Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակներ` տասը տաղանդավոր երեխաների

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակներ` տասը 
տաղանդավոր երեխաների

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Տասը շնորհաշատ երեխաներ դարձել են  «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրանց հանձնվել են տարեկան անվանական կրթաթոշակի վկայականներ, յուրքանչյուր ամիս նրանց կփոխանցվի 100 եվրոյին համարժեք դրամ:

«Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, հաշվի առնելով հիմնադրամի առաքելությունները, այս տարվա սկզբին որոշում կայացրեց սահմանել կրթաթոշակ Հայաստանի տաղանդավոր պատանի կատարողների համար։ Երաժշտական դպրոցներում սովորում են բազում տաղանդավոր երեխաներ, և այս կրթաթոշակը, ինչպես նաև հիմնադրամի կազմակերպած այլ ծրագրերը հնարավորություն կտան  երեխաներին կրթվել և հմտանալ իրենց մասնագիտության մեջ՝ բարձրացնելով իրենց կատարողական վարպետությունը: Կազմակերպելու ենք վարպետության դասեր աշխարհի լավագույն պրոֆեսորների և աշխարհահռչակ արտիստների հետ։ Այս կրթաթոշակը սահմանելու հարցում շատ մեծ է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի դերը. հենց նրա օգնությամբ մենք կարողացանք հայթայթել սահմանված կրթաթոշակի համար գումար»,-նշել է հիմնադրամի տնօրեն Աննա Տեր- Հովակիմյանը:

Նա հավելել է, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը  իր ողջ կազմով նույնպես միացել է այս նախաձեռնությանը: «Մենք հնարավորություն ունենք մեր կրթաթոշակառուներին ոչ միայն տրամադրել նվագախմբի բոլոր համերգների տոմսեր, այլև հանդիպումներ կազմակերպել նվագախմբի կողմից Հայաստան հրավիրված հայտնի երաժիշտների հետ, ապահովել նրանց մասնակցությունը նվագախմբի փորձերին, ինչը մեծ փորձ կլինի մեր պատանիների համար»,-ընդգծել է Տեր-Հովակիմյանը:

Նա նաև ափսոսանք է հայտնել, որ այս անգամ մարզային երաժշտական դպրոցների երեխաները չկարողացան ընդգրկվել ծրագրում: «Մրցույթին մասնակցած, բայց ծրագրում չընդգրկված երեխաների համար հիմնադրամը կկազմակերպի կրթական հետաքրքիր նախագծեր, որոնց մասին մենք հիմա ունենք տարբեր քննակումներ։ Ցանկությունը մեծ է, որ մարզերի երեխաներին նույնպես հնարավոր լինի հետագայում ընդգրկել կրթաթոշակի ծրագրում: Մենք պետք է օգնենք մարզերի երեխաներին զարգացնել իրենց կատարողական վարպետությունը»,- տեղեկացրել է հիմնադրամի տնօրենը:

Մրցույթին մասնակցած երեխաները ուղարկել են տեսաձայնագրություններ իրենց կատարումներով, իսկ ընտրությունը կատարել է միջազգային հանձնաժողովը, որի կազմում են աշխարհում ճանաչում ունեցող հայազգի երաժիշտները՝ Էդվարդ Հայրապետյանը (կոմպոզիտոր), Վահագն Պապյանը (Թել Ավիվի Սամուել Ռուբին երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր, դիրիժոր և դաշնակահար), Սուրեն Բագրատունին (Միչիգանի պետական համալսարանի երաժշտական քոլեջի պրոֆեսոր, թավջութակահար) և Բորիս Ալլախվերդյանը (Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր, կլարնետահար)։

Մրցույթին մասնակցել են 85 երեխա, որոնցից ժյուրին ընտրել է 10 առավել տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների: Ահա նրանք.

Բոյաջյան Դավիթ Հարությունի, ջութակ, Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց,

Անիսիմովա Ասյա Իգորի, ջութակ, Երևանի Պ. Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոց,

Հակոբյան Մարի Արմանի, թավջութակ, Երևանի Պ. Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոց,

Հեքեքյան Հայկ Տիգրանի, հոբոյ, Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց,

Գասպարյան Տիգրան Արմենի, հոբոյ, Երևանի Ստ. Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոց,

Տոնոյան Դավիթ Արայիկի, ֆագոտ, Երևանի Պ. Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոց,

Գալստյան Սաթենիկ Արտյոմի, գալարափող, Երևանի Պ. Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոց,

Առաքելյան Միհրան Աշոտի, շեփոր, Երևանի Ռ. Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ,

Դավթյան Սամվել Կարենի, տրոմբոն, Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց,

Սարգսյան Գուր Գոռի, դաշնամուր, Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց:

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը,  որն իր գործունեությունը սկսել է 2019 թվականից, սահմանում է «Երաժշտություն հանուն ապագայի» տարեկան անվանական կրթաթոշակ 10-16 տարեկան տաղանդավոր երիտասարդ երաժիշտների համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]