Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մայր Աթոռն անընդունելի է համարում «Հայ եկեղեցու պատմության» դուրսբերումը հանրակրթական դպրոցից

Մայր Աթոռն անընդունելի է համարում «Հայ եկեղեցու պատմության» դուրսբերումը 
հանրակրթական դպրոցից

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն անընդունելի է համարում «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի՝ որպես առանձին բաղադրիչի, դուրսբերումը հանրակրթական դպրոցից:

«Արմենպրես» փոխանցմամբ՝ այս մասին օգոստոսի 5-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը:

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն անընդունելի է նկատում «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի՝ որպես առանձին բաղադրիչի, դուրսբերումը հանրակրթական դպրոցից և սպասում է, որ պետական լիազոր կրթական մարմինը հարգի նախորդիվ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ առարկայի, որպես առանձին բաղադրիչ դասավանդման առնչությամբ»,- ասաց Վահրամ քահանա Մելիքյանը:

Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը նշեց, որ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան հիմնականում տարալուծվել է «Հայոց պատմություն» և «Ես և իմ հայրենիքը» առարկաների մեջ, իսկ 5­րդ դասարանի դասագրքի նյութն ամբողջությամբ դուրս է բերված ծրագրից:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հարցերով ենթախմբի ատենապետ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խոսքով՝ Մայր Աթոռն այս հարցում որևէ շահադիտական նպատակադրում չունի:

«Մենք, որպես եկեղեցի, որևէ մասնավոր, ճղճիմ և շահադիտական նպատակադրում չունենք այս ամենի մեջ: Մեր նպատակը հայ սերնդին լիարժեք, հայ քրիստոնեական ինքնությանը համապատասխան կրթություն տալու մտահոգությունն է»,- նշեց Աջապահյանը:

Հուլիսի 15-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծը: Նախագծում ներառված են «Հայոց լեզու», «Գրականություն», «Մայրենի», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտութուն», «Ես և իմ հայրենիքը», «Ֆիզիկական կուլտուրա», «Շախմատ», «Նախնական զինվորական պատրաստություն», «Օտար լեզուներ», «Մաթեմատիկա», «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություններ», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Բնագիտություն», «Բնություն», «Ես և շրջակա աշխարհը», «Տեխնոլոգիա», «Արվեստ», «Կերպարվեստ», «Երաժշտություն» առարկաների չափորոշիչներն ու օրինակելի ծրագրերը։

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]