1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Առանց մաքսավճարի և քաշքշուկների, շատ արագ հայրենադարձն իր հետ Հայաստան է բերում անձնական ապրանքները

Առանց մաքսավճարի և քաշքշուկների, շատ արագ հայրենադարձն իր հետ Հայաստան է 
բերում անձնական ապրանքները

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայրենադարձությունը խթանող օրենքի նախագիծը կարճ ժամանակում արդեն լավ արդյունքներ է ցույց տվել. Հայաստան մշտական բնակության տեղափոխվող 30 քաղաքացի արդեն ստացել է անձնական օգտագործման ապրանքներն առանց մաքսային վճարների ներմուծելու հնարավորություն: Ընդ որում պարզեցվել  են նաև ընթացակարգերը,  հայրենադարձն իր արտոնությունն ու ապրանքները ստանում է շատ արագ՝ երբեմն ընդամենը միայն մաքսային մարմին այցելելով: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ապավեն» մաքսատանը ՊԵԿ մաքսային հսկողության վարչության ոչ սակագնային կարգավորման և մաքսային ընթացակարգերի համակարգման բաժնի պետ Վաղինակ Ջանինյանը նշեց. «Վերջին փոփոխությունները շատ դյուրացրել են մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց արտոնության տրամադրման հարցը: Արդեն շուրջ երեսուն քաղաքացու ՊԵԿ-ի կողմից տրվել է արտոնությունը, այս պահին քննարկման փուլում են հինգ քաղաքացու դիմումներ, որոնք հույս ունեմ, որ կբավարարվեն»:

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

Ընթացակարգերը պարզ են. քաղաքացին ՀՀ ժամանելուց, իր իրերը ներմուծելուց հետո դիմում է Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն՝ ստանալու համապատասխան փաստաթուղթը, որն իրեն ճանաչում է ՀՀ մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձ: Կամ, եթե չի դիմում անձնագրային և վիզաների վարչություն, դիմում է ՊԵԿ, ՊԵԿ-ը քաղաքացու փոխարեն հարցում է ուղարկում այդ վարչություն, այնտեղից համապատասխան փասատթուղթը ստանալուց հետո մաքսայինին մնում է քաղաքացուց միայն խնդրել, որ ներկայացնի օտարերկրյա պետությունում բնակության փաստաթուղթը, ինչպես նաև Հայաստանում մշտական բնակության իրավունքը: «Ընթացակարգը վերջին կարգավորումներից հետո շատ պարզ է, նախկինում քաղաքացիները բողոքում էին, որ ընթացակարգը խճճված է, իրենց համար ոչ հասկանալի, այժմ նմանատիպ խնդիր չկա»,-վստահեցրեց Ջանինյանը:

ՊԵԿ-ի կողմից արդեն իսկ պատրաստ է և կայքում առկա է տեսաուղեցույց, որը մանրամասն ներկայացնում է, թե ինչ ընթացակարգերով պետք է անցնի քաղաքացին: Այս պահին ՊԵԿ ստորաբաժանումն աշխատում է ուղեցույցի վրա, որը տրամադրվելու է ԱԳՆ-ին և Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակին, ՀՀ դեսպանատներին՝ օտարերկրյա պետություններում հայերին ներկայացնելու նպատակով:

«Ամբողջ պրոցեսը տևում է միջինը 2-3  օր, ավելի արագ կտևի, մաքսայինում կտևի մոտավորապես մեկ օր, եթե ֆիզիկական անձը նախօրոք ոստիկանությունից ներկայացնի իրեն մշտական բնակչութան անձ ճանաչող փաստաթուղթը, եթե չի ներկայացնում, ՊԵԿ-ն էլ հարցում է ուղարկում, դա մեկ-երկու օր երկարացնում է ժամկետը»,-ասաց Ջանինյանը:

Հայտարարագիրը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով՝ մաքսային  մարմինների օժանդակությամբ,  ինչը մաքսիմում տևում է 1-1.5 ժամ: 

Համապատասխան կարգավորման համար նախագիծը մշակած պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը նկատեց, որ օրենքն ու կառավարության համապատասխան որոշումն արդեն ուժի մեջ են տասը օր, և այս ընթացքում արդեն շուրջ երեսուն հայրենադարձ ստացել է այդ արտոնությունը: Միջին հաշվարկով նրանց տրված արտոնությունը կազմել է մոտ 230 հազար դոլար: Հայրենադարձները բերել են անձնական գույք, ոմանք նաև անձնական օգտագործման տրասնպորտային  միջոցներ: Արտոնությունը տարածվում է բոլոր այն քաղաքացիների վրա, որոնք վերջին հինգ տարվա ընթացքում  առնվազն 2.5 տարի չեն եղել ՀՀ-ում: Ընդ որում արտոնությունը վերաբերում է միայն օգտագործված ապրանքներին: 

Պատգամավորը նշեց, որ օրենքի մշակման ընթացքում սփյուռքից դրական ազդակներ են ստացել, նախատեսել էին, որ ամսական հիսունից հարյուր ընտանիք կվերադառնա՝ օգտվելով այդ արտոնությունից, թեև կորոնավիրուսային իրավիճակը ներկայում որոշակի խոչընդոտներ է առաջացրել: «Ընթացակարգն է շատ պարզեցվել, մաքսային ծառայությունը նախկինում քաղաքացիների կողմից արված գործի մեծամասնությունն անում է: Եթե քաղաքացին գալիս է և առաջինը դիմում ոչ թե ոստիկանություն, այլ մաքսային մարմին, ապա մաքսային մարմինը քաղաքացու փոխարեն հարցում է անում ոստիակնությանը և հաշված ժամերի կամ մեկ օրվա ընթացքում ստանում պատասխանը»,-ասաց Գաբրիելյանն ու հավելեց՝ փորձել են հնարավորինս այնպես անել, որ քաղաքացիների հոգսը բյուրոկրատիայից թեթևանա, միայն այսօր՝ հուլիսի 22-ին վերադարձողներին տրվել է 7500 դոլարի արտոնություն:

Արտոնությունից արդեն օգտվել են հայրենադարձներ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Չինաստանից, Ֆրանսիայից: Պատգամավորը վստահ է, որ սահմանների բացվելուց հետո աշխարհագրությունը կընդլայնվի:

Վերա Սահակյանը արտոնություններից օգտվածներից մեկն է, որը վերադարձել է ԱՄՆ-ից, պատմում է, որ տղան ամուսնացել, մեկնել էր Ամերիկա, ինքն էլ ամուսնու հետ տասը տարի հետո գնացել է որդու ընտանիքին տեսնելու ու մնացել այնտեղ: «Հետո էլ ցանկություն առաջացավ մեր մեջ, որ պետք է գնանք մեր երկիրը, դեպի մեր հողը, մեր ջուրը: Անկեղծ եմ ասում՝ հայերի մեծամասնությունը ուզում է հետ գալ: Ես, որ պետք է գայի, ասացին, որ կարող ես քո իրերը տանել: Իմ տան իրերն եմ բերել, ավելորդ ոչինչ չեմ բերել, ինձ ուրիշ ոչինչ պետք չէր: Օր չի տևել, առավոտյան եկել ենք, թղթերը պատրաստել են, րոպեներ չտևեց»,-ասաց Սահակյանը:

Մաքսային տեսուչ Էդգար Թովմասյանը նշեց, որ բացթողնման գործընթացն ամբողջությամբ էլեկտրոնային է դարձել, Վերա Սահակյանին իր բեռները տրամադրելու համար գործընթացը տևել է ընդամենը մեկ րոպե: 

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]