Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ուզբեկստան, Ռուսաստան, Հնդկաստան, Մարոկկո, Հայաստան. հայ օդաչուն կյանքի 47 տարին նվիրել է ավիացիային

Ուզբեկստան, Ռուսաստան, Հնդկաստան, Մարոկկո, Հայաստան. հայ օդաչուն կյանքի 47 
տարին նվիրել է ավիացիային

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ավիացիայի ոլորտում գրեթե 50 տարվա փորձ ունեցող Արամ Եղոյանը, ով իր կյանքի մոտ 5 տարին բառի բուն իմաստով անցկացրել է օդում, Հայաստանի ամենաերկարամյա օդաչուն է։

Եղոյանը, ով այսօր նաև Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի Թռիչքային գործունեության վարչության պետն է, «Արմենպրես»-ին պատմեց օդաչուի կյանքի մասին, կենցաղից մի փոքր կտրված լինելու, ինչպես նաև ընտանիքի հետ քիչ ժամանակ անցկացնելու մասին։

Ընտանիքի առաջին օդաչուն է

Եղոյանն ընտանիքում առաջին օդաչուն է հայրը եղել է նկարիչ-քանդակագործ, իսկ մայրը՝ տնային տնտեսուհի։ 

«1973 թվականին, երբ արդեն ավարտում էի դպրոցը, կարդացի, որ հնարավոր է օդաչուի մասնագիտություն ձեռք բերել, որոշեցի փորձել։ Ընդունելության առաջին տարում մրցակցությունը շատ էր, և ես չընդունվեցի։ Այդ ժամանակ Արզնիում կար ԴՕՍԱԱՖ (բանակին, ավիացիային և նավատորմին աջակցող կամավոր ընկերություն), որտեղ սովորեցի Յակ-18 ինքնաթիռով թռչել, հետո հաջորդ տարի ընդունվեցի ՌԴ Օրենբուրգի մարզի Բուգուրուսլանի թռիչքային ուսումնարան»,- ասաց օդաչուն։ 

Ուզբեկստանից մինչև Մարոկկոմոտ 10 տարի արտասահմանում

Ուսումնարանն ավարտելուց հետո աշխատել է ԱՆ-2 ինքնաթիռով, Ուզբեկստանի Կարակալպակիայի Ինքնավար Հանրապետության Նուկուս քաղաքում։ Մոտ 3 տարի այնտեղ եղել է որպես երկրորդ օդաչու, ինչպես նաև հրամանատար։  Նա 1980 թվականին վերադարձել է Հայաստան և այստեղ եղել Յակ-40 օդանավի երկրորդ օդաչու, հրամանատար, հրահանգիչ։ Այդ ինքնաթիռով թռիչքներ է կատարել 8 տարի, հետո սովորել է Տու-154 ինքնաթիռով թռչել և աշխատել մինչև 2003 թվականը։ 

2003 թվականից մինչև այսօր Արամ Եղոյանն աշխատում է Ա-320 ինքնաթիռով որպես հրամանատար, հրահանգիչ։ Հայաստանում նա աշխատել է «Արմավիա» ավիաընկերությունում։

««Արմավիա» ավիաընկերությունն առաջինն էր, որ շահագործեց «Սուխոյ սուպեր ջեթ» ինքնաթիռը, մենք էլ առաջին օդաչուներն էինք։ 1 տարի աշխատեցինք, ինքնաթիռը շատ հարմար էր, բայց ինչ-ինչ պատճառներով դրա շահագործումը դադարեցվեց։ «Արմավիա»-ի սնանկանալուց հետո բազմաթիվ օդաչուներ գնացին այլ երկրներում աշխատելու, այդ թվում նաև ես։ Հիմնականում մեկնել էինք Մոսկվա «Աէրոֆլոտ»-ում էինք աշխատում։ Դրանից 3 տարի հետո գնացի Հնդկաստան՝ Մադրաս քաղաքում էի աշխատում, որտեղ հիանալի են վերաբերվում հայերին, այնտեղ հայկական փողոց կա, որ կոչվում է «Armenian street», Հայ առաքելական եկեղեցի կա, որ գտնվում է հենց հին քաղաքի կենտրոնում։ Հնդկաստանում եղել եմ նաև Կալկաթայում, որտեղ մարդասիրական ճեմարան կա և այնտեղ սովորում են ազգությամբ հայ երեխաներ»,- նշեց Արամ Եղոյանը։ 

Հնդկաստանում աշխատելուց հետո նա տեղափոխվել է Մարոկկո և շարունակել իր գործը «Էյր Արաբիա» ավիաընկերությունում, որպես օդանավի հրամանատար։ Այնտեղ նույնպես 3 տարի է աշխատել։ 

Այս պահին Եղոյանն աշխատում է նաև Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում՝ Թռիչքային գործունեության վարչության պետն է։ Մոտ 6 ամիս է, ինչ թռիչքներ չի իրականացնում, սակայն դեռևս ունի գործող վկայական և մինչև 65 տարեկան կարող է թռչել, այսինքն` մոտ 1 տարի։ 

Կնոջ հետ հաշտ ու համերաշխ ապրում է 37 տարի

10 տարի աշխատելուց հետո՝ 1983 թվականին, Եղոյանն ամուսնացել է և ինչպես ինքն է ասում՝ արդեն 37 տարի է շատ հաշտ և համերաշխ ապրում է կնոջ հետ։ 

«Ինչու եմ շեշտում հաշտ ու համերաշխ ապրելը, քանի որ այդքան էլ հեշտ չի օդաչուի կին լինելը։ Մենք շատ քիչ ենք տանը լինում, այլ երկրներում ենք աշխատում, բայց  կինս և երեխաներս ըմբռնումով են մոտեցել իմ մասնագիտությանը։ Կինս հաշվիչ տեխնիկայի մասնագետ է, սակայն ինչ-որ մի պահի նա որոշեց այլևս չաշխատել և իրեն ամբողջովին նվիրել ընտանիքին։ Ունեմ 1 աղջիկ և 1 տղա, որը նույնպես օդաչու է։ Նա ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ աուդիտի բաժինը։ Դրանից հետո ես նրան առաջարկել եմ դառնալ օդաչու և մի որոշ ժամանակ անց նա համաձայնել է։ Այդ ժամանակ «Արմավիա» ավիաընկերությունը դասընթացներ էր կազմակերպել և ուղարկեց օդաչու դառնալ ցանկացողներին Պորտուգալիա և Իսպանիա՝ սովորելու։ Նրանք այնտեղ ստացան օդաչուի վկայականներ, ինչից հետո Հայաստան վերադարձան։

Եղոյանի տղան՝ Դավիթը, «Արմավիրա»-ի սնանկանալուց հետո սկսել էր աշխատել Արաբական Միացյալ Էմիրություններում։ Այնտեղից հետո նա տեղափոխվել էր «Աէրոֆլոտ», որտեղ այդ նույն ժամանակահատվածում աշխատոմ էր նաև Արամ Եղոյանը։ 

«Այնտեղից հետո, երբ ես տեղափոխվեցի Հնդկաստանում աշխատելու, տղաս էլ  գնաց Քուվեյթ, որտեղ արդեն 5 տարի աշխատում է։ Դավիթը «Ջազիրա» ավիաընկերության օդանավի հրամանատար է, սակայն արտակարգ դրության պատճառով այժմ գտնվում է Հայաստանում։ Ամուսնացած է, ունի մեկ տղա, որն արդեն 3 տարեկան է։ Աղջիկս միջազգային հարաբերությունների մասնագետ է, սակայն այս պահին չի աշխատում, քանի որ նույնպես ամուսնացած է և ունի փոքր երեխաներ՝ 6 տարեկան տղա և  4 տարեկան աղջիկ»,- նշեց օդաչուն։

Կենցաղից մի փոքր կտրված

Եղոյանն անկեղծանում է և ասում, որ օդաչուները հիմնականում մի փոքր կտրված են լինում կյանքից, շատ բաներ չեն պատկերացնում։

«Կինս երբեմն ասում է, որ ես շատ հարցերից գլուխ չեմ հանում, չգիտեմ ինչը ոնց է արվում, ես երբեք, օրինակ, քաղաքապետարան չեմ գնացել, որևէ հարցով չեմ զբաղվել։ Մեզ համար երբեմն իրական կյանքը լրիվ այլ է, օրինակ մի անգամ դեռ շատ տարիներ առաջ նստել էի երթուղային տաքսի, բարևեցի բոլորին, ոչ ոք չարձագանքեց, զարմացել էի, տարօրինակ էր ինձ համար այդ փաստը։ Իսկ օդանավը վարել սկսելուց առաջ մենք գիտենք, որ պետք է այսինչ բանը լինի, այնինչը լինի, եթե չեղավ, ուրեմն չենք կարող թռչել, մենք սխալվելու իրավունք չունենք։ Մեզ մոտ ամեն ինչ հստակ է ու դասավորված, սակայն իրականությունն այլ է, կյանքում պետք է ձգտես, պայքարես, սխալվես, սխալներդ ուղղես»,- հավաստիացրեց Եղոյանը։

Օդաչուն չի կարող վատ մարդ լինել

Եղոյանը վստահեցնում է, որ օդաչուն չի կարող վատ մարդ լինել, քանի որ օրինակ ինքն իր կյանքի 64 տարուց 5-ը բառի բուն իմաստով օդում է եղել և ոչ ոքի վատություն չի արել։

«Իմ թռիչքներն ընդհանուր առմամբ կազմում են 24 հազար ժամ և ստացվում է, որ մոտ 5 տարի օդում եմ և այդքան ժամանակ չեմ մտածել այլ, կենցաղային հարցերի շուրջ, ոչ ոքի վատություն չեմ արել։ Եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ կյանքի մի մասն էլ քնում ենք, տնից աշխատանքի և հակառակ ճանապարհին ենք լինում, ստացվում է մոտ 5 տարի էլ այդ ժամանակ ոչ ոքի վատություն չեմ արել»,- կատակում է Եղոյանը։

Բարդ իրավիճակներ եղել են՝ շարժիչն է խափանվել

Եղոյանն ասում է, որ 2003 թվականից սկսած թռիչք է իրականացնում Airbus տիպի ինքնաթիռներով և դրանցով արտակարգ դեպքեր շատ քիչ են լինում, սակայն երբ Տու-154-ով է թռիչքներ կատարել՝ երկու անգամ տարբեր դեպք է պատահել։ 

«Մեկ անգամ, երբ արդեն թռիչքուղու վրայով վազում էինք՝ շարժիչը խափանվել էր, բարեբախտաբար կարողացանք կանգնեցնել օդանավը և կարգավորել ամեն ինչ։ Երկրորդ անգամ արդեն օդում էինք, երբ նկատեցինք, որ շարժիչի հետ կապված խնդիր կա։ Արդեն Արագած լեռան մոտ էինք հասել, սակայն վերադարձանք Երևան, բարեհաջող վայրէջք կատարեցինք և, բարեբախտաբար, այդ ժամանակ նույնպես կարողացանք վերացնել խնդիրը»,- նկատեց օդաչուն։ 

Նա նշեց, որ ցանկացած խնդիր իրենք կարողանում են լուծել, քանի որ բոլոր օդաչուները 6 ամիսը 1 անգամ թրեյնինգներ են անցնում, որի ժամանակ վարժասարքերի վրա արտակարգ իրավիճակներ են ստեղծվում։

«Վարժասարքերը շատ մոտ են սարքած իրականությանը և ցանկացած ստեղծված իրավիճակից դուրս ենք գալիս նույնքան լարված, հոգնած, որքան կարող էր լիներ իրական կյանքում։ Օրինակ, ստեղծվում է այնպիսի իրավիճակ, թե ինքնաթիռի ներսում ծուխ է կամ որևէ մաս է խափանվել, կամ շարժիչի մեջ թռչուն է հայտնվել, և մենք պետք է նմանատիպ փորձությունները հաղթահարենք, ըստ դրա էլ գնահատվում է օդաչուի, անձնակազմի աշխատանքը և պատրաստվածությունը», - ասաց 47 տարվա փորձ ունեցող օդաչուն։

Արցախյան պատերազմի ժամանակ երեխաների է բերել Հայաստան

«1988 թվականին, երբ Յակ-40-ով թռիչքներ էի անում, այդ ժամանակ նոր էր սկսել Արցախյան պատերազմը, մի քանի թռիչք եմ արել դեպի Արցախ և երեխաների էինք բերում Հայաստանի տարածք»,- նշեց Եղոյանը։ 

Հանգստության զգացում կա օդանավում որպես ուղևոր

Օդաչուն պատմեց, որ որպես ուղևոր ինքնաթիռում բավականին հանգիստ է լինում, քանի որ հստակ գիտի՝ բոլոր օդաչուները նույն ընթացակարգն են անցնում օդաչուի խցիկ մուտք գործելուց առաջ։

«Որպես օդաչու` ես պատասխանատվություն եմ զգում ինքնաթիռում գտնվող անձնակազմի և ուղևորների համար, սակայն որպես ուղևոր՝ միշտ հանգիստ եմ լինում, քանի որ բոլոր օդաչուները նույն ուսումն են ստանում։ Բոլորս անցնում ենք Standart operating procedure (SOP - ստանդարտ գործառնական ընթացակարգ), ինչի շնորհիվ էլ գիտեմ և համոզված եմ լինում բոլոր օդաչուների պրոֆեսիոնալիզմի վրա, որովհետև վստահ եմ, որ այդ ընթացակարգերը չանցնելու դեպքում նրան չեն թույլատրի մուտք գործել օդաչուի խցիկ, առավել ևս օդանավը վարել»,- վստահեցրեց Եղոյանը։ 

Որպես ուղևոր ինքնաթիռում գտնվելիս՝ նա հիմնականում երաժշտություն է միացնում, և ականջակալներով լսում կամ ֆիլմ է դիտում, որպեսզի ժամանակը շուտ անցնի։

Զրուցեց Լիլիթ Դեմուրյանը

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]