Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Սեպտեմբեր

Դեսպան Պապիկյանը ԵԱՀԿ ՄԽ-ին է ներկայացրել Հարավային Կովկասում Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը

Դեսպան Պապիկյանը ԵԱՀԿ ՄԽ-ին է ներկայացրել Հարավային Կովկասում Թուրքիայի 
ագրեսիվ քաղաքականությունը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիեննայում, ԵԱՀԿ Մշտական խորհրդի հուլիսի 30-ի նիստի օրակարգում Հայաստանի պատվիրակության նախաձեռնությամբ ներառվել էր «Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը և ռազմատենչ վարքագիծը որպես Հարավային Կովկասում ապակայունացնող գործոն» վերտառությամբ հարցը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը իր ելույթի սկզբում ԵԱՀԿ մասնակից երկրներին տեղեկացրել է վերջին օրերին Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքերի մասին, ինչի արդյունքում դիպուկահարի կրակից մահացու վիրավորում էր ստացել Հայաստանի զինված ուժերի մեկ զինծառայող, իսկ մեկ այլ զինծառայող վիրավորվել էր։

«Դեսպանը տեղեկացրեց ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժություններ անցկացնելու վերաբերյալ Ադրբեջանի հայտարարության մասին, շեշտելով, որ այդ բոլոր գործողություններն իրականացվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից մի քանի օր հետո, որում համանախագահները ընդգծել էին հրադադարը խստիվ պահպանելու կարևորությունը և կոչ էին արել զերծ մնալ որևէ սադրիչ գործողություններից։ Հետևաբար, հայկական կողմը նշված համատեղ զորավարժությունները դիտում է որպես համատեղ սադրանք՝ ուղղված տարածաշրջանում լարվածության ավելացմանը։ Այս առումով դեսպան Պապիկյանը նաև ընդգծեց, որ Ադրբեջանի ղեկավարությունն արժեզրկում է լարվածության թուլացմանը և խաղաղ գործընթացի վերսկսմանն ուղղված միջազգային միջնորդների ջանքերը՝ կրելով ամբողջ պատասխանատվությունը ապակայունացման հետևանքների համար։ 

Անդրադառնալով Թուրքիայի դերին, դեսպանը նշեց, որ առանց այդ երկրի անվերապահ աջակցության Ադրբեջանն ի վիճակի չի լինի երկարատև ժամանակահատվածում Հայաստանի սահմանին պահպանել լարվածությունը։ Եվ այս նկատառումներից ելնելով՝ Հայաստանը ԵԱՀԿ մասնակից երկրների ուշադրությունն է հրավիրում Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությանը և ռազմատենչ պահվածքին՝ ուղղված մասնավորապես Հայաստանի և Հարավային Կովկասի տարածաշրջանի նկատմամբ ընդհանրապես։

Հայաստանի դեմ ուղղված Թուրքական վարքագծի մասին է վկայում վերջինիս լայնածավալ ներգրավվածությունը Նախիջևանում։ Չի կարելի անտեսել նաև Թուրքիայի դերը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջերս տեղի ունեցած բախումներում. Թուրքիան միակ երկիրն էր որ իր բացահայտ և անվերապահ աջակցությունը հայտնեց Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ ուղղված ռազմական արկածախնդրությանը։ 

Այնուհետև դեսպան Պապիկյանը ներկայացրեց Թուրքիայի իշխանությունների՝ նախագահ Էրդողանի, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների կողմից արված հայտարարությունները, որոնք կտրուկ տարբերվում էին միջազգային հանրության պատասխանատու դերակատարների կողմից արված հայտարարությունների տոնայնությունից և բովանդակությունից։ Հայաստանի մշտական ներկայացուցիչը նշեց, որ Թուրքիայի նման հայտարարութունները բացի լարվածությունը խրախուսելուց վկայում են նաև Հարավային Կովկասի հանդեպ այդ երկրի տարածաշրջանային նկրտումների մասին, որոնք Թուրքիայի ղեկավարությունը փորձում է հիմնավորել այսպես կոչված «պատմական առաքելությամբ»։ Հայաստանի և հայ ժողովրդի համար այս մոտեցումները հիշեցնում են Հայոց ցեղասպանության մասին, և առաջացնում են Հայաստանի ժողովրդի և իշխանությունների մտահոգությունը։

Դեսպան Պապիկյանն անդրադարձավ նաև Թուրքիայի վարքագծին ԼՂ հակամարտության առումով։ Նա, մասնավորապես, նշեց, որ այդ երկիրը, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, այնուամենայնիվ մշտապես ապակառուցողական դերակատարություն է ունեցել։ Թուրքիայի անթաքույց աջակցությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումներին և այդ երկրի սադրիչ ու միակողմանի պահվածքը վնասում են խաղաղ գործընթացին և վկայում այն մասին, որ Թուրքիան չի կարող ներգրավված լինել հակամարտության կարգավորմանն առնչվող որևէ գործընթացում։

Դեսպան Պապիկյանն անդրադարձավ նաև Հայաստանի մշտական ներկայացուցչության կողմից հուլիսի 29-ին շրջանառած ԵՍԶՈւ պայմանագրի և Վիեննա փաստաթղթի շրջանակներում Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվելիք տեսչական այցերին Թուրքիայի Հանրապետության տեսչությունների կամ հրավիրյալի կարգավիճակով թուրք տեսուչների մասնակցության հարցին։ Այս առումով դեսպան Պապիկյանը նշեց, որ Հայաստանը տարիներով ընդունել է նման տեսչական այցելությունները, որոնք հիմնականում անցկացվել են Հայաստան և Ադրբեջանի սահմանի երկայնքով։ Սակայն հաշվի առնելով Թուրքիայի ակնհայտ հակահայկական վարքագիծը, ինչպես նաև ստեղծված պայմաններում տեղեկատվության զգայունությունը Հայաստանի և Հայաստանի բնակչության անվտանգության ապահովման առումով, Հայաստանի Հանրապետությունը որոշում է կայացրել դադարեցնել ԵՍԶՈւ պայմանագրի և Վիեննա փաստաթղթի շրջանակներում Հայաստան թուրքական ռազմական տեսչական այցելությունները։

Այս ամենի հետ մեկտեղ Հայաստանը վերահաստատում է սպառազինությունների վերահսկման մեխանիզմների կարևորությունը, որպես կանխատեսելիության, թափանցիկության և հաշվետվողականության կարևորագույն գործիք՝ պայմանով, որ դրանք կիրառվում են այդ մեխանիզմների ոգուն համահունչ»,- ասվում է հաղորդագրության մեջ։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ