Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Իսրայելը պետք է վերջ դնի Ադրբեջանի հետ մահացու գործարքին. Մնացականյան

Իսրայելը պետք է վերջ դնի Ադրբեջանի հետ մահացու գործարքին. Մնացականյան

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի խոսքով՝ Իսրայելը պետք է վերջ դնի Ադրբեջանի հետ իր մահացու գործարքին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մնացականյանն ասել է իսրայելական Jerusalem Post-ի հարցերին ի պատասխան, անդրադառնալով Իսրայելի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի թեմային:

«Ադրբեջանին զենքի վաճառքը մահացու է, քանի որ Ադրբեջանը երբեք չի վարանում կիրառել այդ զենքերը քաղաքացիական ենթակառուցվածքների, քաղաքացիական բնակչության դեմ: Մենք հետևողական ենք այս հարցի հետապնդման առումով, այն մշտապես լինելու է մեր օրակարգի անքակտելի մասը թե՛ երկկողմ և թե՛ միջազգային հարթակներում: Իսրայելը պետք է վերջ դնի Ադրբեջանի հետ իր մահացու գործարքին»,- ասել է Մնացականյանը:

Նա անդրադարձել է նաև հուլիսի 12-20-ն Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության սահմանին Տավուշի ուղղությամբ սանձազերծած գործողությունների ընթացքում ՀՀ Զինված ուժերի կրակից խոցված ադրբեջանական կողմի անօդաչու թռչող սարքերին, որոնք հիմնականում եղել են իսրայելական արտադրության:

«Մեզ համար այդ զենքերը մահացու են, քանի որ դրանք սպանում են մեր մարդկանց: Մեր զինծառայողները չեզոքացրել են Ադրբեջանի զենքերը՝ անկախ դրանց ենթադրյալ ծագման աղբյուրից: Ադրբեջանի կողմից ձեռք բերված և Հայաստանի ու Արցախի քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակչության դեմ կիրառված սպառազինության մասին փաստերը բազմաթիվ են, և հուլիսյան դեպքերը հավելյալ ապացույցներ տրամադրեցին»,- նշել է ԱԳ նախարարը:

Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ հուլիսյան դեպքերն Ադրբեջանի կողմից՝ ղարաբաղյան հակամարտությունը բացարձակապես սեփական պայմաններով լուծելու երկրորդ փորձն էր:

«Վերջին լարվածությունը ցույց տվեց, որ Ադրբեջանի կողմից ուժի և իր թվացյալ ռազմական առավելության ցուցադրումը շեշտակիորեն անհաջողության մատնվեցին, և մենք ականատես եղանք ակնհայտ սխալ հաշվարկի»,- ասել է Մնացականյանը:

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներ կրելով, ետ շպրտվել: Ավելի ուշ ադրբեջանական կողմը վերսկսել էր հրետակոծությունը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ: Հուլիսի 21-ին, ժամը 22:30-ին «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը: Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ: Հայ-ադրբեջանական պետական սահմանին հուլիսի 28-ի լույս 29-ի գիշերը և այսօր առավոտյան պահպանվել է հարաբերական անդորր։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]