Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Եթե չսթափվեն և չդադարեցնեն ագրեսիվ գործողությունները, նրանց կսթափեցնեն մեր Զինված ուժերը. Ռուբինյան

Եթե չսթափվեն և չդադարեցնեն ագրեսիվ գործողությունները, նրանց կսթափեցնեն մեր 
Զինված ուժերը. Ռուբինյան

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը կոչ է անում Թուրքիայի իշխանություններին անհապաղ սթափվել և սթափեցնել իրենց ադրբեջանցի գործընկերներին, հակառակ դեպքում դա կանեն ՀՀ Զինված ուժերը, որոնք ինչպես ցույց տվեցին հուլիսի 12-ի և 13-ի իրադարձությունները, դա անում են շատ լավ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ռուբինյանն այս մասին ասաց արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հարցով ԱԺ հատուկ նիստում իր ելույթում: 

Պատգամավորը հիշեցրեց, որ այն պայմաններում, երբ աշխարհում շարունակվում է տարածվել կորոնավիրուսը, երբ կարծես ամբողջ աշխարհը և բոլոր պետությունները պետք է միավորված պայքարեին համաճարակի դեմ, Ադրբեջանը սադրանքի է դիմել հայ-ադրբեջանական սահմանին: Սա, Ռուբինյանի համոզմամբ, ևս մեկ անգամ ի ցույց է դնում այս երկրի հետադիմական և ռազմատենչ էությունը: Եվ Ադրբեջանի գործողություններին արդեն իսկ հայկական համապատասխան գերատեսչությունների կողմից տրվել է առավել քան պարզ և սպառիչ գնահատական: Սակայն այս համատեքստում Ռուբինյանը խոսեց նաև Թուրքիայի արձագանքի մասին: «Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որով իր անվերապահ աջակցությունն է հայտնել Ադրբեջանին և ըստ էության պաշտպանել է Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները: Սա նշանակում է, որ Թուրքիան իրեն ներկայացնում է որպես՝ ըստ էության Ղարաբաղյան համակարտության կողմ և ևս մեկ անգամ վերահաստատում է այն հանգամանքը, որ Թուրքիան չի կարող որևիցե միջազգային դերակատարում ունենալ, որը կառնչվի Ղարաբաղյան հակամարտությանը»,-ասաց Ռուբինյանը:

Նա նաև նշեց, որ ըստ թուրքական մամուլում շրջանառվող հարցազրույցի՝ Թուրքիայի ԱԳ նախարարը Հայաստանին կոչ է արել սթափվել: «Այս առնչությամբ, ուզում եմ ասել, որ այդ մենք ենք կոչ անում Թուրքիայի իշխանություններին սթափվել, ապա սթափեցնել իրենց ադրբեջանցի գործընկերներին: Որովհետև եթե վերջիններս չսթափվեն և անհապաղ չդադարեցնեն ապօրինի և ագրեսիվ գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին, ապա նրանց կսթափեցնեն մեր Զինված ուժերը, իսկ մեր Զինված ուժերի մոտ, ինչպես ցույց տվեցին հուլիսի 12-ի և 13-ի իրադարձությունները, ստացվում է շատ լավ»,-ասաց Ռուբինյանը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: «Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13: 45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել»,- հայտնել էր ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ հավելելով, որ հայկական կողմից կորուստներ չկան: 

Ավելի ուշ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել հայկական նույն դիրքի ուղղությամբ, որտեղի ժամեր առաջ փորձել էին ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով անցնել հայ-ադրբեջանական սահմանը: «Ադրբեջաբական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Իրավիճակի լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,-հայտնել էր նա: 

Առավոտյան արդեն Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ երկու-երեք ժամվա դադարից հետո հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից Տավուշի ուղղությամբ իրականացվող գործողությունները։ ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների վերաբերյալ զրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ: 

ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների վերաբերյալ զրույց է ունեցել հեռախոսազրույց է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանական զինուժի սադրիչ գործողությունները խստագույնս դատապարտելի են, իսկ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրելու է տարածաշրջանային ապակայունացման անկանխատեսելի հետևանքների ողջ պատասխանատվությունը:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը նախաձեռնել է ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստ, որի ընթացքում կքննարկվի հայ-ադրբեջանկան սահմանին սրված իրավիճակի հարցը:

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը միջազգային կառույցներին է ուղարկել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ուղղությամբ հուլիսի 12-ին և 13-ին ադրբեջանական զինված ուժերի գնդակոծությունների վերաբերյալ առաջին միջանկյալ զեկույցը:

Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ անթույլատրելի է համարում տարածաշրջանային անվտանգությանը սպառնացող հետագա էսկալացիան:


Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]