Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Սեպտեմբեր

Գավառում դպրոցի նորակառույց շենքը պատրաստ  է շահագործման

Գավառում դպրոցի նորակառույց շենքը պատրաստ  է շահագործման

ԳԱՎԱՌ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այցելեց Գավառ քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցի նորակառույց շենք` ծանոթանալու շինարարական աշխատանքների ավարտական փուլին եւ շենքի շահագործման հանձնելու հետ կապված խնդիրներին: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ, ինչպես ներկայացրեց շինարարական աշխատանքներն իրականացնող ընկերության տնօրեն Դավիթ Եսայանը, դպրոցի շինարարությունը մեկնարկել է 2017 թվականի դեկտեմբերից եւ շահագործման պատրաստ կլինի 2020 թվականի ուսումնական տարվա սկզբից: Դպրոցը կառուցվել  է նախկին վթարային շենքի տեղում, որը քանդվել է հիմքից: Շինարարության ընդհանուր արժեքը կազմել է 1 միլիարդ 380 միլիոն դրամ, որը հատկացվել է պետական միջոցներից: «Շինարարական աշխատանքներն ընթացել  են ծրագրվածին համապատասխան, առանց խանգարող հանգամանքների: Հինգ մասնաշենքերի  կառուցումն այսօրվա դրությամբ ամբողջությամբ ավարտված է: Շինարարության մեջ օգտագործել ենք մինչեւ 580 տոննա երկաթյա ամրաններ, ինչը հիմք է տալիս համոզված ասելու, որ դպրոցը կառուցված է սեյսմակայունության նորագույն պահանջներին համապատասխան: Ամբողջությամբ ապահովված է որակյալ շինարարություն: Այս պահին մնում է կարգավորել հանձնընդունելության հետ կապված խնդիրները, որից հետո   525 տեղանոց եւ արդի չափորոշիչներին համապատասխան դպրոցական շենքը շահագործման կհանձնվի  այս ուսումնական տարվա սկզբից»,-ներկայացրեց  Դավիթ Եսայանը: 

Մարզպետը շրջեց դպրոցի մասնաշենքերում, ներկայացրեց իր դիտարկումները, ապա պատվիրատու եւ շինարարությունն իրականացնող կազմակերպությունների եւ դպրոցի տնօրենի հետ քննարկեց շենքի շահագործման  հանձնման հետ կապված որոշակի հարցեր: «Ամեն ինչ պետք է անենք, որ նորակառույց դպրոց հաճախել ցանկացող բոլոր առաջին դասարանցիները  սեպտեմբերի 1-ին կարողանան օգտվել այդ հնարավորությունից եւ ստիպված չլինեն ընտրել իրենց բնակության վայրից ավելի հեռու գտնվող դպրոցներ։ Դրա համար շենքը պետք է որքան հնարավոր է շուտ հանձնվի շահագործման, որպեսզի դպրոցը հասցնի ստանալ սեփականության իրավունքի վկայական, որի հիման վրա դիմի ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝  նոր լիցենզիա ստանալու համար, որն էլ  թույլ կտա`  ավելի շատ թվով առաջին դասարանցիներ ընդունելու դպրոց»,-նշեց Գնել Սանոսյանը։ 
Կողմերը մարզպետին ներկայացրին շենքի շահագործման հետ կապված որոշ հարցեր, որոնց լուծմանը  մարզպետը խոստացավ ցուցաբերել անհրաժեշտ  աջակցություն:

Խոսրով Խլղաթյան   





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ