Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հունվար

Ատոմակայանի թիրախավորումը խախտում է միջուկային տաբուն

Ատոմակայանի թիրախավորումը խախտում է միջուկային տաբուն

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռազմական օպերացիաների ժամանակ քաղաքացիական բնակչության եւ ոչ ռազմական օբյեկտների թիրախավորումը միջազգային իրավունքի սկզբունքների կոպիտ ոտնահարում է։ Վերջերս Ադրբեջանի ՊՆ—ի մամուլի խոսնակը սպառնացել էր հարվածել ՀՀ տարածքում գտնվող Մեծամորի ատոմակայանին, ինչն ակնհայտորեն սպառնալիք կարող է համարվել միջազգային անվտանգության եւ խաղաղության համար։ Այս հարցի շուրջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակիցը զրուցել է Խաղաղության միջազգային ինստիտուտի խորհրդականների խորհրդի նախագահ, Ավստրիայի զինված ուժերում գիտական հանձնաժողովի ռազմավարական եւ անվտանգային քաղաքականության հարցերով խորհրդատվական հանձնաժողովի նախագահ (BMLV), Վիեննայի համալսարանի պրոֆեսոր Հեյնց Գյարտների հետ։

–Պրոֆեսոր Գյարտներ, ինչպես տեսնում ենք, աշխարհում անհանգիստ իրավիճակն ավելի է սրվում։ Ինչ եք կարծում, ո՞ր հակամարտությունը կարող է իրական սպառնալիք հանդիսանալ միջազգային խաղաղության համար եւ հանգեցնել խոշոր բախումների, որի ժամանակ միջուկային խնդիրը կարող է որոշիչ դեր ունենալ։

–Աշխարհն այսօր գնալով դառնում է ավելի գլոբալ եւ տարածաշրջանային առումով բեւեռացված առանց բազմակողմանիության։ Մենք ականատես ենք լինում բազմակողմանիության խզմանը, ազգայնական եւ էթնիկ այլատյացության առաջացմանը, հակառակորդների դեմոնիզացմանը, միջազգային ինստիտուտների արժեզրկմանը, միջազգային համաձայնագրերից եւ պայմանագրերից դուրս գալուն եւ սպառազինությունների մրցավազքին։ Դա տեղի է ունենում համավարակի ֆոնին եւ համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում աղքատության աճով, որն ուղեկցվում է կլիմայական վնասների ավելացմամբ։

–Կարո՞ղ ենք զուգահեռներ անցկացնել միջուկային զենքով հարված հասցնելու եւ/կամ ատոմակայանին հարվածելու միջեւ։ Ինչպե՞ս կգնահատեք Ադրբեջանի ՊՆ պաշտոնական հայտարարությունը, ըստ որի՝ սպառնում է հարվածներ հասցնել Հայաստանում Մեծամորի ատոմակայանին։

–Չնայած քաղաքացիական ատոմակայանը թիրախավորելը նույնը չէ, ինչ միջուկային զենք օգտագործելը, սակայն այն խախտում է միջուկային տաբուն եւ վտանգավոր կերպով հատում է կարմիր գիծը։ Սա կարող է վերաճել անվերահսկելի էսկալացիայի։ Եթե միջուկային պայթյունի պատճառով լինեն զոհեր, ապա դա կդիտարկվի որպես միջուկային միջոցների օգտագործում, որը չի կարող արդարացվել զսպման քաղաքականությունից բխող եւ ոչ մի պատրվակով։

–Ինչ քայլեր պետք է իրականացնի միջազգային հանրությունը՝ ատոմակայանների վրա հարվածները կանխելու համար, քանի որ նույնիսկ պատերազմների ժամանակ դա կարող է իրական աղետ դառնալ ամբողջ անվտանգության համար։ Կա՞ն, արդյոք, նման կարգավորումներ։

–Ատոմակայանը կարելի է համարել քաղաքացիական օբյեկտ։ Քաղաքացիական թիրախների վրա հարձակումը անօրինական է համաձայն 1949 եւ 1977 թվականների Ժնեւյան կոնվենցիաներին կից առաջին արձանագրության։ Այդտեղ նշված է, որ քաղաքացիական անձանց հասցված վնասը չի կարող անհամաչափ լինել ուղղակիորեն ռազմական առավելություն ստանալու համար։ Քաղաքացիական ատոմակայանի ոչնչացումը հաստատապես խախտում է համաչափության սկզբունքը։ Ատոմակայանը ոչ մի դեպքում չի կարող դիտարկվել որպես «օրինական ռազմական թիրախ»։

–Խաղաղության միջազգային ինստիտուտը (IIP), հիմնադրվելով 1959 թվականին Վիեննայում, մեծ աշխատանք է կատարում աշխարհում խաղաղության եւ անվտանգության ամրապնդման ուղղությամբ։ Որպես միջուկային հարցերի ոլորտում հայտնի գիտնական եւ Խաղաղության միջազգային ինստիտուտի նախագահ, ի՞նչ կառաջարկեք երկու կողմերին Հարավային Կովկասում խաղաղության եւ անվտանգության ամրապնդման համար։

–Ես կառաջարկեի դիտարկել հաջողված պատմական փորձը։ Հելսինկյան եզրափակիչ ակտը եւ դրան հաջորդած գործընթացը կարող են ուղեցույց լինել հակամարտության կարգավորման համար՝ իհարկե, առանց նույնությամբ կրկնելու։ Եզրափակիչ ակտը հաստատում է, որ Եվրոպայում համագործակցությունը հնարավոր է անվտանգության ապահովման շնորհիվ։ Մասնակից պետությունները երաշխավորել են ձեռնպահ մնալ զինված միջամտության ցանկացած ձեւից կամ նման միջամտության սպառնալիքից, ռազմական որեւէ այլ գործողությունից, կամ քաղաքական, տնտեսական հարկադրանքից այլ մասնակից պետության նկատմամբ։ Ըստ այդմ՝ նրանք ձեռնպահ պետք է մնան ահաբեկչական գործողություններին ուղղակի կամ անուղղակի օժանդակելուց։ Մասնակից պետությունները վերահաստատել են իրենց կամքը՝ միմյանց միջեւ սերտացնելու նման համագործակցությունը՝ անկախ իրենց քաղաքական համակարգերից։ Նրանք հաստատել են, որ սահմանները կարող են փոփոխվել «միջազգային իրավունքի համաձայն, խաղաղ միջոցներով եւ համաձայնագրով»։ Եզրափակիչ ակտը ճանաչում է նաեւ դաշինքներ կնքելու կամ չեզոքություն պահպանելու իրավունքը։

1975 թ. ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտն այն փաստաթուղթն է, որն արտահայտում է եվրոպական լավագույն արժեքները։ Չնայած բանակցությունները տարվել են Սառը պատերազմի ակտիվ շրջանում, բայց բավականին հավասարակշռված է եւ անկողմնակալ։ Այն պահանջում է համագործակցային անվտանգություն։ Եզրափակիչ ակտը ոչ միայն ուղեցույց է Եվրոպայում լարվածության նվազեցման համար, այլեւ կարող է օրինակ դառնալ աշխարհի այլ հակամարտությունների համար, ինչպես օգտագործվել է օրինակ՝ Հարավային Կովկասում խաղաղության եւ անվտանգության ամրապնդման նպատակով։

 

Զրուցեց Լուսինե Մխիթարյանը

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]