Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ադրբեջանի վարչակարգի դեմ ցույցերի դեպքում կակտիվանա իսլամական գործոնը. արևելագետ

Ադրբեջանի վարչակարգի դեմ ցույցերի դեպքում կակտիվանա իսլամական գործոնը. 
արևելագետ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին օրերին Ադրբեջանի առանձին քաղաքներում՝ Բաքվում, Սումգայիթում և այլն, Հայաստանի դեմ պատերազմելու, ինչպես նաև ադրբեջանցի բարձրաստիճան ու շարքային զինվորականների շրջանում արձանագրված զոհերի փաստը դատապարտող որոշ ցուցարարներ հանդես են եկել իսլամական կարգախոսներով։ Նրանք վկայակոչել են համաիսլամական «թաքբիրը»՝ Աստծուն փառաբանող «Ալլահու աքբարը» («Աստված ամենակալ է»), ինչպես նաև շիայական՝ «Յա՜ Հուսեյն» («Ո՜վ Հուսեյն») կարգախոսները։ «Յա՜ Հուսեյն» կարգախոսը հնչեցնելիս առանձին ցուցարարներ դրսևորել են շիայական ծիսականությանը բնորոշ նշաններ՝ բռունցքով խփել են կրծքին և այլն։ Արևելագետ, Արևելագիտության ինստիտուտի  առաջատար գիտաշխատող Արաքս Փաշայանի համոզմամբ, նրանք այդպիսով ի ցույց են դրել, որ հայերի դեմ պատերազմում «զոհվելը» կամ «նահատակվելը» արդարացված է հանուն կրոնի։ 

«Ադրբեջանական հասարակության առանձին խավեր վաղուց արդեն աշխարհիկ չեն։ Այս հանգամանքը լավագույնս ի ցույց դրվեց վերջին օրերին Ադրբեջանում տեղի ունեցած միտինգների ու բողոքի գործողությունների ընթացքում, որի մասնակիցները պահանջում էին Հայաստանի դեմ ռազմական գործողությունների շարունակություն և ինտենսիվացում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նշել է արևելագետը:

Արաքս Փաշայանի դիտարկմամբ, Ադրբեջանի հասարակության առանձին շերտեր՝ թե՛ սուննիական և թե՛ շիայական, կրոնականանում են։ Ադրբեջանում կրոնական նոր ինքնությունների ձևավորումն այլևս անկասելի գործընթաց է։ Վերջին շրջանում Ադրբեջանում տեղի է ունեցել իսլամական վերածննունդ, որի համար նպաստավոր են եղել բազմաթիվ գործոններ` սոցիալական, տնտեսական և քաղաքական, մասնավորապես` ավտորիտար վարչակարգի առկայությունը, խոսքի և դավանանքի ազատության հարցում առկա սահմանափակումները, կրոնական և աշխարհիկ վերնախավերի` միմյանց հետ սերտաճած լինելու հանգամանքը, ինչպես նաև` հետանկախության շրջանին բնորոշ վայրիվերումները, բարոյական, հոգևոր և գեղագիտական արժեքների ձևափոխումները, նոր արժեքների փնտրտուքը և այլն:

Ըստ արևելագետի՝ տասնամյակներ շարունակ Ալիևների կլանը երկրում խեղդել է քաղաքական այլախոհությունը, որի հետևանքով ստեղծված բացը կարող է լցվել իսլամով։ Իսլամական ակտիվությունը վարչակարգի համար ամենավատ սցենարն է, ինչը նշանակում է, որ նաև կրոնական խողովակներով Ադրբեջանի ներքին գործերին կարող են միջամտել Իրանը, Թուրքիան, արաբական երկրները և այլն։ Հետանկախության շրջանում երկրի ազգային անվտանգության կառույցներին տարիներ պահանջվեց, որպեսզի կասեցնի արտաքին կրոնական ներթափանցումների ալիքը, սակայն նման ներթափանցումները կարող են գլուխ բարձրացնել ամեն պահի, եթե վարչակարգի դիրքերը թուլանան, իսկ այդ դեպքում Ադրբեջանը կարող է հայտնվել անվերահսկելի իրավիճակում։ 

Արաքս Փաշայանը հատկանշական է համարում այն, որ ադրբեջանական հասարակության այն խավերը, որոնք կրոնասեր են, իրենց համարում եմ միջազգային իսլամական ընտանիքի կամ ումմայի անդամ։ Մեկ անգամ չէ, որ ադրբեջանական հասարակությունն արձագանքել է միջազգային կարևորություն ունեցող իսլամական խնդիրներին։     

«Եթե վարչակարգի դեմ սկսվեն ցույցեր և բողոքի գործողություններ, մենք ականատես ենք լինելու հարևան երկրում իսլամական գործոնի ակտիվացմանը։  Վերջին օրերին Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարությունը տարածեց մի հայտարարություն, որտեղ քննադատել էր Հայաստանին, նշելով, որ՝ «խստորեն դատապարտում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հարձակումը Ադրբեջանի Հանրապետության Թովուզի շրջանի դեմ»։ 1990-ականներից Իսլամական համագործակցություն կազմակերպությունը, հենվելով բացառապես ադրբեջանական տեղեկատվության վրա, առաջնորդվելով  իսլամական համերաշխության գաղափարներով, ինչպես նաև ունենալով Թուրքիայի ուղղորդումները, աջակցում է Ադրբեջանին։ Սա այն հարթակն է, որտեղ մուսուլմանական երկրները փորձում են միասնական դիրքորոշում ձևավորել ումմային հուզող խնդիրների շուրջ։ Անդամ պետություններին միավորում է իսլամը՝ որպես վերազգային իրողություն»,-նշել է Արաքս Փաշայանն՝ ավելացնելով, որ նման մոտեցմամբ Իսլամական համագործակցություն կազմակերպությունը հերթական անգամ գործում է ոչ անաչառ և կասկածի տակ է դնում իր միջազգային հեղինակությունը: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]