1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանը չպետք է ենթարկվի Թուրքիայի խաղի կանոններին

Հայաստանը չպետք է ենթարկվի Թուրքիայի խաղի կանոններին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի ագրեսիվ ոճը թելադրում է մեզ խաղի կանոններ, ինչին մենք միայն հակազդում ենք։ Մինչդեռ ժամանակն է, որպեսզի Հայաստանն ունենա իր քաղաքական օրակարգը եւ քայլ առ քայլ իրականացնի այն։

Նման կարծիք հայտնեց Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, պատմաբան Վահրամ Տեր—Մաթեւոսյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում։

«Առաջին խնդիրը, որը մենք պետք է լուծենք, այն բանաձեւի փոփոխությունն է, որով երկար ժամանակ առաջնորդվել է Հայաստանը։ Երեք տասնամյակ շարունակ որդեգրել ենք առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու սկզբունքը, որից օգտվել են Ադրբեջանն ու Թուրքիան։ Դրա փոխարեն Հայաստանը պետք է իր քաղաքական օրակարգով հանդես գա եւ անվերջ սպասելու փոխարեն նոր լուծումներ փնտրի։ Ինչու չէ, նաեւ հանդես գա հանդուգն, հեռահար նախաձեռնություններով»,–նշեց նա։

Նախօրեին կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հուլիսի 12—ին Ադրբեջանի կողմից Տավուշի մարզի սահմանապահ դիրքերի ուղղությամբ ձեռնարկված հարձակման եւ միջազգային հանրության արձագանքին, նշել էր, որ միակ երկիրը, որ փորձում էր ոչ թե հանդարտեցնել իրավիճակը, այլ առավել մեծ բռնություններ հրահրել՝ Թուրքիան էր։ Հետեւաբար, այդ երկրի ագրեսիվության աճը առաջ է բերում մեր քաղաքականության որոշակի վերանայման անհրաժեշտություն, այդ թվում՝ Թուրքիայի ագրեսիվությունը զսպելու միջազգային ֆորմատներում մեր մասնակցության ծավալների իմաստով։

Նախկինում էլ ՀՀ վարչապետի կողմից բավականին կոշտ հայտարարություններ հնչել են Թուրքիայի հասցեին։ Հայաստան—Թուրքիա հարաբերությունների վատթարացման առումով պատմաբանն անկյունաքարային է համարում հատկապես 2019 թվականը, մասնավորապես, երբ մարտ ամսին Փաշինյանը հարցազրույցներից մեկում ակնարկեց, որ Հայաստանը պետք է օրակարգ մտցնի Կիպրոսի հարցը, ինչպես նաեւ Թուրքիայում մարդու իրավունքների խնդիրները, եթե Անկարան շարունակի առաջ տանել իր մոտեցումները Հայաստանի նկատմամբ։ Դրանից հետո արդեն հուլիսի 10—ին Հայաստանի ԱԳՆ—ն հանդես եկավ հայտարարությամբ, որով դատապարտեց Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում իրականացվող Թուրքիայի քաղաքականությունը, իսկ հոկտեմբերի 10—ի հայտարարությամբ Հայաստանը դատապարտեց Թուրքիայի ներխուժումը Հյուսիսային Սիրիա։

Տեր—Մաթեւոսյանի խոսքով, այս եւ մի շարք այլ հայտարարություններ համադրելով՝ ակնհայտ է դառնում, որ գործ ունենք հայ—թուրքական չեղած հարաբերությունների ավելի վատթարացման հետ։ Ակնհայտ է, որ տարիների ընթացքում ո՛չ Թուրքիայի քաղաքականությունն է փոխվել Հայաստանի նկատմամբ, ո՛չ Հայաստանինը՝ Թուրքիայի։

«Այսօր քաղաքական կոշտ հայտարարությունների եւ դիմակայության փուլ են մտել հայ—թուրքական հարաբերությունները։ Մենք պետք է գնահատենք, թե երկարաժամկետ առումով որքանով է այս գիծը նպաստավոր մեր ազգային եւ պետական շահերին։ Այս հարցի պատասխանը դեռ չունեմ, բայց անհրաժեշտ է քայլ առաջ ընկնել, որպեսզի թուրքական իշխող վերնախավը փոքր—ինչ վերանայի Հայաստանի դեմ իրար հետեւից արվող հայտարարությունները»,–ասաց նա։

Մեր այն դիտարկմանը, թե Թուրքիան ընդգծված հակահայկական քաղաքականություն է տանում ոչ միայն երկկողմ մակարդակում, այլեւ տարբեր միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպություններում, պատմաբանը արձագանքեց, որ մենք չենք օգտագործում մեր հնարավորությունների ամբողջ զինանոցը, չենք օգտագործում եւ այն օրակարգը, որի շուրջ կարելի էր քաղաքական խորհրդակցություններ սկսել Թուրքիայի հետ միջնորդավորված ձեւով, ինչը հիմա առավել քան դժվարացել է։ «Պատճառն այն է, որ Թուրքիայում մենք գործ ունենք մի մարդու հետ, որը պոպուլիստ իսլամիստ է, ազգայնական։ Նա օսմանյան հզորության վերականգնման մեծ ջատագով է եւ, բնականաբար, էրդողանական Թուրքիայի հետ նման բանակցություններ վարելը կամ քննարկումներ սկսելը շատ ավելի բարդ է, բայց ոչ անհնար»,–կարծիք հայտնեց զրուցակիցս՝ ընդգծելով, որ անհնարինության պատկերացումները պետք է տեղափոխել ճկունության դաշտ, ինչի համար կան թե դիվանագիտական, թե այլ ուղղություններ։

Պատմաբանի խոսքով, շատ կարեւոր է, որպեսզի մենք կարողանանք դիրքեր զբաղեցնել Թուրքիայի ինֆորմացիոն տարածքում, ինչը, իհարկե, շատ դժվար կլինի։ Այդտեղ այսօր գերակա դիրքում է Ադրբեջանը եւ կարողանում է իր մոտեցումներն առանց որեւէ խոչընդոտի հասցնել թուրքական հասարակությանը եւ ձեւավորել հանրային կարծիք։

Անդրադառնալով տարբեր միջազգային կազմակերպություններում Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը զսպելուն ուղղված քայլերի ձեռնարկմանը՝ Տեր—Մաթեւոսյանը նշեց, որ հայտարարություններ կարող են արվել, սակայն դրանք պետք է բխի մեր քաղաքականության տրամաբանությունից։ «Արտաքին քաղաքականությունը շատ բարդ արվեստ է։ Պետք է լինի քաղաքական ուղղություն, որի մեջ կտեղավորվեն նման մեծ եւ փոքր քայլերը»,–հավելեց նա։ Անդրադառնալով Հայաստան—Հունաստան—Կիպրոս եռակողմ հարթակին՝ այստեղ եւս հայտարարությունների մակարդակից ավելի գործնական քայլերի անցնելու անհրաժեշտություն է տեսնում. «Միայն հայտարարություններն այլեւս բավարար չեն, հետեւողական քաղաքականություն է պետք Հայաստան—Հունաստան—Կիպրոս առանցքի կառուցման հարցում, որին կարող են միանալ այլ երկրներ եւս»։

Լուսինե Մխիթարյան

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]