Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

Նախնական տեղեկություն կա Լիբանանում ազգությամբ մեկ հայի մահվան մասին. ՀՀ ԱԳՆ

Նախնական տեղեկություն կա Լիբանանում ազգությամբ մեկ հայի մահվան մասին. ՀՀ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնում է, որ այս պահին նախնական տեղեկություն կա Լիբանանում պայթյունի հետևանքով ազգությամբ մեկ հայի զոհվելու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Նաղդալյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Լիբանանում ՀՀ դեսպանությունը կապի մեջ է Լիբանանի պատկան մարմինների և տեղի համայնքային կառույցների ղեկավարների հետ: Հայահոծ թաղամասերում, ինչպես ողջ Բեյրութում, ավերածությունները զգալի են։ Այս պահի դրությամբ նախնական տեղեկություն կա ազգությամբ մեկ հայի մահվան և մի քանիսի՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ունենալու մասին՝ հիմնականում տներում՝ ապակիների փշրվելուց»,- գրել է Նաղդալյանը։

Մամուլի խոսնակը հավելել է, որ պայթյունից մասնակիորեն վնասվել է նաև Լիբանանում ՀՀ դեսպանության շենքը:

Արևելք լրատվական կայքը հաղորդում է, որ զոհվածը լիբանանահայ գործիչ Նազար Նաճարյանն է։

Օգոստոսի 4-ին հզոր պայթյունը ցնցել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը: Ստացվող տեղեկությունները տարբեր են, որոշ աղբյուրներում նշվում է երկրորդ պայթյունի մասին ևս: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Առաջին պայթյունը որոտացել է քաղաքային նավահանգստում, տեղական ժամանակով երեկոյան 18:00-ից հետո: Րոպեներ անց, ըստ որոշ հրապարակումների, ավելի մեծ պայթյուն է որոտացել: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները:

Լիբանանի առողջապահության նախարարությունը բոլոր հիվանդանոցներին հրահանգել է պատրաստվել վիրավորների ընդունմանը, իսկ երկրի Առողջապահության նախարարը հեռուստատեսությամբ հայտնել է, որ վիրավորների թիվը շատ մեծ է: 

Առողջապահության նախարար Համադ Հասանը տեղական ԶԼՄ-ներին հայտնել է, որ նավահանգստում հրավառության պարագաներ տեղափոխող նավ է պայթել:

Reuters գործակալությունը, հղում անելով անվտանգության և առողջապահության ոլորտի լիբանանյան աբյուրներին, հայտնում է, որ Բեյրութի նավահանգստի շրջանում տեղի ունեցած հզոր պայթյունից հետո առնվազն 10 դի է տեղափոխվել հիվանդանոցներ:

Իսրայելի պաշտոնյաները հայտարարում են, որ պաշտոնական Երուսաղեմը ոչ մի կապ չունի Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետ:

Լիբանանի նախագահն Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել։ Երկրում օգոստոսի 5-ը սգո օր է հայտարարվել։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ