Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Կլիմայի փոփոխության խնդիրներն այսօր․ հարցի քաղաքական բաղադրիչը

Կլիմայի փոփոխության խնդիրներն այսօր․ հարցի քաղաքական բաղադրիչը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՄԱԿ—ի՝ կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի նախկին ազգային համակարգող Արամ Գաբրիելյանի հետ «ՀՀ»—ն զրուցում է կլիմայի փոփոխության խնդիրներից։ Ի՞նչ է անում մարդկությունը՝ դիմակայելու այդ երեւույթներին։ Մասնավորապես, մեր երկիրն ինչպիսի՞ մասնակցություն ունի խնդրի կարգավորմանն ուղղված միջազգային ծրագրերում։

–Պարոն Գաբրիելյան, մեծացել է անոմալ երեւույթների քանակությունը բնության մեջ։ Այդպե՞ս է։

–Եթե հիդրոօդերեւութաբանական վտանգավոր եւ էքստրեմալ երեւույթները որակենք որպես անոմալ, ապա կարելի է պնդել, որ դրանց հաճախականությունն ու ինտենսիվությունն աճել են ու աճելու են։ Այդ աճը կլիմայի փոփոխության դրսեւորումներից մեկն է եւ պայմանավորված է մթնոլորտի գլոբալ տաքացմամբ։

–Իսկ գիտությունը բացահայտե՞լ է, թե որոնք են պատճառները։

–Այդ երեւույթների աճի պատճառահետեւանքային կապը գիտականորեն միանգամայն բացատրելի է ու հայտնի։ Մթնոլորտի ու օվկիանոսի ջերմաստիճանի բարձրացումը հանգեցնում է օվկիանոսներից ու ծովերից գոլորշիացման ավելացման։ Բնական է, որ այդ գոլորշիները, որոնք կրում են արեւից կլանած էներգիան, պետք է կոնդենսացվեն ու տեղումների տեսքով թափվեն՝ անջատելով նաեւ կլանված էներգիան։ Դա դրսեւորվում է ավելի ուժգնացող քամիներով, ավելի աղետաբեր կարկտահարությամբ, ջրհեղեղներով եւ այլն։ Քանի որ գլոբալ տաքացումը դեռ շարունակվելու է, ապա այդ երեւույթներն էլ ավելի են ուժգնանալու, ու դրան պետք է պատրաստ լինել։ Կլիմայի փոփոխության վերաբերյալ գիտնականների անհանգստությունն առաջացավ անցյալ դարի կեսերից։ Եվ ասեմ, որ հիմնականում այդ հարցը բարձրացվեց սովետական գիտնականների կողմից։ Սովետական գիտության մեջ օդերեւութաբանությանը եւ մթնոլորտի ֆիզիկային մեծ տեղ էր հատկացվում։ Խորհրդային Հայաստանի գիտնականների շարքում բավական է նշել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտավազդ Մխիթարյանի ավանդն այս բնագավառում։ Ունենք նաեւ հայազգի այլ անվանի գիտնականներ՝ Ալեքսանդր Քրիստոֆորի Խրգիյանը, Միքայել Արամայիսի Պետրոսյանցը։ Դեռ այն ժամանակվա ուսումնասիրությունները ցույց էին տալիս, որ եթե փոփոխվում է մթնոլորտում պարունակվող նյութերի քանակական եւ որակական կազմը, ապա դա անխուսափելիորեն պետք է հանգեցնի մթնոլորտի ջերմաստիճանի շեղումների, ինչն էլ իր հերթին կբերի կլիմայական համակարգի շեղումների։ Եվ այսպես բանաձեւվեց՝ գլոբալ տաքացումը բերում է կլիմայի փոփոխության։ Երբ արդեն պրակտիկ տվյալներ ստացվեցին, իսկ առաջին հերթին դրանք ստացվեցին, երբ նկատվեցին լեռնային սառցադաշտերի կրճատումները, գիտնականները տագնապեցին։ Խնդիրը բարձրացվեց միջկառավարական մակարդակի, տեղի ունեցան միջկառավարական բանակցություններ, եւ 1992 թ. ՄԱԿ—ի շրջանակներում ընդունվեց «Կլիմայի փոխության մասին» շրջանակային կոնվենցիան։ Այդ ժամանակներից մինչ օրս կլիմայի փոփոխությունն ակնհայտ է դարձել։ Ընդ որում պարզ է արդեն, որ մարդկային գործոնը հիմնականն է այս փոփոխության մեջ։ Եթե կոնվենցիան ընդունելու ժամանակ դեռ կային գիտնականներ, որոնք կասկածի տակ էին դնում կլիմայի փոփոխությունն ընդհանրապես, ապա այսօր արդեն գիտնականները չեն վիճում։ Ընդամենը խոսակցություններն ընթանում են այն հարցի շուրջ, թե որ տոկոսն է մարդածին, տվյալ փոփոխությունների մեջ որքան է կազմում մարդու ներգործության բաժինը։ Կլիմայի փոփոխությունը մերժողներին կոչում են «կլիմայական թերահավատներ» (սկեպտիկներ)։ Մեծ մասամբ այդ «թերահավատությունը» չի հենվում գիտական հետազոտությունների վրա, այլ կրում է քաղաքական բնույթ։ Առերեւույթ, թե քողարկված, վերջիններս կլիմայի փոփոխությունների դեմ պայքարը բնութագրում էին որպես պայքար ընդերքից նավթ, գազ եւ ածուխ արդյունահանողների դեմ, քանզի այս նյութերի օգտագործումն է, որ այրման հետեւանքով փոխում է մթնոլորտի բաղադրությունը, ավելացնում նրանում ջերմոցային գազերի քանակությունը։ Հասկանալի է, թե հարցի նման դիտարկումը որքան կարող էր ու կարող է քաղաքականացվել, այդ թվում՝ խնդիրներ առաջացնել միջպետական հարաբերություններում։

–Որքան էլ չցանկանանք քաղաքականացնել, բայց, այնուամենայնիվ, նավթ, գազ եւ ածուխ արտահանող երկրները պատասխանատվություն չե՞ն կրում այս հարցում։

–Բանն այն է, որ ոչ միայն պատասխանատվություն չեն կրում, այլեւ աշխատում են դեռ մի բան էլ ֆինանսապես շահել։ Նույնիսկ կոնվենցիայում դրույթ կա, որ եթե նավթ արդյունահանող երկրները կրճատեն արդյունահանումը, ապա նրանց պետք է տրվի համապատասխան փոխհատուցում։ Դա խոսում է խնդրի խիստ կոնֆլիկտային բնույթի մասին, ու պատահական չէ, որ կլիմայի փոփոխության զսպման ասպարեզում գրեթե 30—ամյա միջազգային ու միջպետական ջանքերը, մեղմ ասած, հեռու են արդյունավետ կոչվելուց։

–Անդրադառնանք մեր երկրին. մենք կարողացա՞նք օգտվել Կիոտոյի արձանագրության ընձեռած հնարավորություններից։

–Կիոտոյի արձանագրությամբ զարգացած երկրները ստանձնեցին համեստ պարտավորություններ՝ կրճատել ջերմոցային գազերի արտանետումները։ Դրա համար կարող էին համապատասխան ծրագրեր իրականացնել ե՛ւ սեփական երկրում, ե՛ւ միմյանց հետ համագործակցելով։ Կիոտոյի արձանագրությամբ այդ երկրները կարող էին համագործակցել նաեւ զարգացող երկրի հետ, որը չունի ջերմոցային գազերի արտանետումների կրճատման քանակական պարտավորություններ։ Վերջինիս շարքին է դասվում նաեւ Հայաստանը։ Այդ գործիքակազմը կոչվում է «Մաքուր զարգացման մեխանիզմ» (ՄԶՄ)։ Այդ մեխանիզմը բավականին բարդ ընթացակարգ ունի, ու մեզ հաջողվեց միջազգայնորեն հաստատել վեց ՄԶՄ նախագիծ, որոնցից միայն երկուսը գործարկվեցին։ Դրանք են Լուսակերտի կենսագազի գործարանը եւ Նուբարաշենի աղբավայրում մեթանի կորզման ու այրման նախագիծը։ Լուսակերտի կենսագազի գործարանի արտասահմանյան գործընկերը Դանիայի կառավարությունն էր։ Թեեւ գործարանը գործեց 7—8 տարի, կենսագազից արտադրվեց ջերմային ու էլեկտրական էներգիա, սակայն ջերմոցային գազերի արտանետումների տեղի ունեցած կրճատումները միջազգայնորեն չգրանցվեցին գործարանի տեխնիկական թերությունների պատճառով։ Նուբարաշենի աղբավայրում իրականացվող ծրագիրը, որի մասնակիցները ճապոնական «Շիմիզու» կորպորացիան ու Երեւանի քաղաքապետարանն են, առայժմ գործում է (2021—ի վերջից չի շարունակվելու)։ Աղբի խմորումից առաջացած մեթան գազը հավաքվում եւ այրվում է։ Այստեղ կարեւոր է նշել, որ նախագծով նախատեսված էր այդ մեթանի օգտագործմամբ արտադրել էլեկտրաէներգիա, սակայն Երեւանի քաղաքապետարանը կտրականապես հրաժարվեց էլեկտրաէներգիայի արտադրության բաղադրիչից։ Քանի որ այրման հետեւանքով մեթանը վերածվում է CO 2—ի, որը քսանմեկ անգամ ավելի ցածր ազդեցություն ունի կլիմայական համակարգի վրա։ Նույնիսկ միայն այրումը եւս օգտակար է։ Այստեղ կարեւոր է նշել ՄԶՄ—ի առանձնահատկությունը, որ այն կարող է կիրառվել բացառապես կամավորական սկզբունքով, եւ ցանկացած պահի համագործակցող կողմերը կամ դրանցից մեկը կարող են հրաժարվել ՄԶՄ—ի գործարկումից։ Օրինակ՝ նշված վեց նախագծից իրականացվել են այս երկուսը, իսկ դրանցից էլ միայն Նուբարաշենի նախագիծը գործեց որպես Կիոտոյի արձանագրության ՄԶՄ—ի նախագիծ։ Իսկ այդ ծրագրերն առաջին հերթին կարեւոր են այն առումով, որ երկիր են բերում նոր առաջադեմ տեխնոլոգիաներ։ Պարտավորություն չկրող երկիրն առավելապես շահում է այս տեսակետից։ Սկսած 2020—ից՝ Կիոտոյի արձանագրության ՄԶՄ—ին գալու է փոխարինելու Փարիզյան համաձայնագրի «Կայուն զարգացման մեխանիզմը», եւ Կիոտոյի արձանագրության շրջանակում ձեռք բերված փորձը կարող է օգտագործվել այս նոր մեխանիզմի կենսագործման համար, եթե, իհարկե, համապատասխան կարողություններ ստեղծվեն Հայաստանում։ Հաշվի առնելով, որ Փարիզյան համաձայնագրի կատարման պարտավորությունների շրջանն արդեն սկսվել է, կարեւոր է բարձրացնել երկրի կարողությունը՝ մասնակցելու կայուն զարգացման մեխանիզմի ներքո միջազգային համագործակցությանը։

 

Գոհար Սարդարյան

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]