1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կառավարության պարտքը մինչեւ 2023 թ. կնվազեցվի ՀՆԱ-ի 50 տոկոսից

Կառավարության պարտքը մինչեւ 2023 թ. կնվազեցվի ՀՆԱ-ի 50 տոկոսից

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հաճախ ենք խոսում Հայաստանի ընդհանուր պետական պարտքից, դրա կառավարումից, ռիսկերից, տոկոսադրույքից, ժամանակահատվածից եւն։ Վերջերս էլ անդրադարձել ենք կառավարության պարտքի կառավարման 2020—2022 թթ. ռազմավարական ծրագրին՝ խոսելով համավարակի հետեւանքների հետ կապված սպասումներից։ Ինչեւէ, փաստն այն է, որ 2020 թ. հունվարի 1—ի դրությամբ Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 7.3 մլրդ դոլար է (կառավարության պարտքի մասնաբաժինը մեծ մասն է), եւ պետք է այնպես անենք, որ ռիսկերը կառավարելիության տիրույթում մնան։ Բայց փաստ է նաեւ այն, որ պետությունը կառավարության պարտքի նվազեցման որոշում ունի (2019—2023 թթ. վերանայված ծրագրի մասին է խոսքը)՝ արդիականացված հարկաբյուջետային կանոնների համակարգի վրա հիմնված, որը մշակվել եւ ներկայացվել էր դեռ 2019—2021 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի կազմում եւ նախատեսում էր հինգ տարիների ընթացքում նվազեցնել կառավարության պարտքը ՀՆԱ 50 տոկոսից։

Մինչ պարտքի վերանայված կանխատեսումներից խոսելը, հակիրճ պարզաբանենք, թե ինչ է ենթադրում կանոնների արդիականացված համակարգը։ Այն ուղղված է պետական պարտքի կայունացմանը, առավել ճկուն է եւ ուղենիշներ է պարունակում երկարաժամկետ տնտեսական աճը խթանող հարկաբյուջետային քաղաքականության համար։ Համակարգը հիմնական մի քանի կանոններ ունի. օրինակ՝ երբ կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը գերազանցում է 40 տոկոսը, կապիտալ ծախսերը չպետք է փոքր լինեն պետական բյուջեի պակասուրդից։ Կամ՝ կառավարության պարտք/ՀՆԱ 50—60 տոկոս միջակայքում ընթացիկ առաջնային ծախսերի աճի տեմպը սահմանափակվում է նախորդ 7 տարիների ՀՆԱ—ների միջին աճով, ինչպես նաեւ՝ հաջորդ տարում կազմվող պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում կառավարությունը ներկայացնում է միջոցառումների ծրագիր՝ ՀՆԱ—ի նկատմամբ կառավարության պարտքի մակարդակի կանխատեսվող հետագիծը 5 տարվա ընթացքում 50 տոկոսից նվազեցնելու համար։ Մյուս կանոնն այն է, որ երբ կառավարության պարտքը գերազանցում է ՀՆԱ 60 տոկոսը, ընթացիկ առաջնային ծախսերի աճի տեմպը սահմանափակվում է նախորդ 7 տարվա ՀՆԱ—ների միջին աճից 0.5 տոկոսային կետով նվազեցված ցուցանիշով, ընթացիկ ծախսերը սահմանափակվում են հարկերի եւ տուրքերի մեծությամբ, ինչպես նաեւ ներկայացվում է միջոցառումների ծրագիր՝ ՀՆԱ նկատմամբ կառավարության պարտքի մակարդակի կանխատեսվող հետագիծը 5 տարվա ընթացքում 60 տոկոսից նվազեցնելու համար։

Հիմա՝ գանք պարտքի նվազեցման կանխատեսումներին։ Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության, պարտքի նվազեցման ծրագրի վերանայման հիմքում ընկած է այնպիսի հարկաբյուջետային սցենար, որը թույլ կտա շարունակել կառավարության պարտքի նվազեցման գործընթացը կանխատեսվող ժամանակահատվածում՝ տնտեսական աճի ստեղծման եւ սեփական եկամուտների աստիճանական բարելավման միջոցով հարկաբյուջետային կոնսոլիդացիայի իրականացման ճանապարհով։ Համաձայն կառավարության պարտքի նվազեցման 2019—2023 թթ. ծրագրի՝ կառավարության պարտքը պետք է նվազեցվեր ՀՆԱ 50 տոկոս մակարդակից ներքեւ 5 տարվա ընթացքում, որով պայմանավորված՝ ծրագրի այս վերանայմամբ կանխատեսումները ներկայացվում են 4 տարվա հորիզոնով։ 2018 թ. դեկտեմբերի 31—ի դրությամբ, կառավարության պարտքը շարունակում էր գերազանցել ՀՆԱ 50 տոկոսը՝ կազմելով 51.3 տոկոս։ Կառավարության պարտքի նվազեցման 2019—2023 թթ. ծրագրին համահունչ նախատեսվում է, որ կառավարության պարտքը մինչեւ 2023 թ. կնվազեցվի ՀՆԱ—ի 50 տոկոսից՝ 49.7 տոկոսի հասցնելով։

Ինչպես է դա արվելու, այդ 50 տոկոսի շեմը դեպի ներքեւ փոխելու համար ինչ քայլեր են ձեռնարկվելու։

Դարձյալ ըստ ֆիննախի, մասնավորապես, նախատեսվում է աստիճանաբար բարելավել եկամուտներ/ՀՆԱ ցուցանիշը՝ հիմնականում հարկային եկամուտների միջոցով։ Իսկ ծախսային մասում նախատեսվում է ՀՆԱ—ի մեջ աստիճանաբար ավելացնել երկարաժամկետ տնտեսական աճ ստեղծող կապիտալ ծախսերն ու միաժամանակ նվազեցնել ընթացիկ ծախսեր/ՀՆԱ ցուցանիշը։ Այսպիսով, միջնաժամկետում նախատեսվում է շարունակել հարկաբյուջետային կոնսոլիդացիան, որն ապահովվելու է հիմնականում հարկային եկամուտների բարելավման միջոցով։ Ծրագրի հիմքում ընկած կանխատեսումների սցենարին համահունչ հիմնական մկջոցառումները հետեւյալ ուղղություններն են ունենալու։

Այդպիսով, կառավարությունը ծրագրում է իրականացնել պետական բյուջեի եկամուտների քաղաքականության միջոցառումներ, որոնք ներառում են հարկային օրենսդրությունն ու հարկային վարչարարությունը։ Հարկային օրենսդրության մասով քայլերը ներառում են ակցիզային հարկի, եկամտային հարկի, շահութահարկի, շրջանառության հարկի եւ պետական տուրքի միջոցառումներ, որոնց նպատակը տնտեսության վրա նվազագույն խեղաթյուրող ազդեցություններով արտահանելի հատվածի եւ երկարաժամկետ տնտեսական աճի խթանումն է, ինչը հեռանկարում թույլ կտա նվազեցնել պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը։ Հարկային օրենսդրության միջոցառումների զուտ ազդեցությունը հարկային եկամուտների վրա բացասական է, որը փոխհատուցվում է հարկային վարչարարության իրականացմամբ։ Ծրագրված հարկային վարչարարության միջոցառումները թույլ են տալու միաժամանակ արձանագրել հարկերի եւ տուրքերի շարունակական բարելավում ՀՆԱ նկատմամբ՝ հնարավորություն տալով պարտքի երկարաժամկետ կայունությանը նպաստելուն զուգահեռ հասնել կառավարության պարտք/ՀՆԱ թիրախային ցուցանիշին։

Երկրորդ ուղղությունը պետական բյուջեի ծախսերի մասով է։ Կառավարությունը պարտքի նվազեցման վերանայված ծրագրի իրագործման համար նախատեսում է 2020—2023 թթ. նվազեցնել պետական բյուջեի ծախսերի տեսակարար կշիռը ՀՆԱ—ում՝ գումարային առումով 0.6 տոկոսի չափով։ Սակայն ծախսերի նվազեցումն իրականացվում է ընթացիկ ծախսերի գծով՝ գումարային ՀՆԱ 2.4 տոկոսային կետի չափով, մինչդեռ կապիտալ ծախսերի կշիռը ՀՆԱ—ում աճում է՝ նպաստելու երկարաժամկետ տնտեսական աճին եւ այս կերպ հեռանկարում նվազեցնելու պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը։

Եվ վերջին՝ երրորդ ուղղությունը բյուջեի պակասուրդի ֆինանսավորումն է։ Կառավարության պարտքի նվազեցման համար պակասուրդի նվազեցումը կարվի արտաքին աղբյուրների գծով պակասուրդի ֆինանսավորման կրճատմամբ։ Փոխարենը ներքին աղբյուրների գծով պակասուրդի ֆինանսավորումը նախատեսվում է ավելացնել։ Սրանով կառավարության պարտքի կառուցվածքի որակական բարելավում եւ պարտքի պորտֆելի ռիսկերի նվազեցում կլինի։

 

Արմենուհի Մելքոնյան

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]