Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Առարկայական չափորոշիչների մշակումը դեռեւս «խմորման» փուլում է

Առարկայական չափորոշիչների մշակումը դեռեւս «խմորման» փուլում է

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԿԳՄՍ—ի մշակած հայկական դպրոցների հայ գրականության եւ հայոց լեզվի նոր չափորոշիչների ու ծրագրերի նախագիծը հանրության շրջանում բուռն քննարկման առիթ դարձավ։

Նախարարությունը օրեր առաջ պաշտոնական գրառմամբ անդրադարձավ ծրագրին՝ տեղեկացնելով, որ Ոսկեդարի եւ միջնադարյան հայ գրականության ուսումնական ծրագրում ներառված են նաեւ միջնադարյան հեղինակներ Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին, Նահապետ Քուչակը, Սայաթ—Նովան։ Սկսած 5—րդ դասարանից՝ աշակերտները կուսումնասիրեն պատմիչներ Մովսես Խորենացու, Ագաթանգեղոսի, Փավստոս Բուզանդի, Եղիշեի, Ղազար Փարպեցու, ինչպես նաեւ առակագիրների գործերը։ Առարկայական չափորոշիչների «Հայոց լեզու», «Գրականություն», «Մայրենիի» փորձագիտական խմբի ղեկավար Թամար Ալեքսանյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում շեշտում է՝ հին չափորոշիչները չափելի չէին, այնտեղ հստակ սահմանված չէր, թե ամեն ուսումնական տարվա ավարտին աշակերտից ինչ է պահանջվելու։

Նրա խոսքով՝ հին ծրագրում հեղինակները ուղղակի հաջորդում էին մեկը մյուսին, աշակերտը ժամանակ չէր ունենում ուսուցչի հետ միասին կարդալու, վերլուծելու, ուսումնասիրելու, ընկերների հետ քննարկելու գրական երկը։ «Ամբողջ փոփոխության մեխը հենց սա է եղել, որպեսզի աշակերտը ոչ թե հեղինակ անցնի, այլ գրական երկի տեքստ ուսումնասիրի։ Այս փաստաթուղթը, որը դեռեւս նախագիծ է եւ «սեւագիր», կոչվում է ծրագիր, սա դասագիրք չէ, չի էլ կարող լինել։ Ձեր թված բոլոր հեղինակները եւ գրականության շրջանները ներառված են ծրագրում։ Նախարարությունը ցանկացավ բաց հանրային քննարկում կազմակերպել, բացեց պաշտոնական կայքէջ, որպեսզի բոլոր կարծիքներն ու առաջարկները ուղարկեն մեզ, որպեսզի կարողանանք ի մի բերելով բոլոր շահագրգիռ, նախանձախնդիր մարդկանց կարծիքները՝ փաստաթուղթը լրամշակել, կարգի բերել»,–պարզաբանում է Թ. Ալեքսանյանը՝ հավելելով, որ նոր ծրագրում հեղինակների անուններ երբեմն նշված չեն, բայց բոլորը «ներկա» են, երբեմն էլ ավելի խոր եւ հետաքրքիր ձեւով է ապահովվում նրանց «ներկայությունը»։ Փորձագիտական խմբի ղեկավարը «չակերտները» բացում է. «6—րդ դասարանում աշակերտներն անցնում են Խորենացու վիպերգերի մշակումները, որոնք կան նաեւ այսօրվա գործող դասագրքում։ Շատ ավելի ընդարձակ ձեւով լինելու են նաեւ հետագայում։ Ստացվում է՝ Խորենացուն արդեն առնչվեցին, քանի որ այնտեղ գրվում է՝ ըստ Խորենացու։ Հետո գալիս է 9—րդ դասարանը, որը սկսվում է գրերի գյուտով, պատմագրությամբ, նաեւ անդրադարձ է կատարվում 6—րդ դասարանում անցածին։ Խորենացուց հետո բավական երկար ուսումնասիրում են «Սասունցի Դավիթ»։ Այստեղ տեղի է ունենում ազգային խորքերի բանահյուսական նյութի դրսեւորման տարբեր ձեւերի շատ հետաքրքիր համեմատություն եւ շատ խորքային վերլուծություն»։

Նախարարության մշակած ծրագրում գրականագետների մի մասը, այնուամենայնիվ, խնդիրներ է տեսնում։ Բանասիրական գիտությունների թեկնածու Արքմենիկ Նիկողոսյանը մեզ հետ զրույցում շեշտում է՝ նախագծի վրա դեռ շատ աշխատանք կա անելու։ Նոր չափորոշիչների վերաբերյալ գրականագետն իր մտահոգություններն է հայտնում. «Շատ լավ չափորոշիչներ կարող էին լինել, բայց, ցավոք, ծրագիրը կրում է շտապողականության կնիք։ Որոշ հարցադրումներ ճիշտ տրված չեն, որոշ հարցադրումների փոփոխության կարիք կա»։ Նոր չափորոշիչի առավելություններից է համարում կոնկրետ գրական երկի ուսումնասիրությունը, սակայն այս մասով էլ է խնդիր տեսնում. «Մի խնդիր կա. ցավալին այն է, որ չափորոշիչում սկզբից մինչեւ վերջ կրթությունը դրված է գրական երկի ուսումնասիրության վրա։ Բացթողում է, օրինակ, այն, որ նկատի առնված չէ գրողի կենսագրությունը որպես գրական երկի ուսումնասիրության եւս մեկ օժանդակ մեթոդ։ Լավ կլիներ, որ դրվեր։ Մենք անընդհատ ասում ենք՝ չունենք մտածող երեխաներ, լավ չեն կարողանում վերլուծել գրականությունը։ Այս խնդիրները մեթոդական մոտեցումների հետեւանք են։ Մեծ պատիվ մեր այն ուսուցիչներին, ովքեր կարողացել են հին չափորոշիչներով, այս դասագրքերով առավելագույնը քաղել, դասերը դարձնել հետաքրքիր, օգնել երեխաներին ժանրեր ճանաչել, տեքստի մեջ խորանալ, տեքստ համադրել եւ այլն։ Նոր չափորոշիչները գալիս են այդ բացը լրացնելուն»։

Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ—ի հայ հին եւ միջնադարյան գրականության եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանն ասաց, որ ամբիոնի արտահերթ նիստի ժամանակ ծրագիրը քննարկելուց հետո խնդրահարույց է համարվել. «Հայի բնավորության ամենամարդասիրական գծերը պատկերված են Ոսկեդարի հայ գրականության մեջ, գալիս են Մաշտոցից, Խորենացուց, անցնում ողջ միջնադարով, հասնում Աբովյան, Թումանյան, Իսահակյան, Վարուժան, Սիամանթո, Չարենց, Բակունց եւ ուրիշներ, հասնում մերօրյա տաղանդավոր գրողներին»։

Գրականագետը նկատում է՝ աշխարհի հին քաղաքակրթություն ունեցող բոլոր երկրներն իրենց դպրոցներում գրականության ուսուցումը սկսում են հին շրջանից. «Թուրքիայում, եթե դեռ մնացել են հայկական հուշարձաններ, հիմա կոչվում են թուրքական. այդպես են սովորեցնում նոր սերնդին։ Վաղը թուրքական են համարվելու նաեւ Արեւմտահայաստանում ծնված մեր մեծերի հանճարեղ գործերը, ինչպես արբեջանցիներն իրենց մատենագիրներ են համարում Մովսես Կաղանկատվացուն, Դավթակ Քերթողին, Համամ Արեւելցուն, Մխիթար Գոշին,Կիրակոս Գանձակեցուն, Վարդան Արեւելցուն, որովհետեւ նրանք ծնվել են Մեծ Հայքի այն տարածքում, որը խորհրդային իշխանության տարիներին Քեմալ Աթաթուրքի պահանջով տրվել է մինչ այդ աշխարհի որեւէ քարտեզի վրա գոյություն չունեցած նորաստեղծ Ադրբեջան պետությանը։ Նրանք իրենցն են համարում նաեւ Տիգրան Մեծին՝ նույն տրամաբանությամբ։ Այդ ոգով են գրվում Թուրքիայի եւ Ադրբեջանի դասագրքերը...»։

Թեեւ առարկայական չափորոշիչների մշակումը դեռեւս «խմորման» փուլում է, այդուհանդերձ, ունեցած նյութերն ու հնչեցված կարծիքները վերլուծելիս կարելի է հանգել այն տեսակետին, որ նախարարության նպատակն է, ըստ էության, մշակել այնպիսի չափորոշիչներով կրթական մեխանիզմ, որը կնպաստի աշակերտների քննադատական եւ վերլուծական մտքի զարգացմանը։

Լիանա Սարգսյան

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]