Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Էրդողանի երազանքները խեղդվել են Բոսֆորում. Թուրքիան մարտահրավեր է նետում Եվրոպային

Էրդողանի երազանքները խեղդվել են Բոսֆորում. Թուրքիան մարտահրավեր է նետում 
Եվրոպային

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիական «Le Figaro»-ն գրում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չէր համարձակվի Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածել այն ժամանակ, երբ Անկարայի թեկնածությունը դեռ ԵՄ-ի անդամ դառնալու հարցում հաջողության հույս ուներ։ Այսօր, երբ նրա երազանքները խեղդվել են Բոսֆորում, տաճարն Էրդողանի համար դառնում է միջոց՝ սեփական զայրույթն արտահայտելու Արեւմուտքի դեմ։

Պարզվում է՝ Ստամբուլի 3272-րդ մզկիթը կրում է Սուրբ Սոֆիայի մզկիթ անունը։

Անցած ուրբաթ Թուրքիայի պետական խորհուրդը չեղյալ է համարել հազարամյա պատմություն ունեցող տաճարի թանգարանի կարգավիճակը։ Այդ երկրի նախագահն այժմ կարող է օգտվել այս որոշումից, որպեսզի իրականացնի թուրք իսլամիստների երազանքը՝ կրոնական ու քաղաքական առումով նվաճել Ստամբուլի այս խորհրդանիշը։

Սկսած 537 թվականից՝ Սուրբ Սոֆիայի տաճարը՝ բյուզանդական արվեստի մարգարիտը, 900 տարի եկեղեցի էր մնում։ 1453 թ. թուրք սուլթան Մեհմեդ Երկրորդը Կոստանդնուպոլիսը գրավելուց հետո այն դարձրեց մզկիթ, բայց չավերեց նրա քրիստոնեական ժառանգությունը։ 1934 թ.՝ Օսմանյան կայսրության անկումից եւ հանրապետության ձեւավորումից 11 տարի անց նրա առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքը «տաճարը նվիրեց մարդկությանը»՝ դարձնելով այն թանգարան։ Տասնամյակների ընթացքում Ալլահի ու նրա մարգարե Մուհամմեդի փառքով կլոր սեղանները «հարեւանություն» էին անում Հիսուսի ու Կույս Մարիամի խճանկարների հետ։ Միայն անցած տարի Սուրբ Սոֆիայի տաճար այցելել է 4 մլն մարդ, ինչը ռեկորդ է թանգարանի համար։

Հրաժարվելով իր նախկին որոշումից՝ պետական խորհուրդը որոշում է կայացրել, որ օսմանյան նվաճումներից ի վեր Սուրբ Սոֆիայի տաճարը եղել է Մեհմեդ Երկրորդի հիմնադրամի սեփականությունը, որի կանոնադրությունը երաշխավորում է շենքի օգտագործումը բացառապես որպես մզկիթ, որ հանրապետության հիմնադիր Աթաթյուրքը չպետք է այն վերածեր թանգարանի։

Պետական խորհրդի որոշման թանաքը դեռ չէր հասցրել չորանալ, երբ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրեց հրամանագիր՝ տաճարը կրոնական հարցերի վարչությանը հանձնելու համար, որպեսզի այն բացվի աղոթքի համար։ Դա արդեն շատ շուտով կարող է տեղի ունենալ, երբ շենքը մահմեդական ծեսերի համար անհրաժեշտ տեսքի բերվի։

Պետության ղեկավարի քաղաքական ճամբարում Սուրբ Սոֆիայի գմբեթների տակ վերադարձն իսլամին հին երազանք է, որը գոյություն ունի՝ սկսած այն պահից, երբ տաճարը վերածվեց թանգարանի։ «Սուրբ Սոֆիայի տաճարը նվաճման խորհրդանիշ է»,–ասել է «Ազգային տեսություն» իսլամական շարժմանը պատկանող Անատոլիայի երիտասարդական ասոցիացիայի Ստամբուլի մասնաճյուղի ղեկավար Յունուս Գենչը։ Ի դեպ, Էրդողանը այդ շարժման անդամ է եղել, բայց հետո բաժանվել է դրանից։ «Պատերազմի օրենքով այս շենքը՝ Բյուզանդիայի կայսրի սեփականությունը, դարձավ օսմանյան կայսրի սեփականությունը, - շեշտել է նա։- Մեհմեդ Երկրորդը այն ժառանգություն թողեց մուսուլմանների համար, եւ դա մեզ է պատկանում»։

Թուրքիայի ղեկին եղած 18 տարվա ընթացքում Էրդողանը բավարար ժամանակ ուներ, որպեսզի զբաղվեր տաճարի ճակատագրով։ Նրան նույնիսկ այլ օրգանների որոշումը պետք չէր, որպեսզի Սուրբ Սոֆիան վերածեր մզկիթի. 2018 թ. ուժեղացված նախագահական ռեժիմ ձեւավորելուց հետո բավարար էր մեկ սովորական հրամանը։ Այդ դեպքում ինչո՞ւ նա որոշեց հիմա գործել։

«Իշխանությունները բախվել են վստահության ճգնաժամի,–բացատրել է քաղաքական լրագրող Քեմալ Ջանը։–Դա երեւաց անցած տարի, երբ նրանք պարտություն կրեցին ինքնակառավարման մարմինների ընտրություններում, մասնավորապես՝ Ստամբուլում։ Հենց այդ ընտրություններից առաջ նա անգամ հիշատակեց «Սուրբ Սոֆիայի մզկիթ» արտահայտությունը։ Խնդիրներից մեկն այդ դժվարությունները երկրորդ պլան մղելն է խորհրդանշական առումով շատ ուժեղ քաղաքական քայլերի միջոցով»։

Ինչ էլ որ լինի, հասկանալի է, որ միայն աղոթքը տաճարում բավարար չէ 2023 թ. պլանավորված հաջորդ ընտրություններում հաղթանակ տոնելու համար։ Նրա կարգավիճակը մեծ հետաքրքրություն չի առաջացնում. չնայած թուրքերից շատերը կցանկանային աղոթել այնտեղ, սակայն ավելի կարեւոր առաջնահերթություններ ունեն։

«Այս ամենը քաղաքական շոու է։ Սուրբ Սոֆիայի մզկիթ. դա, իհարկե, վատ չէ, բայց ինձ հաստատ աշխատանք չի տա»,- ասել է գործազուրկ Էրկանը։ Ինչպես նա, թուրքերի 44 տոկոսը կարծում է, որ Սուրբ Սոֆիայի բացումն աղոթքի համար կոչված է շեղել ուշադրությունը ներկայիս տնտեսական ճգնաժամից։ Այդ մասին են վկայում հունիսին «Metropoll»-ի անցկացրած հարցման արդյունքները։ Մոտ 12 տոկոսն ամեն ինչում նախընտրական գործոն է տեսնում առաջիկա հնարավոր վաղաժամկետ ընտրությունների շեմին։ «Քաղաքական առումով նա այստեղ քիչ բան կարող է շահել։ Այս ամենը պայմանավորված է աճող լարվածությամբ ու Արեւմուտքի հետ մրցակցությամբ»,–ասել է լրագրող Քեմալ Ջանը։

Այն ժամանակահատվածում, երբ Անկարայի թեկնածությունը՝ մտնելու ԵՄ-ի կազմ, դեռ ապագա ուներ, Թուրքիայի նախագահը չէր կարող ռիսկի դիմել եւ իսլամացնել Սուրբ Սոֆիայի տաճարը։ Բայց հիմա, երբ նրա գործողությունները Սիրիայում, Լիբիայում ու արեւելյան միջերկրածովյանում արժանանում են Արեւմուտքի քննադատությանը, իսկ Եվրամիություն մտնելու Էրդողանի երազանքները խեղդվել են Բոսֆորում, Սուրբ Սոֆիայի տաճարը դարձավ միջոց՝ «ազատություն տալու» Արեւմուտքի նկատմամբ զայրույթին։

Սուրբ Սոֆիայի տաճարը համառորեն ներկայացվում է որպես «թուրքական պետության սեփականություն» եւ ազգային ինքնիշխանության խորհրդանշան։ Այդ քայլը կատարվում է նաեւ այն բանի գիտակցումով, որ արեւմտյան աշխարհը միաձայն դատապարտելու է Թուրքիային։ Մասնավորապես՝ Աթենքը։ Այդ կերպ Էրդողանն ուզում է Թուրքիային ցուցադրել որպես անկախ երկիր, որը չի վախենում ոչ մեկից ու ոչնչից։ Եվ դա դառնում է նախընտրական գործիք։

Պատրաստեց

Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

Photo by Kareem


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]