1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կրքեր ապամոնտաժված գրատնակների շուրջ. Երևանի քաղաքապետարանի և մշակույթի նախկին նախարարի պարզաբանումը

Կրքեր ապամոնտաժված գրատնակների շուրջ. Երևանի քաղաքապետարանի և 
մշակույթի նախկին նախարարի պարզաբանումը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համատեղ ջանքերով Երևանում ապամոնտաժվել է հայ գրողների անունները կրող վեց գրատնակ, որոնք տեղադրվել էին քաղաքի տարբեր փողոցներում՝ գրքի, ընթերցանության հանրահռչակմանը նպաստելու համար:

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը նշում է, որ գրատնակներն ապամոնտաժվել են, քանի որ տեղադրվել էին առանց որևէ իրավական հիմքի և դադարել էին ծառայել իրենց նպատակին, իսկ ՀՀ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանն էլ, որի նախաձեռնությամբ և աջակցությամբ 2017 թվականին մայրաքաղաքում տեղադրվել են գրատնակները, «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրել է, որ ինքը գեներացրել է քանդակագործ, նկարիչ Նուռի՝ գրատնակների գաղափարը` ներդրող գտնելու համար, այնուհետև ապահովել է ներդրող-քաղաքապետարան կապը՝ ծրագիրը կյանքի կոչելու նպատակով։
Նա շեշտել է, որ պետությունը որևէ ներդրում չի արել։ Ներդրումն ամբողջությամբ կատարել է մասնավոր ընկերությունը։ 

 «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հակոբ Կարապետյանը նշեց, որ 2017 թվականին գրատնակների տեղադրումը ներկայացվել է որպես մշակութային բաղադրիչ ունեցող նախաձեռնություն: «Փաստն այն է, որ այդ կրպակները, որոնք գրատնակ հնչեղ անվանումն են ստացել, տեղադրվել են առանց իրավական, օրինական հիմքի, առանց հողահատկացման և այլն, բայց դա միակ և գուցե ամենաէական խնդիրը չէ: Կրպակները նախանշված, նախօրոք հռչակված գաղափարին չեն ծառայել, չեն արդարացրել իրենց:  Դա եղել է փաստացի բիզնես ծրագիր: Գրատնակներում վաճառվել են հեռախոսներ, աքսեսուարներ, հուշանվերներ և այլն: Պետք է արձանագրել, որ խաչմերուկների բանուկ հատվածներում նման ծավալների կրպակների տեղադրումն ամենալավ գաղափարը չէր, որովհետև դրանք խանգարում էին վարորդներին, հետիոտների շարժունակությանն էին խոչընդոտում ու ծանրաբեռնում էին քաղաքի՝ առանց այդ էլ ծանրաբեռնված մայթերը»,-ընդգծեց Կարապետյանը:

Նրա խոսքով՝ գործող քաղաքային իշխանությունը խարխուլ հիմք ունեցող կրպակներից կամ շինություններից մայթերը, հանրային վայրերը, տարածքներն ազատելու քաղաքականություն է վարում:

Անդրադառնալով ապամոնտաժված կրպակների ճակատագրին՝ Կարապետյանը հիշեցրեց, որ գրատնակներն ունեն սեփականատեր՝ «Little Story» ընկերությունը, որն իրավասու է իր կրպակներն օգտագործելու այնպես, ինչպես ցանկանում է: Մամուլի քարտուղարի հավաստիացմամբ՝ գրատնակներն ապամոնտաժելուց առաջ Երևանի քաղաքապետարանը ծանուցել է սեփականատիրոջը ապամոնտաժման անհրաժեշտության և մտադրության մասին, և նրանք կարող էին  գալ և իրենց գույքն ապամոնտաժել այնպես, ինչպես հարմար էին գտնում:

Խոսելով գրատնակների մշակութային արժեք լինելու մասին՝ Կարապետյանը նշեց, որ տարակուսում է կրպակներից մշակութային արժեք սարքելու միտումից: Ըստ նրա՝ բազմաթիվ արժանավոր քաղաքացիների կարծիքով՝ կրպակները բավական կասկածելի գեղարվեստական արժանիքներ ունեին թե՛ դիրքով, թե՛ ծավալներով:

«Կրպակները հիմա ինչ-որ տեղ դրված են, և սեփականատերը հիմա էլ կարող է գալ ու տնօրինել իր սեփականությունը»,-եզրափակեց Հակոբ Կարապետյանը:

Արմեն Ամիրյանն էլ կարծում է, որ գրատնակները պարզապես կրպակներ չէին. դրանք յուրօրինակ հուշարձաններ էին։

Խոսելով գրատնակների՝ նպատակին չծառայելու մասին՝ Ամիրյանը գրել է. «Անհրաժեշտ էր նրանց բերել նախնական պայմանավորվածության դաշտ, և խրախուսել գրքի վաճառքով զբաղվող ընկերությանը։ Օրինակ՝ ինքնարժեքով կամ նույնիսկ ինքնարժեքից ցածր պետական աջակցությամբ հրատարակվող գրականության մասը տրամադրել այդ ընկերությանը՝ գրատնակներում վաճառելու համար։ Կամ աջակցել հայկական ՏՏ ընկերությունների՝ էլեկտրոնային գրքեր-պլանշետներ արտադրելուն և դրանց մի մասը տրամադրել գրատնակներում վաճառելու համար (տասնյակ նման օրինակներ կարող եմ թվարկել)։ Ինչ վերաբերում է ձևակերպումների օրինականությանը, ապա եթե ինչ- որ տեղ ինչ-որ մեկը թերացել է, քանդելուց առաջ գոնե կարելի էր փորձել շտկել բացթողումը։ Նորմալ չէ, երբ մի դեպքում ծանրաբեռնված կենտրոնի փակուղի փողոցում առանց ավտոկայանատեղի նախատեսելու բազմաբնակարան շենքի թույլտվություն եք տալիս, մյուս կողմից խոսում եք օրինականության մասին։

Ցավում եմ, որ ուշ տեղեկացա գրատնակները քանդելու որոշման մասին, եթե նախապես տեղեկացված լինեի, ապա անձամբ կզանգեի վարչապետին և կխնդրեի նրա միջամտությունը։ Ափսոս՝ ուշ է»,-գրել է Ամիրյանն ու հրապարակել գրքերով հարուստ գրատնակներից մեկի լուսանկարը: Նա հավելել է, որ գրատնակներն այդպիսին էին, երբ ինքը մեկնել է ԱՄՆ:

ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ 2017 թվականի հուլիսի 3-ին Երևանում բացվեց բանաստեղծ, արձակագիր Ավետիք Իսահակյանի անունը կրող գիրք-տնակը: «Ծրագիրն իրականացվել է մասնավոր ներդրմամբ: Տարվա ընթացքում նախատեսել ենք տասը գրատնակ տեղադրել Երևանի տարբեր փողոցներում: Ընդգծեմ, որ դրանցից  յուրաքանչյուրի արժեքը վեց միլիոն դրամ է. ընդհանուր առմամբ վաթսուն միլիոն դրամի ներդրում է անհրաժեշտ ծրագիրն ամբողջությամբ կյանքի կոչելու համար»,-բացման արարողությանը նշել էր Արմեն Ամիրյանը և հավելել, որ ծրագրի նպատակը ընթերցողին գրականությանն ավելի մոտեցնելն է:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]