Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կառավարությունն օժանդակություն կցուցաբերի ռեստորանային բիզնեսին աշխատատեղերի պահպանման գործում

Կառավարությունն օժանդակություն կցուցաբերի ռեստորանային բիզնեսին 
աշխատատեղերի պահպանման գործում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները: «Ձեր նախաձեռնությունը մեր տնտեսության բոլոր ոլորտների ներկայացուցիչների հետ առաջիկայում հանդիպելու առիթ հանդիսացավ, որպեսզի ավելի տեղային կարողանանք քննարկել և փորձել հասկանալ, թե ինչ կարող ենք անել, որպեսզի ոչ միայն տնտեսական ճգնաժամը հաղթահարենք, այլև ավելի բարձրացնենք ոլորտների, և ընդհանուր առմամբ, մեր տնտեսության մրցունակությունն ու արդյունավետությունը: Կարծում եմ՝ նույնիսկ ճգնաժամի պայմաններում այս օրակարգը պետք չէ մոռանալ: Որքան պրոակտիվ լինենք ճգնաժամային իրավիճակում, որքան ավելի երկարաժամկետ հորիզոնի նկատմամբ որոշակի քաղաքականություն դրսևորենք՝ այնքան ավելի լավ»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

Այնուհետև ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց մտահոգող հարցերը, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված առաջացած խնդիրները և հանդես եկել դրանց լուծման առաջարկություններով: Մասնավորապես, մասնավոր հատվածի ներկայացուցիչները գոհունակություն են հայտնել կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային տնտեսական միջոցառումներից և կարևորել ռեստորանային ոլորտում աշխատատեղերի պահպանման ուղղությամբ հնարավոր օժանդակությունը: Նրանց խոսքով՝ այն կօգնի, որպեսզի ոլորտը ճգնաժամից դուրս գա նվազագույն կորուստներով:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է, որ վարչապետի գլխավորությամբ կառավարությունում արդեն իսկ քննարկվել է այդ հարցը և այժմ պատրաստման փուլում է բիզնեսին աշխատատեղերի պահպանման նպատակով պետական օժանդակություն ցուցաբերելու նախագիծը: Նախարարը մանրամասներ է ներկայացրել նախագծով նախատեսվող օժանդակության մեխանիզմների վերաբերյալ: 

Վարչապետը հանձնարարել է առաջիկա մեկ շաբաթում մասնավոր հատվածի հետ շարունակել քննարկումները նախագծի շուրջ՝ վերջիններիս առաջարկներով այն լրամշակել և ներկայացնել կառավարության հաստատմանը: Գործադիրի ղեկավարն ընդգծել է ծառայությունների մատուցման ոլորտի շարունակական զարգացման անհրաժեշտությունը և հորդորել բիզնեսի ներկայացուցիչներին հանդես գալ նաև մարզերում ժամանակակից ռեստորանների և սրճարանների հիմնման նախաձեռնություններով, ինչը կարևոր նշանակություն ունի նաև համայնքներում մթնոլորտի բարելավման հարցում:   

      

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]