Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Տիգրան Ավինյանը կոչ է անում զերծ մնալ Վարդավառն ավանդական կերպով տոնելու գայթակղությունից

Տիգրան Ավինյանը կոչ է անում զերծ մնալ Վարդավառն ավանդական կերպով տոնելու 
գայթակղությունից

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հասարակությանը հորդորում է զերծ մնալ Վարդավառն ավանդական կերպով տոնելու գայթակղությունից, խուսափել մարդաշատ վայրեր հաճախելուց և մարդկային կուտակումներ ենթադրող միջոցառումներից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ավինյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում:

Նա հիշեցրել է, որ այս կիրակի՝ հուլիսի 19-ին, Վարդավառի կամ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն է: «Վարդավառին սպասում ենք բոլորս: Այն ժողովրդի ամենասիրելի տոներից մեկն է, որը միշտ յուրահատուկ խանդավառությամբ ենք տոնում՝ բակերում, հանրային վայրերում՝ չտարբերելով ընկեր, բարեկամ ծանոթ կամ անծանոթ: Իսկ այդ օրը միմյանց ջրելն ու աղավնիներ բաց թողնելը խորհրդանշում են համաշխարհային ջրհեղեղը և ջրհեղեղից մարդկության փրկությունը:

Ցավոք, այս տարվա մեր «ջրհեղեղը»` կորոնավիրուսի համավարակը, դեռ չի նահանջում, և մենք շարունակում ենք անզիջում պայքար մղել դրա դեմ: Վստահ եմ, բոլորս գիտակցում ենք, որ Վարդավառի նման միջոցառման անցկացումը պարարտ հող կստեղծի վարակի ինտենսիվ տարածման համար, և օրեր անց կունենանք վարակակիրների թվի շեշտակի աճ՝ այդպիսով ռիսկեր ստեղծելով հանրային առողջության համար, լարվածություն առաջացնելով ծանրաբեռնված առողջապահական համակարգի համար և խաթարելով առկա հավասարակշռությունը»,- շեշտել է Ավինյանը՝ կոչ անելով զերծ մնալ Վարդավառն ավանդական կերպով տոնելու գայթակղությունից, խուսափել մարդաշատ վայրեր հաճախելուց ու մարդկային կուտակումներ ենթադրող միջոցառումներից:

Փոխվարչապետը տեղեկացրել է, որ ոստիկանությունն ուժեղացված հսկողություն է իրականացնելու հանրային վայրերում՝ կուտակումները կանխելու նպատակով:

«Հասկանում եմ, որ բոլորս էլ ցանկանում ենք հնարավորինս շուտ վերադառանալ նախկին ապրելակերպին, սակայն ներկայիս պայմաններում մեր և մեր սիրելիների անվտանգության ու առողջության ապահովման միակ ճանապարհը սահմանված կանոնների պահպանումն է: Համոզված եղեք, որ շարունակական կարգապահության դեպքում ավելի շուտ կկարողանանք վերադառնալ մեր կյանքի բնականոն ռիթմին:

Այս օրերին մեր բանակը բարձր պրոֆեսիոնալիզմով և մեծ նվիրումով պաշտպանում է հայրենիքի սահմանները հակառակորդի ոտնձգություններից, մենք էլ մեր հերթին բարձր կարգապահությամբ և պատասխանատվությամբ պաշտպանենք «ներքին սահմանները» կորոնավիրուսի համավարակից»,-գրել է Տիգրան Ավինյանը՝  առողջություն և զգոնություն մաղթելով բոլորին: «Միասին կհաղթահարենք բոլոր դժվարությունները»,- եզրափակել է փոխվարչապետը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]