Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մարզպետն անգնահատելի է համարում Ծովագյուղ-Վարդենիս միջպետական ճանապարհի հիմնանորոգման նշանակությունը

Մարզպետն անգնահատելի է համարում Ծովագյուղ-Վարդենիս միջպետական 
ճանապարհի հիմնանորոգման նշանակությունը

ԳԱՎԱՌ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Շողակաթ համայնքի՝ Նկարիչների միությանը պատկանող հանգստյան տան տարածքում զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին հաշվետվություն ներկայացրեց 2020 թվականի առաջին կիսամյակում մարզում կատարված     աշխատանքների եւ տարվա ընթացքում նախատեսված առաջնահերթ անելիքների մասին:  

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ մինչ ասուլիսի մեկնարկը՝ մարզպետը լրագրողներին    Սեւան-Շորժա-Վարդենիս միջպետական նշանակության ճանապարհի 20 կիլոմետրանոց հատվածում ընթացող շինարարական տեղամասում ծանոթացրեց շինարարական աշխատանքների ընթացքին՝ միաժամանակ անդրադառնալով պետության միջոցներով իրականացվող ճանապարհաշինական այս խոշոր ծրագրի ռազմավարական նշանակությանը: «Ծրագրով նախատեսված է հիմքի եւ երկշերտ ասֆալտբետոնյա ծածկի, 5 կամրջի եւ 7 կամրջային անցումների կառուցում, 15 հազար 225 մետր երկարության մետաղական արգելապատնեշի տեղադրում, կահավորում, գծանշում: Միայն ասֆալտի երկրորդ շերտի տեղադրումը կընդգրկի 144 հազար քառակուսի մետր մակերես, որին կգումարվի եւս 4500 քառակուսի մետրը՝ մուտքերում եւ ուղիներում: Շինարարական աշխատանքների իրականացման համար կառավարությունը հատկացրել է 1 միլիարդ 800 միլիոն դրամ: Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա հունիսի կեսերից: Արդեն տեղադրվել է ասֆալտի ներքին շերտը 20 կիլոմետր երկարությամբ, 2 կիլոմետրով էլ տեղադրվել է ասֆալտի երկրորդ շերտը: Այսօրվա դրությամբ, կարելի է ասել, որ կատարվել է նախատեսված աշխատանքների մոտ 70 տոկոսը, ու եթե եղանակային պայմանները թույլ տան, ապա առաջիկա երկու շաբաթների ընթացքում ճանապարհի այս հատվածում հիմնանորոգման աշխատանքները կհասցվեն ավարտին: Ասֆալտբետոնյա շերտը կազմելու է 30 սանտիմետր: Պետք է շեշտել, որ Սեւանա լճի հյուսիսային ափով մեկ ձգվող միջպետական նշանակության ճանապարհին հիմնանորոգում վերջին անգամ իրականացվել է 1974 թվականին: Պետական միջոցներով նախորդ երկու տարիներին այս ճանապարհի Ծովագյուղ-Դրախտիկ եւ Արեգունի-Դարանակ հատվածներում տասնյակ կիլոմետրերով իրականացվել են հիմնանորոգման աշխատանքներ, որոնց գումարվում է այս տարվա 20 կիլոմետրը: Մնացած 20 կիլոմետրը նախատեսվում է իրականացնել եկող տարվա ընթացքում, որից հետո Ծովագյուղից մինչեւ Վարդենիս, Սեւանի հյուսիսային եւ արեւելյան ափերով մեկ, մենք ունենալու ենք միջազգային չափորոշիչներին համապատասխան ու նորանորոգ ճանապարհներ: Այս ճանապարհի ռազմավարական նշանակությունն անգնահատելի է, քանի որ այն Հայաստանի հյուսիսային մարզերը ամենակարճ եւ ուղիղ գծով կապում է Արցախի հետ: Ճանապարհի շահագործումը մեծապես կխթանի նաեւ Սեւանի հյուսիսային ու արեւելյան ափերի սահմանամերձ բնակավայրերի զարգացմանը, բնակչության կենսապայմանների կտրուկ բարելավմանը»,-ներկայացրեց մարզպետը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]