Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սեւանա լճի հիմնախնդիրների լուծումն առաջնահերթ նշանակություն ունի երկրի համար. մարզպետ Սանոսյան

Սեւանա լճի հիմնախնդիրների լուծումն առաջնահերթ նշանակություն ունի երկրի 
համար. մարզպետ Սանոսյան

ԳԱՎԱՌ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, հանդես գալով 2020 թվականի կիսամյակային հաշվետվությամբ, ԶԼՄ-ներին ներկայացրեց բնապահպանության ոլորտի ձեռքբերումներն ու առաջնահերթ անելիքները: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ ՝ ինչպես նշեց մարզպետը, «Հայաստան ծառատունկ» ծրագրերի շրջանակներում մարզի մի շարք համայնքներում տնկվել են շուրջ 10831 հատ ծառ ու թուփ: Խոր աշնանը կշարունակվեն ծառատնկման աշխատանքները: Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 15-րդ միջոցառմամբ սահմանված աշխատանքների կազմակերպման եւ իրականացման պետական ծրագրերի շրջանակներում մարզի Կարճաղբյուր, Ագրիճի, Կալավան եւ Գետիկ գետերի ափամերձ տարածքներում տնկվել են ուռենու ավելի քան 255 000 կտրոններ: 2020 թվականի հոկտեմբերի 10-ին նախատեսվող համապետական ծառատնկման աշխատանքներին մասնակցելու նպատակով մարզպետարանը ներկայացրել է շուրջ 72 000 դեկորատիվ տնկիների ձեռքբերման հայտ: «Շեն» բարեգործական կազմակերպության կողմից Ճամբարակ համայնքում 7 հեկտար տարածքի վրա իրականացվել են շուրջ 6000 հատ դեկորատիվ տնկիների տնկման աշխատանքներ:
«Դար» բարեգործական հիմնադրամի կողմից հատկացվել եւ Սեւանի տարածաշրջանի հինգ համայնքներում իրականացվել է շուրջ 12950 հատ սեւ սալորի ծառատնկում: Տնկիները բերվել են Հունաստանից: Նախատեսվում է աշնանը եւս իրականացնել պտղատու տնկիների ծառատնկում: Այս տարվա ընթացքում Սեւանա լճի Վարդենիսի տարածքի ջրածածկման ենթակա հատվածներում մաքրվել է շուրջ 50 հեկտար տարածք: Պետական բյուջեի հաշվին նախատեսվող ներդրումային ծրագրերի մեջ ներառվել են Մարտունի, Վարդենիս, Գավառ քաղաքների կեղտաջրերի մեխանիկական մաքրման կայաններին կից կենսաբանական մաքրման կայանների կառուցման ծրագրերը: Սեւանա լճում Էնդեմիկ եւ հազվագյուտ ձկնատեսակների վերարտադրության ապահովման նպատակով Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամի կողմից իրականացվել են մանրաձկան բաց թողնման աշխատանքներ:
Վերջերս հիմնադրամի կողմից Սեւանա լիճ է բաց թողնվել Սեւանի իշխանի Գեղարքունի տեսակի ավելի քան 320 հազար հատ մանրաձուկ՝ 1-3 գրամ քաշով: Սակայն այդ ձեռքբերումների կողքին դեռեւս անլուծելի են մնում Սեւանա լճի հետ կապված բազմատեսակ հիմնախնդիրներ, որոնք վերաբերում են ջրային եւ կենդանական ռեսուրսների պահպանությանն ու վարարտադրությանը: «Ես գտնում եմ, որ մեզանում բանակի խնդիրները կարգավորելուց հետո իր կարեւորությամբ երկրորդ ուղղությունը պետք է համարվի Սեւանա լիճը՝ իր բազմապիսի հիմնախնդիրներով հանդերձ: Մեր ուշադրության կենտրոնում է Սեւանի ափամերձ եւ ջրածակման ենթակա անտառային տարածքների մաքրումը, խոշոր քաղաքներում ու գյուղական բնակավայրերում մաքրման կենսաբանական կայանների կառուցումը, ջրածակման նեթակա շինությունների ապամոնտաժումը, լճի մակարդակի բարձրացումը, արդյունագործական ձկնորսության նոր կարգի ներդրումը եւ ձկնային պաշարների վերականգնումը, ջրի մաքրության ապահովումը: Եվ մենք պետք է քայլ առ քայլ դրանց լուծում տանք, որպեսզի կարողանանք սերունդներին փոխանցել անաղարտ, խմելու ջրի հսկայական պաշար հանդիսացող ազգային այս անգնահատելի հարստությունը»,-եզրափակեց Գեղարքունիքի մարզպետը:


Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]