Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հունիս

ԵԽԽՎ նախագահը հորդորել է շարունակել աշխատել Մինսկի խմբի համանախագահների հետ

ԵԽԽՎ նախագահը հորդորել է շարունակել աշխատել Մինսկի խմբի 
համանախագահների հետ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ադերբեջանական սահմանի միջադեպերը Եվրոպայի խորհրդի խորհրդարական վեհաժողովի համապատասխան հանձնաժողովների ուշադրության կենտրոնում են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ԵԽԽՎ նախագահ Ռիկ Դեմսը՝ պատասխանելով ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության նամակին:

Նա նախ շնորհակալություն է հայտնել հուլիսի 14-ին ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի կողմից ուղարկված նամակի համար, որում Մարուքյանն Ռիկ Դեմսին տեղեկացրե է վերջերս տեղի ունեցած լուրջ միջադեպերի և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին հրադադարի ռեժիմի խախտման մասին:

«Այս հարցը նույնպես ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի համապատասխան հանձնաժողովների ուշադրության կենտրոնում է, և ես վստահ եմ, որ նրանք հետևում են իրավիճակին: Ես հորդորում եմ բոլոր շահագրգիռ կողմերին զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են հրահրել և սրացնել լարվածությունը և խրախուսել նրանց շարունակել աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, գտնել հակամարտության խաղաղ լուծումներ և ապահովել քաղաքացիական անձանց անվտանգությունը»,-ասել է ԵԽԽՎ նախագահը:

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել: Ավելի ուշ ադրբեջաբական կողմը վերսկսել էր հրետակոծել նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Հուլիսի 13-ի առավոտյան երկու-երեք ժամվա դադարից հետո հակառակորդը վերսկսել էր սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերը։ Հուլիսի 14-ի գիշերը ՀՀ զինված ուժերի մարտական դիրքերից դիտարկվել էր հակառակորդի տանկի շարժ, որը հայկական կողմից վարված կրակով կասեցվել էր։ Հակառակորդը հուլիսի 13-ից թիրախավորել է բնակավայրերը, արկեր է արձակել Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր, այլ բնակավայրերի ուղղությամբ, հարվածային ԱԹՍ-ով թիրախավորել է Բերդի քաղաքացիական ենթ ակառուցվածքները, տուժածներ չկան։ Բերդի ուղղությամբ Ադրբեջանը նաև «Գրադի» երեք հրթիռ է արձակել: Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հուլիսի 15-ի ժամը 00:15-ից պահպանվում էր հարաբերական անդորր, սակայն հուլիսի 16-ի գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել էին հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության, հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, ետ էր շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել էին հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:

Թիրախավորվել են նաև Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Տավուշ գյուղերը և Բերդ քաղաքը։ Ադրբեջանի մարտական անօդաչուի հարվածից հուլիսի 16-ին վիրավորվել է Չինարի գյուղի մի բնակիչ: Ադրբեջանական կողմը կրակոցներ է իրականացրել ոչ միայն Տավուշի այն հատվածում, որտեղ վերջին օրերին ընթանում էին գործողությունները, այլ նաև Տավուշի սահմանագոտու ողջ երկայնքով, Գեղարքունիքի հատվածում, նաև նախիջևանյան հատվածում, սակայն լարվածությունը զգալիորեն նվազել է: Այս գիշեր հայ-ադրբեջանական սահմանագոտու երկայնքով հիմնականում եղել է հանգիստ։  Եղել են թեթև կրակոցներ հրաձգային զենքից, ոչ կանոնավոր, ոչ մեծ քանակի:

Աննա Գրիգորյան

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ