1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբը և Կոնգրեսի հայկական հանձնախումբը փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբը և Կոնգրեսի հայկական հանձնախումբը 
փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբն ու ԱՄՆ Ներկայացուցչների պալատի հայկական հարցերի հանձնախումբը փոխըմբռնման հուշագիր կնքեցին՝ վերահաստատելով ԱՄՆ-Հայաստան գործընկերության ամրապնդման կարևորությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուշագրի ստորագրման արարողությունը կայացավ հեռավար եղանակով՝ տեսակապի միջոցով:

ՀՀ ազգային ժողովի կողմից ստորագրեց Լիլիթ Մակունցը, իսկ Կոնգրեսի հայկական հարցրերի հանձնախմբի անունից Ֆրանկ Փալոնը: Հուշագիրը ստորագրվեց զուգահեռաբար երկու վայրերում՝ Երևանում ԱՄՆ դեսպանությունում և Վաշինգտոնում ՀՀ դեսպանությունում: Փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությանը ներկա էին նաև երկու երկրների դեսպանները, ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր,ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին նշեց՝ իր համար մեծ պատիվ է ողջունել պատմական փաստաթղթի ստորագրման վիրտուալ արարողությանը: «Այսօրվա ստորագրման արարողությամբ խորացնելու ենք 28-ամյա գործընկերությունը, որ ձևավորվել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև: Գործընկերություն, որի մեջ մենք ներդրել ենք ավելի քան 2 մլրդ դոլար՝ աջակցելով, որ բարելավվի հայ ժողովրդի կյանքը, օգնելով հայ ժողորվրդին ժողովրդավարական, տնտեսական և սոցիալական կառավարման բարելավման աշխատանքներում»,-ասաց նա:

Դեսպանը նշեց, որ Կոնգրեսի և ՀՀ Ազգային ժողովի միջև համագործակցությունը շատ կարևոր է ԱՄՆ-ի համար և այս շրջանակում իրենք ձգտում ենք աջակցել հայ ժողովրդին 2018-ի գարնանը սկիզբ առած գործընթացներում: Իսկ ՀՀ ազգային ժողովը նա կարևոր գործընկեր համարեց փոխադարձ դրական օրակարգը խորացնելու աշխատանքում:

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը նշեց՝ հրաշալի առիթ է, որը նոր էջ է բացում ՀՀ ազգային ժողովի և ԱՄՆ կոնգրեսի միջև համագործակցության շրջանակում, մասնավորապես բարեկամական խմբի և հայակական հարցերի հանձնախմբի միջև:  «Մենք լիահույս ենք, որ այդ հարաբերություններն էլ ավելի կխորանան և կխորանան զուգահեռ ընդհանուր հարաբերություներին և այն ռազմավարական երկխոսությանը, որ ծավալվում է ԱՄՆ-ի և Հայաստանի միջև: Մենք ուրախ ենք, որ հիմա նույնը նոր քայլերով տեղի կունենա նաև օրենսդիր մարմինների բնագավառում»,-նշեց նա:

ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Լիլիթ Մակունցն ասաց, որ բարեկամական խումբը ԱՄՆ ներկայացուցիչների պալատի հայկական հարցերի հանձնախմբի հետ համատեղ  դեռ 2019-ի նոյեմբերին որոշում են կայացրել նշաձող բարձրացնել երկու երկրների օրենսդիրների համագործակցության համար: «Այս փոխըմբռնման հուշագրով մենք վերահաստատում ենք ԱՄՆ-Հայաստան գործընկերության ամրապնդման կարևորությունը 2019-ի սկզբին մեկնարկած ռազմավարական գործընկերության շրջանակներում, որը երկկողմ համագործակցության նոր որակի վկայությունն է: Հուշագիրը նաև ամրագրում է այն արժեքային հենքը, որը երկուստեք կարևորվում է հարաբերությունների հետագա խորացման տեսանկյունից»,-նշեց նա:

Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը կարևորեց, որ անգամ կորոնավիրուսի ճգնաժամի պայմաններում հեռավար եղանակով կարողանում են կազմակերպել ստորագրման արարողությունը: Նա հայտնեց, որ Ջեքի Սփայերը, Ադամ Շիֆը և հանձնախմբի հանրապետական կուսակցության անդամները բոլորն են սատարում այս նախաձեռնությանը: «Հանձնախումբը, որը երկկուսակցական է, մեծապես սատարում է այս նախաձեռնությանը: Այս ամենը հնարավոր է դարձել միայն վերջին մի քանի տարիներին Հայաստանում թավշյա հեղափոխությունից ի վեր գործադրված ջանքերի շնորհիվ: Վերջին երկու տարիներին ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի հետ շփումները հնարավոր են դարձրել փոխըմբռնման հուշագրի ստորագրումը: Ստորագրումը նաև թավշյա հեղափոխության շնորհիվ է հնարավոր դարձել»,-ասաց նա:

Փալոնի կարծիքով՝ ՀՀ ազգային ժողովի պատգամավորները, այդ թվում՝ բարեկամական խմբի անդամները ցանկանում  են, որպեսզի ԱԺ-ն Հայաստանում լինի անկախ ճյուղ: «Թավշյա հեղափոխությունից հետո մենք մի բան նկատեցինք: Նկատեցինք, որ Հայաստանում խորհրդարանը շատ ավելի էական դերակատարում է ունենում, քան անցյալում է ունեցել: Դրա շնորհիվ նաև բարձրանում է ԱԺ-ի դերակատարումը Հայաստանում: Եվ ես փորձում եմ նույնը նաև այստեղ մեզ մոտ անել: Ժողովրդավարության ժամանակ շատ կարևոր է, որ օրենսդիր մարմինը կարևոր դերակատարում ունենա: Մենք շատ ընդհանուր արժեքներ ունենք՝ ժողովրդավարություն, իրավունքի գերիշխանություն, անկախ դատական համակարգ, կոռուպցիան արմատախիլ անելու նվիրում»,-ասաց կոնգրեսականը:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]