժամի պայմաններում ոլորտում առկա խնդիրներն ու քննարկել դրանց լուծման հնարավորությունները: «Պետք է քննարկենք այն հնարավոր աջակցության գործիքակազմը, որը կնպաստի ոլորտի՝ ճգնաժամից դուրս գալուն ու զարգացման ուղու վրա վերադառնալուն»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Նախարար Տիգրան Խաչատրյանը զեկուցել է, որ տեքստիլի ոլորտի հայկական արտադրանքի 90 տոկոսն արտահանվում է արտերկիր և նույնիսկ ճգնաժամի պայմաններում պահանջարկի նվազում չի արձանագրվել: Այս տարվա առաջին եռամսյակում տեքստիլի բնագավառում արձանագրվել է 22 տոկոսի աճ, իսկ երկրորդ եռամսյակում՝ 15 տոկոսի նվազում, ինչը հիմնականում պայմանավորված է եղել կորոնավիրուսի պայմաններում աշխատանքային ռեժիմի կրճատմամբ, աշխատակիցների գործունեության սահմանափակմամբ:

Ընկերությունների ներկայացուցիչները որպես խնդիր ներկայացրել են լոգիստիկ անբարենպաստ պայմաններում արտադրանքի արտահանման ծավալների կրճատումը, ինչը թույլ չի տալիս ներգրավվել նոր աշխատակիցների և պատրաստել անհրաժեշտ որակավորմամբ կադրեր: Վերջիններս անդրադարձել են նաև այլ հարցերի, որոնք կարող են նպաստել ոլորտի զարգացմանն ու առաջընթացին:

Այդ համատեքստում քննարկվել են աշխատատեղերի պահպանման, կադրերի պատրաստման, տեխնիկական վերազինման ուղղությամբ կառավարության կողմից օժանդակության հնարավորություններն ու մեխանիզմները: Անդրադարձ է կատարվել նաև արտահանման և ներմուծման ընթացակարգերի պարզեցման հետ կապված հարցերի:

Վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է առաջիկա մեկ շաբաթում մասնավոր հատվածի հետ շարունակել քննարկումները և դրանց արդյունքներով ներկայացնել օժանդակության գործիքակազմերին վերաբերող որոշման նախագիծ: Գործադիրի ղեկավարը մասնավոր հատվածի ներկայացուցիչներին հորդորել է նաև պահպանել հակահամաճարակային կանոնները՝ կորոնավիրուսի նոր բռնկումներից խուսափելու նպատակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]